Այս սեզոնին բնորոշ սուր շնչառական վիրուսային վարակները սկսում են ամրապնդել իրենց դիրքերը, ինչի առթիվ մենք, անդրադառնալով բոլորիս արդեն քաջ հայտնի հիվանդություններին, կփորձենք առանձնացնել շնչառական վարակների տարբերություններն ու առանձնահատկությունները։
Ռեսպիրատոր-սինցիտիալ (RՏ-վիրուսային) վարակը, գրիպն ու քովիդ-19-ը ունեն նմանատիպ ախտանշաններ, ասենք՝ հազը, ջերմությունը և այլն, սակայն դրանք նաև տարբեր դրսևորումներ ունեն, օրինակ՝ քովիդ-19-ը ազդում է համի ընկալման վրա, իսկ RՏ-վիրուսային վարակը նվազեցնում է ախորժակը։ Այս շնչառական վարակների առաջացման պատճառներն ու բուժման եղանակները ևս տարբեր են․ ահա թե ինչու է կարևոր դրանց տարբերակումը։
Գրիպի ախտանշանները
Գրիպի (հարուցիչը՝ օրթոմիքսովիրուսներ) ախտանշանները, սովորաբար առաջանալով հանկարծակի, կարող են լինել ինչպես թեթև, այնպես էլ ծանր։ Ջերմությունը հաճախ է համարում բնորոշ ախտանշան, սակայն այն միշտ չէ, որ բարձրանում է գրիպով հիվանդների մոտ։ Հիմնական ախտանշաններն են՝
Կարդացեք նաև
- ընդհանուր թուլություն,
- ցավ ակնագնդերում,
- մկանահոդացավեր,
- լուսավախություն,
- արցունքահոսություն,
- կոկորդում քերոցի զգացում,
- չոր հազ,
- քթահոսություն, ձայնի խռպոտություն և այլն։
Քովիդ-19 ախտանշանները
Քովիդ-19-ի (հարուցիչը՝ կորոնավիրուսներ) ախտանշանները սովորաբար արտահայտվում են վիրուսի հետ շփումից 2-14 օր անց։ Իրականում քովիդ-19-ի ախտանշանները բոլորի մոտ տարբեր են՝ թեթևից մինչ կենսականորեն վտանգավոր աստիճանի։
Քովիդ-19-ի ծանր ախտանշանները ներառում են՝
- դժվարաշնչություն,
- ծայրահեղ հոգնածություն,
- մաշկի գունատություն, կապտավուն շրթունքներ,
- ցավ կրծքավանդակի շրջանում։
Այս ախտանշանները անհապաղ բժշկին դիմելու ցուցում են։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնից, այս տարի Հայաստանում շրջանառվում են XBB.1.5 (Կրակեն), XBB.1.16 (Արկտուրուս) տարբերակները, ինչպես նաև առաջին անգամ հայտնաբերվել է EG.5 (Էրիս) տարբերակը: Նոր ենթատեսակի ախտանշանները նույնն են՝ հազ, փռշտոց, հարբուխ, գլխացավ, մկանացավ և այլն։
Ռեսպիրատոր-սինցիտիալ վարակի ախտանշանները
Ռեսպիրատոր-սինցիտիալ վարակի (հարուցիչը ԶՏ-վիրուսն է) ախտանշանները սովորաբար սկսվում են վիրուսի հետ շփումից 4-6 օր հետո։ Սովորաբար դրանք աստիճանաբար են դրսևորվում, այլ ոչ թե միանգամից։ Հիվանդության 2-3 օրերին հայտնվում են շնչական անբավարարության երևույթներ՝ հևոց, շնչառական դժվարություններ, ասթմային ախտանիշներ և այլն։
Այս վարակը հիմնականում թեթև ընթացք է ունենում, բայց և կարող է վերաճել ավելի լուրջ հիվանդության, օրինակ՝ թոքաբորբի։
