Երեկ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է. «Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 հոգի զոհվեր։ Դրանից ոչ մի բան չէր փոխվելու։ Իմ խնդիրը եղել է անել հայտարարություն, որ որևէ մեկի գլխից մազ չպակասի։ Ուրախ եմ, որ գուցե իմ հայտարարության շնորհիվ 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ եկել, հասել են ՀՀ»: Սա ասել է՝ անդրադառնալով իր իսկ հայտարարությանը, թե Արցախի քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում: Հասկանում եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանը իր իսկ աղետաբեր քաղաքականությունը որոշել է որպես լավություն «սաղացնել» բոլորիս վրա: Թե բա՝ իմ հայտարարության շնորհիվ: Ճիշտ նույն կերպ, երբ խոսում էր 30 հազար զինվորի կյանք փրկելու մասին:
Ուղղակի դեռ պետք է հասկանալ՝ այդ ի՞նչ հաշվարկներ են, ինչպե՞ս է ստացել այդ 300 թիվը, որոնց նա «փրկել» է: Մի հարցում նա ճիշտ է՝ 105 հազարից ավելի արցախցիներ բռնագաղթել, հայրենազուրկ են դարձել նաև իր հայտարարությունների, գործողությունների կամ անգործության արդյունքում: Սակայն ոչ թե «շնորհիվ», այլ պատճառով: «Լավության» թեման, սակայն, սրանով չի ավարտվում: «Վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ-ն ԼՂ-ին մեկ միլիարդ դոլարից ավելի ֆինանասվորում է ապահովել։ Իմ վերլուծությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղն այս ընթացքում՝ բլոկադայից առաջ և ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի ունեցել։ Ես չեմ ասել, որ չենք միջամտելու Ղարաբաղում ռազմական գործողություններին, ես ասել եմ, որ ռազմական գործողությունների մեջ նպատակը ՀՀ-ին ներքաշելն է, և մենք չենք ներքաշվելու։ Բայց մենք քաղաքական աջակցություն ենք ցուցաբերել ԼՂ-ին», – ասաց նա։
Որևէ կասկած չկա, որ նույն տոնայնությամբ, աչքն անգամ չթարթելով՝ վաղն էլ ասելու է՝ մենք այսքան գումար ենք հատկացրել Հայաստան եկած արցախցիներին, տունուտեղ ենք տվել: Ասեք, որ հանճարեղ է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։