Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանվածները վաղվանից կստանան 100 հազար դրամ աջակցությունը․ գործադիրը որոշումը հաստատեց

Հոկտեմբեր 05,2023 12:46

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին միանվագ 100 հազար դրամ աջակցություն տրամադրելու մասին որոշումը։

Աջակցության համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 8 մլրդ դրամ՝ 80 հազար շահառուների համար։

Որոշման նախագծում նշված է, որ ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանվել են շուրջ 100,652 անձ: Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21,195, հաշվառված անձանց թիվը՝ 91 924:

Ըստ այդմ, ինչպես նշված է նախագծում, միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի 10 մլրդ դրամ 100,652 շահառուի համար, որից 8 մլրդ դրամն է առաջարկվում հատկացնել կառավարության պահուստային ֆոնդից:

Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց՝ ծրագրի շահառուները սեպտեմբերի 24-ից հետո բռնի տեղահանվածներն են։ Աջակցությունից օգտվելու համար անձը պետք է հաշվառված լինի ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։

Նախարարը եւս մեկ անգամ հորդորեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հնարավորինս շուտ հաշվառվեն 60-ից ավելի համայնքներում տեղակայված տարածքային հումանիտար կենտրոններում․ «Նաեւ՝ ապագա ծրագրերի համար հաշվառումը կարեւոր է, որ հաշվառվեն եւ բանկերում թարմացնեն իրենց քարտային տվյալները»։

Նախարարի տեղեկացմամբ՝ ովքեր ունեն բանկային քարտեր, կարիք չունեն նորից բանկ գնալու, ովքեր չունեն քարտեր, պետք է դիմեն ցանկացած բանկ (բացի Մելաթ եւ Ֆաստ բանկերից), որտեղ անվճար քարտ կստանան․ «Ապա ԿԲ-ն նախարարությանը կփոխանցի միասնական սոցիալական ծառայության տվյալներն ու կսկսենք վճարել։

Եթե անձը ունի մի քանի բանկային քարտ, դրամական աջակցությունը կփոխանցվի վերջին ակտիվ քարտին, այսինքն` այն քարտին, որով վերջին գործարքն է արվել»։

Նրանք, ովքեր չունեն անձնագրեր, անձը հաստատող փաստաթղթեր, պետք է դիմեն ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն, որտեղ անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որից հետո կարող են դիմել բանկ ու բացել քարտային հաշիվ ու ստանալ աջակցությունը։

«Կարող ենք ունենալ դեպքեր, երբ որոշ դժվարություններ կլինեն։ Օրինակ՝ 70 տարին լրացած անձը կամ 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք աջակցությունը կարող են «Հայփոստից» կանխիկ եղանակով ստանալ, ըստ անհրաժեշտության՝ նաեւ փոստատարի միջոցով»,-ասաց Մկրտչյանը։

Քանի որ աջակցությունը տրամադրվում է նաեւ անչափահասներին, ապա նախարարը տեղեկացրեց՝ միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների հարթակում առանձին հատուկ հարթակ կգործի․ «Մեր հայրենակիցները կարող են իրենց անչափահասների մասին տեղեկատվությունն այնտեղ մուտքագրել, որից հետո ծնողներից մոր կամ օրինական ներկայացուցչին դրամական աջակցություն կտրամադրվի։ Կամ կարող են մոտենալ միասնական ծառայության տարածքային կենտրոններ, այնտեղ նրանց կտրամադրվի խորհրդատվություն եւ աջակցություն տվյալները մուտքագրելու համար»։

Այդ առցանց հարթակում, ինչպես ներկայացրեց նախարարը, պետք է ներբեռնել երեխայի ծննդյան վկայականի պատճենը, այն սոցծառայութան կողմից կնույնականացվի ԿԲ-ից ստացած տվյալների հետ, եւ կփոխանցվի երեխայի ծնողի հաշվեհամարին։

Վճարումները, նախարարի վստահեցմամբ, սկսվելու են վաղվանից, երկուշաբթի օրվանից գործընթացն ավելի մեծ ծավալի վճարումներ կլինեն։

Նշենք, որ նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իսպանիայի Գրանադա քաղաք՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031