2023 թ.-ի հոկտեմբերի 4-ին Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելը մարդասիրական օգնություն է փոխանցել Հայաստանի իշխանություններին՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստան գտած փախստականների կարիքները հոգալու համար և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ Զվարթնոց միջազգային օդանավակայանում հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որի տեքստը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Այսօր Լեհաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանին։ Մենք հասկանում ենք, թե որքան բարդ է իրավիճակը տեղում։ Մեծ մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից Հայաստան փախչող ավելի քան հարյուր հազար հայ փախստականների։
- Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ քայլեր են ձեռնարկել ապաստան, բժշկական օգնություն և ֆինանսական աջակցություն ապահովելու գործում։ Միաժամանակ՝ այս երևույթի մասշտաբներն այնքան ահռելի են, որ այլ երկրներ որոշեցին օգնել։ Մենք ցանկանում ենք այս դժվարին պահերին հայտնել Լեհաստանի աջակցությունը Հայաստանին։
- Լեհաստանն՝ ի նշան սոլիդարության ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեցող հայերի, այսօր տրամադրում է առարկայական օգնություն, այդ թվում՝ 10 տոննա պարեն և 200 ճամբարային մահճակալ՝ ծածկոցներով։
- Ավելին, ի պատասխան ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների հրատապ կարիքների վերաբերյալ դիմումին, Լեհաստանը հատկացնում է 200,000 ԱՄՆ դոլար։
- Մեր արագ արձագանքը պետք է ընկալվի նաև որպես բարեկամության ժեստ։ Լեհաստանը և Հայաստանը սերտ հարաբերությունների երկար պատմություն ունեն, և մենք չէինք կարող մեր ընկերներին կարիքի մեջ թողնել առանց կոնկրետ օգնության այս դժվարին պահին։
- Լեհաստանն արդեն մարդասիրական աջակցություն տրամադրել է Ղարաբաղում հակամարտությունից տուժած անձանց․
- 2021-2022 թվականներին Լեհաստան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ֆինանսավորել է երկամյա «Կառուցենք տներ, ոչ պատերազմին» բարեգործական ծրագիրը, որն նպատակաուղղված է Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած տների վերականգնմանը և Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով վիրավորում ստացած անձանց վերականգնմանը։ Ծրագիրն իրականացվել է Հայկական Կարիտասի հետ համատեղ՝ 220․000,00 ԱՄՆ դոլար բյուջեով։
- Մենք նաև բժշկական սարքավորումներ և շարժասայլակներ ենք տրամադրել Հայաստանի բժշկական հաստատություններին։ 2020 թ․-ին մենք 100․000 շվեյցարական ֆրանկ ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում Միջազգային Կարմիր Խաչի նախաձեռնությունների համար։
- Իմ այստեղ գտնվելու նպատակն է նաև ցույց տալ, որ Լեհաստանն աջակցում է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների և ԵՄ–ի հետ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերում: Լեհաստանն ըմբռնում է այդ նկրտումները և պատրաստ է աջակցել։ Այդ առումով սատարելու ենք ոչ միայն երկկողմ համագործակցության շրջանակներում, այլև Եվրամիության ֆորումում։
- Այժմ ամենակարևորը Հայաստանում ներքին կայունության ապահովումն է՝ թույլ տալով շարունակել բարեփոխումներն ու խաղաղ գործընթացը։ Մենք կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը և կանխել հետագա բռնության էսկալացիան։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակման հիմքը Հայաստանի և Ադրբեջանի անվիճելի տարածքային ամբողջականությունն է։
- Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ներքին կայունությանը և մաղթել ներկա դժվարությունների արագ հաղթահարում՝ հանուն ավելի լավ ու խաղաղ ապագայի։
- Լեհաստանը մշտապես հանդես է եկել հայ–ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Խաղաղությանն այլընտրանք չկա։ Լիահույս ենք, որ հակամարտությունը շուտով կավարտվի և Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության համաձայնագիրը»:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանություն