«Ինձ համար շատ տարակուսելի է, որ պարոն Կարապետյանը աշխարհասփյուռ հայությանը դիմել է ռուսերենով։ Նաեւ հայերենո՞վ է դիմել, շատ լավ է։ Այդտեղ մեկնաբանելու բան չկա»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությանը։
«Դուք լուրջ ակնկալում եք, որ ես պետք է պատասխանե՞մ այդ հարցին։ Դուք մեր սահմանների վիճակի մասին կարող եք ուղղակի ժամանակագրությունը նայել, թե երբ ինչ է տեղի ունեցել։ Ե՞ս պետք է ասեմ՝ ում հրամանով ինչ է եղել կամ ում հրամանի բացակայությամբ ինչ է եղել։ Ես այդքան չէի ցանկանա այդ հարցերի մասին հիմա խոսել։ Ես էլ կարող է հարցեր տալ նախկին նախարարին։ Ուզում եք հիմա մենք տեսախցիկների առջեւ քննարկենք, թե ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ով ո՞նց է կատարել իր գործառույթը։ Այդ հարցը վիրավորում է իմ բանականությունը, ՀՀ սահմանները պաշտպանելու համար որեւէ մեկը չի կարող պաշտոնանկ արվել։ ՀՀ սահմանները պատշաճ պաշտպանելու համար մարդիկ ստանում են խրախուսում, կոչում, մեդալներ եւ գովասանք»,- ասաց Եղոյանը։
Անդրադառնալով Արշակ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն է Ադրբեջանին խնդրել, որպեսզի Ռուբեն Վարդանյանին Հակարի կամրջի մոտ ձերբակալեն, Եղոյանն ասաց․ «Դա ցնդաբանություն է ուղղակի, ամոթ է նույնիսկ։ Եթե մարդիկ հույս ունեն, որ նման ցնդաբանություններով պիտի քաղաքականություն մտնեն, ես չգիտեմ ինչ ասեմ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