Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախում ստեղծված իրավիճակից հետո Ադրբեջանը կարծում է, որ իր պահանջների ծավալը կարող է մեծացնել»․ Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 05,2023 11:54

«Վերջին օրերին կային որոշակի սպասումներ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրման վերաբերյալ։ Շատերի մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման խնդիրը կամ խոչընդոտը եղել է Արցախը, եւ Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո այդ հարցը փաստացի լուծվել է։ Բայց Հայաստան-Ադրբեջան չակերտավոր «խաղաղության պայմանագիրն» ընդգրկում է մեծ թվով խնդիրներ, որոնք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խնդիրներ էին առաջացնում ու խոչընդոտում էին այդ պայմանագրի ստորագրմանը»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը նշեց, որ առաջին հիմնական խնդիրներից մեկը սահմանների դելիմիտիացիա-դեմարկացիայի հետ կապված գործընթացն է, որի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները բավական տարբերվում են։ Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն այս ընթացքում փորձել է առաջ բերել տարբեր կեղծ քարտեզներ, չի ուզում հիմք ընդունել մեկ քարտեզ, առաջ է բերում սկզբունքներ, որոնք որեւէ ձեւով իրականությանը չեն համապատասխանում եւ բանակցային հիմքում չեն կարող լինել։

«Երկրորդը, դա կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցերն են։ Ադրբեջանը սրա տակ փորձում է առաջ մղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հանգամանքը։ Եվ այս թեման եւս մեծ խոչընդոտներ է ստեղծում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Արցախի հարցն այս ժամանակահատվածում միայն կեղծ ձեւով է առաջ բերվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Իրականում Արցախի հարցում կար կոմպրոմիս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ։ Դրա արտացոլումը հատկապես վերջին 1-1,5 տարիներին Հայաստանի իշխանությունների հնչեցրած հայտարարություններն էին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։ Արցախի պատերազմը, բռնի տեղահանությունը այս իրավիճակում որեւէ լիցքաթափում չեն բերել։ Եվ այն իրավիճակը, որը մենք ունենք ռազմաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում, շարունակում է մնալ բավական ծանր»,- հավելեց նա։

Անդրադառնալով Գրանադայի հանդիպման չեղարկմանը եւ հարցին, թե սա կարո՞ղ է լարվածությունը մեծացնել սահմաններին, Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Ադրբեջանի քաղաքական ախորժակը, հատկապես Արցախի հետ կապված այսպիսի հանգուցալուծման պայմաններում, էականորեն բարձրացել է։ Եվ Ադրբեջանը փորձել է օգտվել ստեղծված իրավիճակից, քաղաքական, ռազմական առավելությունից, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված խիստ լարված հարաբերությունները, ստանալ ավելին։ Կարծում եմ՝ Ադրբեջանը երկու խնդիր է փորձում այս պահին լուծել՝ Թուրքիային դարձնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացի լիարժեք մաս, դրանով ավտոմատ կերպով ավելացնել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում։ Երկրորդ՝ Ադրբեջանը կարծում է, որ այս պահին փորձում է վերանայել նաեւ իր մոտեցումները, նաեւ պահանջները, որոնք 44-օրյա պատերազմից հետո ձեւավորվել ու ներկայացվել են Հայաստանի իշխանություններին։ Արցախում ստեղծված այս իրավիճակից հետո Ադրբեջանը կարծում է, որ իր հնարավորությունները եւ իր պահանջների ծավալը կարող է մեծացնել։ Սա երկու տեսանկյունից մեզ համար սպառնալիքներ է ստեղծում։ Առաջինը՝ հասկանալի է, որ բանակցային գործընթացում ճնշումներն էական մեծանալու են, երկրորդը՝ ակնհայտ է, որ սա ադրբեջանական քաղաքականությանը հարիր ձեւով ուղեկցվելու է նաեւ ուժի կիրառման սպառնալիքներով։ Այս իրավիճակում չպետք է բացառել, որ առաջիկա ժամանակահատվածում հնարավոր մասշտաբային գործողությունների համար նոր դաշտ կձեւավորվի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031