Լրահոս
Օրվա լրահոսը

«Դերակատարներն իրենք էլ են ուզում, որ դերակատարները փոխվեն։ Լավ օրից չէ, որ նույն մարդիկ են հայտնվում բեմում»․ Սերժ Սրապիոնյան․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 05,2023 10:12

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ձեւավորած Ազգային կոմիտեն, որի կազմում են Իշխան Սաղաթելյանը, Վազգեն Մանուկյանը, Ավետիք Չալաբյանը, Հայկ Մամիջանյանը եւ Անդրանիկ Թեւանյանը, մեր տեղեկություններով, լուծարվում է՝ կոմիտեի անդամների տարաձայնությունների պատճառով։ Վազգեն Մանուկյանը պատրաստվում է նոր կոմիտե ձեւավորել` ապակուսակցական կազմով: Հավանական անդամներից մեկը գրականագետ Սերժ Սրապիոնյանն է, ում մի քանի հարց ուղղեցինք։

Ինչո՞ւ ընդդիմադիրների սկսած պայքարը հաջողություն չունեցավ, գոնե՝ առայժմ։

– Ես կարծում եմ, որ կոմիտեն շատ հապճեպ ձեւավորվեց՝ ժողովրդական ցասումի ալիքի վրա․ նրանք չունեին այդ շարժումն առաջնորդելու հստակ ծրագիր։ Երբ բարձրացան հարթակ եւ խոսեցին, արդեն պարզ էր, որ 5 հոգանոց կոմիտեի ուժը չէր պատելու՝ տարերային շարժում ղեկավարելու համար։ Անհրաժեշտ էր կոմիտեի կազմում ընդգրկել տարբեր մարդկանց, տարբեր մտածողների, հասարակության մեջ հայտնի մարդկանց։ Հստակ գործողությունների ծրագիր պետք է լիներ։ Փողոցներում մարդկանց արթնացնելու շարժումը ճիշտ քայլ էր, բայց տեւեց մի քանի օր։ Այս պահին էլ կոմիտեում ընդգրկված մարդիկ չգիտեն, թե կտրուկ գործողություն ասելով՝ ժողովուրդն ինչ նկատի ուներ․ պարալիզացնե՞լ կառավարության աշխատանքը, գրո՞հը, անհնազանդությո՞ւնը։ Նրանք չկարողացան կազմակերպել համազգային անհնազանդություն, մարզերը չարթնացրին։ Մարդն իր աթոռին հանգիստ նստած՝ սպասում է, թե երբ է մարելու շարժումը։ Նույնիսկ Արցախի դե ֆակտո ցեղասպանությունը, բռնազավթումը, բռնագաղթը չարթնացրին ժողովրդին։

Հայրենիքի փրկության, Դիմադրության շարժումը, Ազգային կոմիտեն ղեկավարել են նույն մարդիկ, որոնց հետեւից քաղաքացիները չեն գնում։ Դերակատարների փոփոխության անհրաժեշտություն չե՞ք տեսնում, թե՞ դերակատարները կապ չունեն, մարդիկ անտարբեր են սեփական հայրենիքի ու ճակատագրի նկատմամբ։

– Դերակատարներն իրենք էլ են ուզում, որ դերակատարները փոխվեն։ Լավ օրից չէ, որ նույն մարդիկ են հայտնվում բեմում։ Վազգեն Մանուկյանը մեծ ճանապարհ անցած մարդ է։

Ինչպե՞ս ձեւավորվեց Ազգային կոմիտեն, ովքե՞ր են որոշել կազմը։

– Սովորական ընդդիմադիրներս չգիտենք, թե ովքեր ինչ որոշումներ են կայացրել, որն է լինելու հանրահավաքի օրակարգը։ Երբ հայտարարվում է կոմիտեի կողմից, որ կազմը կընդլայնվի եւ կթարմացվի, հաջորդ հանրահավաքին անուններ կհնչեցվեն, ու չեն հնչեցվում այդ անունները, երբ ժողովուրդը պահանջում է լիդերի անուն, ասենք՝ Նիկոլը գնաց, ո՞վ է գալու, իսկ նրանք «ով»-ին դեռ չեն գտնում, այդ շարժումը դատապարտված է տապալման։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031