Շատ փոքր երեխաների շրջանում RՏ-վիրուսային վարակը տարբեր դրսևորումներ ունի, հաճախ միակ ախտանշանը դժվարացած շնչառությունն է, ակտիվության ու ախորժակի նվազումը, նյարդայնությունը։
Այս վարակը շատ վտանգավոր է մինչև 6 ամսական երեխաների ու տարեց մարդկանց համար։ Եթե երեխան դժվարությամբ է շնչում, հեղուկ չի խմում ու գնալով վատանում է, անհապաղ պետք է դիմել բժշկին։
Բուժումը
Շնչառական վարակների ճիշտ ախտորոշումը գրագետ բուժման հիմքն է, իսկ հիշյալ վարակների ախտորոշման մեթոդները բավականին հասանելի են մեր երկրում։
Գրիպի բուժումը
Երբ հարցը գրիպին է վերաբերվում, լավագույն տարբերակը հիվանդության կանխարգելումն է․ գրիպի դեմ պատվաստումը վարակի տարածումը կանխելուն ուղղված կարևոր քայլ է։
Գրիպի դեմ բուժումը խորհուրդ է տրվում սկսել ախտանշաններն ի հայտ գալուն պես՝ առաջին երկու օրվա ընթացքում։
Գրիպի ծանր ախտանշաններ ունեցող կամ ռիսկի ավելի բարձր խմբում գտնվող պացիենտներին բժիշկը կարող է հակավիրուսային որոշ դեղամիջոցներ նշանակել։ Գրիպից ապաքինումը սովորաբար մի քանի օրից մինչև 2 շաբաթ է տևում, որոշ դեպքերում հնարավոր են լուրջ բարդություններ, որոնք կարող են վտանգավոր լինել կյանքի համար։
Քովիդ-19-ի բուժումը
Քովիդ-19-ի կանխարգելման համար պատվաստումն առաջնային քայլերից մեկն է։ Մարդկանց մեծամասնության դեպքում հիվանդությունն անախտանիշ կամ թեթև է ընթանում, սակայն փոքր չէ նաև բարդությունների զարգացման հավանականությունը։
Քովիդ-19-ի բուժման համար սովորաբար կարևորվում են հետևյալ քայլերը՝
- ցավազրկողների ու ջերմիջեցնողների ընդունում,
- շատ հեղուկի օգտագործում,
- հանգստի ռեժիմ։
Բարդացած քովիդի բուժումն իրականացվում է բժշկի հսկողության ներքո և կարող ներառել հակաբիոտիկներ ու այլ դեղամիջոցներ։
Ապաքինման ժամանակահատվածը խիստ անհատական է՝ կախված մի շարք գործոններից։ Երբեմն անգամ հիվանդության թեթև ընթացքից հետո պահպանվում են երկարաժամկետ ախտանշաններ՝
- հոգնածություն,
- հազ,
- հևոց,
- ցավ կրծքավանդակում,
- հոդացավ,
- ստամոքսի հետ կապված խնդիրներ,
- նյարդաբանական խնդիրներ։
Այս վիճակը հայտնի է որպես հետքովիդային համախտանիշ կամ երկարատև քովիդ։
Ռեսպիրատոր-սինցիտիալ (RՏ-վիրուսային) վարակի բուժումը
Դեռևս ոչ մի դեղամիջոց, ինչպես նաև պատվաստանյութ չի երաշխավորվել այս վարակի բուժման համար։ Եվ մինչ մշակվում են համապատասխան հակավիրուսային դեղամիջոցներն ու պատվաստանյութերը, շնչառական այս վարակի բուժումը ենթադրում է ախտանշանների վերացում՝
- ցավազրկողների ու ջերմիջեցնողների ընդունում,
- շատ հեղուկի օգտագործում։
Վերականգնման շրջանը սովորաբար 1-2 շաբաթ է տևում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը տեղեկություններ է ներառում հետևյալ աղբյուրից՝ Medical News Today