Լրահոս
Օրվա լրահոսը

Հակադրվել մարդակերությանը

Հոկտեմբեր 05,2023 10:00

Արցախը զավթած թշնամին գերի է վերցրել այդ հանրապետության նախկին ղեկավարներին: Ըստ երեւույթին, հենց դա նկատի ուներ Սամվել Բաբայանը, երբ Երեւան հասնելուն պես, լծվելով ՀՀ իշխանությունների քարոզչությանը, հայտարարել էր, որ այդ մարդիկ պետք է կանգնեն դատարանի առաջ. թերեւս նա նկատի ուներ ադրբեջանական դատարանը: Բայց այդ քարոզչությունը տարվում էր այն ժամանակ, երբ Արցախի ղեկավարները դեռեւս գերեվարված չէին: Հիմա նրանք թշնամու բանտում են՝ մի երկրի բանտում, որտեղ արդարադատության եւ մարդու իրավունքները հարգելու որեւէ հույս չկա:

Ինչպիսի՞ն պետք է լինի նորմալ մարդու, առավել եւս՝ հայ մարդու արձագանքն այդ իրադարձություններին: Նա պետք է, կարծում եմ, ցավ զգա: Բայց տեսեք, ինչ է կատարվում «սոցցանցային իրականության» տիրույթում: Այդ լուրի տակ նորմալ մարդկանցից մեկը գրել է՝ «ցավալի է»: Բայց դրանից հետո գործին է խառնվում իշխանությունների «ֆեյքերի ֆաբրիկան», որի մեկնաբանությունների տոնայնությունը հետեւյալն է՝ «inchn e cavali sranq qochi talanchnern en»:

Սա ես համարում եմ մեր ամենահիմնական խնդիրներից մեկը: Այդ խնդիրը միայն քաղաքական չէ՝ դա ազդանշան է, կարելի է ասել՝ խորհրդանիշն է մեր հասարակության աղետալի հիվանդության: Այս իշխանությունները վաղ թե ուշ գնալու են, մահացու թույն սրսկող «ֆեյքերի ֆաբրիկան» փակվելու է, եւ, հուսամ, նոր իշխանությունն իր «ֆաբրիկան» չի բացի: Ենթադրենք նաեւ, որ մինչեւ նրանց գնալն ինչ-որ հրաշքով կպահպանվի հայկական պետականությունը՝ չնայած այս պահին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ «կոնսենսուս» կա՝ այդ պետականությունը Փաշինյանի ձեռքերով կործանելու:

Բայց եթե անգամ այս քաղաքական խնդիրները լուծվեն, ովքե՞ր են բուժելու մարդկանց պղտորված, թունավորված հոգիները: Ես այստեղ տեսնում եմ մտավորականների աշխատանքի հսկայական դաշտ: Եվ այդ աշխատանքը պետք է անել այսօր: Կարեւոր չէ, թե քանի հոգի է դիտում կամ «լայքում» մեր ասածները՝ մենք պարտավոր ենք պարզ, մարդկային, նաեւ ազգային արժեքները հակադրենք համացանցում գերիշխող մարդակերությանը:

