Կարծում եմ նորմալ է, երբ քաղաքական թիմը աշխատում է և ընտրությունների ժամանակ այդ աշխատանքը ներկայացվում է որպես թիմի աշխատանք, հենց դրանով է քաղաքական թիմ: Նման պատասխան տվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանն այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողները նկատեցին, որ Տիգրան Ավինյանի աշխատանքը որպես փոխքաղաքապետի՝ ժամանակից շուտ ներկայացվել է քարոզարշավում:
«Կարծում եմ ցանկացած ընտրություններից հետո՝ անկախ նրանից, թե որքան ձայն է հավաքել կուսակցությունը, հետևություններ պետք է անել: Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է, որ ընտրություններին քիչ մասնակցություն գրանցվեց, քաղաքական ուժերն այնպես պետք է քարոզարշավ անցկացնեն, որպեսզի քաղաքացիներին մոտիվացնեն գնալ ընտրատեղամաս: Նրանք պետք է ավելի շատ ծրագրային դրույթներով հանդես գային, ոչ թե միմյանց մեղադրեին, որը քաղաքացիներին չի հետաքրքրում»,-ասաց Գլջյանը` խուսափելով ուղիղ պատասխան տալ, որ իրենց քաղաքական թիմի հանդեպ վստահության նվազում է գրանցվել:
Գալջյանը պնդեց, որ իրենց քաղաքական թիմն այս ընտրություններում ամենաշատ ձայներն է հավաքել: Նա կարծում է, որ իրենց իշխանության օրոք անընդհատ ազատ, արդար ընտրություններ են տեղի ունենում ու չի հասկանում, թե ինչումն է իրենց քաղաքական ուժի մեղքը, որ քաղաքացիներն աննախադեպ պասիվություն ցուցաբերեցին Երևանի ավագանու ընտրություններում:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