Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ստեղծելու բռնի տեղահանվածների վերադարձի պայմաններ. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

Հոկտեմբեր 05,2023 12:50

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության բռնի տեղահանմանը զուգահեռ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության խոսքի, վախի և սպառնալիքի շարունակական աճի հետ կապված՝ Ադրբեջանից պահանջելով վերջ տալ հակահայկական, կրոնական և ռասայական խտրականության զազրելի քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային հանրությունից պահանջելով հավուր պատշաճի և ժամանակին ուշադրություն դարձնել արձանագրված խնդրին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ստեղծելու համապատասխան պայմաններ 1988-1991-ի, 2020-ի և 2023-ի փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի, ապահով և արժանապատիվ կենսապայմանների և քաղաքակիրթ գոյակցության ապահովման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո տեղաբնիկ հայությունը ենթարկվեց բռնի տեղահանման, որն իրականացավ անմարդկային պայմաններում՝ սննդի, փոխադրամիջոցների անբավարարության, և որ առավել սարսափելի է, ռազմական մշտական սպառնալիքի ուղեկցությամբ։

Ադրբեջանական քարոզչամեքենան անգամ այս պայմաններում շարունակում է հայերի նկատմամբ ատելության խոսքի քարոզը։ Սոցիալական ցանցերում տարածվում են պետական պատվերով արված ձայնագրություններ և տեսահոլովակներ, որոնք իբրև ցույց են տալիս ադրբեջանցիների բարյացկամ վերաբերմունքը հայերի նկատմամբ: Սա աներկբայորեն արվում է միջազգային հանրությանը մոլորեցնելու, արված վայրագությունները թաքցնելու, պատասխանատվությունից խուսափելու և աշխարհին քաղաքակիրթ երևալու համար։

Սակայն հարց է առաջանում․ եթե իրապես ճշմարտացի է ադրբեջանցիների ողջախոհ վերաբերմունքը հասարակ հայերի նկատմամբ, ապա ինչո՞ւ որևէ հայ չցանկացավ մնալ ադրբեջանական վերահսկողության տակ, ինչո՞ւ են բռնի տեղահանվածները սահմանն անցել զենքի սպառնալիքով՝ սեփական կյանքի նկատմամբ ապահովության տարրական պայմանների բացակայությամբ։ Սրանք հարցեր են որոնց պատասխանը մեկն է․ Ադրբեջանի վերջնական նպատակը Լեռնային Ղարաբաղը հայազրկելն է, ինչպես որ հայաթափվել են Նախիջևանը, Բաքուն, Սումգայիթը, Շաքին, Գանձակը և այլ հայաշատ բնակավայրեր։

Ավելի քան երեսուն տարի է, ինչ մենք՝ ադրբեջանական ագրեսիայի ենթարկվածներս, չենք կարողանում վերադառնալ մեր բնակության նախնական վայրեր, ստանալ փոխհատուցում, վերականգնել մեր քաղաքացիական իրավունքները, որի միակ պատճառը Ադրբեջանում հայատյացության աներևակայելի բարձր մակարդակն է։ Այս ցեղասպան գործելակերպը, որը վերջին հարյուրամյակում մի քանի անգամ դարձել է կոտորածների, տեղահանության, հայրենազրկման զազրելի պատճառ, պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից ողջ խստությամբ՝ ապագայում դրա հերթական կրկնությունը բացառելու պայմանով։

Մենք պահանջում ենք Ադրբեջանից վերջ տալ հակահայկական, կրոնական և ռասայական խտրականության զազրելի քաղաքականությանը։ Պահանջում ենք միջազգային հանրությունից հավուր պատշաճի և ժամանակին ուշադրություն դարձնել արձանագրված խնդրին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ստեղծելու համապատասխան պայմաններ 1988-1991թ․, 2020թ․ և 2023թ․ փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձի, ապահով և արժանապատիվ կենսապայմանների և քաղաքակիրթ գոյակցության ապահովման համար, որովհետև ի վերջո քաղաքակրթությունը պետք է պաշտպանի իր իսկ ստեղծողներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031