…Բրեդբերիի հայտնի վեպում, երբ հասարակության եւ պետության հիմնական գործը գրքերն այրելն է, ստեղծվում է մի գաղտնի հանրություն, որի անդամներն իրենց հիշողության մեջ տարբեր գրքերից որոշակի հատվածներն են պահում: Դա պետք է գալու, երբ այս ամբողջ մղձավանջը կվերջանա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ձուկը ոչ միայն գլխից է հոտում, ձուկը գլխից նաեւ առողջանում է: Մեր քաղաքական հասարակական ուժերը վերջերս համատեղ միջոցառում էին կազմակերպել, դա առողջացման սկիզբն է, ձուկը տվյալ դեպքում ոչ թե գործող կառավարությունն է, այլ մեր քաղաքական հասարակական ուժերի ռազմավարական դաշինքն է ռազմավարական խնդիրների շուրջ: Կառավարությունները լինում են պահպանողական կամ հետադիմական կամ էլ զարգացող՝ կառավարության որակը կախված է հենց քաղաքական ուժերի ռազմավարական գոյաբանական հարցերի շուրջ միավորվելու որակից եւ ինչքան շուտ մեր քաղաքական հասարակական ուժերը միակ ազգային ռազմավարական դաշինք ստեղծեն, այնքան արդյունավետ կերպով կստիպեն կուղղորդեն գործող կառավարությանը միանալ իրենց ռազմավարական դաշինքին: Անչափահաս կուսակցությունները ռազմավարությունը մարտավարությունից չեն տարբերում, ռազմավարությունը միակն է բոլորի համար, իսկ մարտավարությունը՝ այդ միասնական ռազմավարությունն իրականացնելու սեփական մարտավարությունն է, որն առաջարկվում է ընտրությունների ժամանակ ընտրողների դատին եւ իշխանության գալուց իրացվում է հենց այդ մարտավարությունը, բայց ռազմավարությունը սրբություն է եւ եթե գործող կուսակցությունը խախտում է այդ ռազմավարությունը, նա կամ հրաժարական է տալիս, կամ էլ դատի են տալիս եւ հեռացնում իշխանությունից: Այսպիսով, մեր քաղաքական հասարակական ուժերի ռազմավարական դաշինքը պետք է ունենա իր քաղաքական դատարանը, որտեղ քննվեն գործող եւ ընդդիմադիր ուժերի հակառազմավարական հակադաշինքային հանցանքները: Եւ հստակեցրեք, ո՞րն է ազգային ռազմավարության դրույթները եւ որ դրույթներն է խախտում այսօրվա գործող կառավարությունը: Լյուստրացիան սկսեք ինքներդ ձեզնից՝ ռազմավարական դաշինքի մեջ մտնելու համար լյուստրացիան անպայման է:

  2. Հ. Շ. says:

    Յաճախ ձեր խմբագրականները ինծի համար օգտակար եղած են, որ անդրադառնամ էական զանազանութիւն՝ ընդհանրապէս համացանցային եւ յատկապէս virtual, իբրեւ թէ * ընկերային * ցանցերի կեղծ ու անիմաստ իրականութեան, եւ իրական իրականութեան միջեւ:

    Թերեւս ես լաւ չեմ տեսնում այս համացանցային ֆեյքերի խնդրի տարողութիւնը, լաւ չեմ չափում դրա վտանգը, ժողովուրդի * խելքին հետ խաղալու * խնդրին առնչութեամբ… Բայց կը կարծեմ թէ այդքան ալ մեծ խնդիր մը չէ: Վնաս մը կայ, հաստատ: Այս խնդիրը ազդակ մըն էր՝ 2018ի պետական յեղաշրջումին յաջողութեան մէջ, բայց ատիկա արդէն լրիւ aberration մըն էր: Սակայն հիմնական եւ իրական գետնի վրայ, այն անձերը որոնք կրնան լրջօրէն ազդուիլ այդ ֆեյքերի գործունէութիւնից, կամ նոյնիսկ իսկական արարածների չար, թունաւոր, հիւանդագին արտայայտութիւններից Համացանցի տարածքին, նրանցից լրջօրէն ազդուող անձը, որեւէ դէպքում, ի՞նչ նշանակալից օգտակարութիւն կրնայ ունենալ Հայ Ազգին, Հայութեան, Հայաստանի եւ Արցախի համար: Անոնք ապրում են լրիւ մի այլ, անգոյ *աշխարհում*:

    Կ’ընդունիմ սակայն որ կրնամ յատկապէս սխալ ըլլալ, այս նիւթին մէջ: Ես, սմարթֆօն չունեմ… երբեք չեմ ունեցած, եւ չեմ ունենալու… խլխլած ֆլիփ-ֆօն մը ունիմ, որ ընդհանրապէս մարած կը պահեմ: Կը միացնեմ հազուադէպ պարագաներու, անմիջական ընտանիքիս հետ հաղորդակցելու համար միայն: Թեքսթի հնարաւորութիւնը չեմ գնած իսկ:

  3. Nimar says:

    Սոցիալական ցանցերից տեղեկատվություն ստանալը նման է աղբի տեսակավորմանը։ Կամավոր ընտրելով նման գործունեություն (կամ կախվածություն)՝ չպետք է զարմանաք ոչ տհաճ հոտից, ոչ էլ մարդկային թափոններից։ Ինչու՞ սկանավորել աղբը, եթե կան պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031