Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրադ Հակոբյանը հայկական ռազմապարերին ու մարտապարերին որձաքարի ամրություն հաղորդեց

Հոկտեմբեր 05,2023 12:00

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, ազգային եւ միջազգային 200-ից ավելի մրցույթների եւ փառատոների մրցանակակիր, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ Գլխավոր շտաբի «Սարդարապատ» պարի պետական անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր պարուսույց Մուրադ Հակոբյանը օրերս կնքեց իր մահկանացուն։

Պարուսույցն իր ողջ կյանքն իսկապես անմնացորդ նվիրել է պարարվեստին եւ հատկապես ռազմական պարարվեստին։ Դեռեւս խորհրդային բանակում ծառայության ընթացքում նա որպես բանակային պարային անսամբլի արտիստ, ելույթներով հանդես է եկել խորհրդային տարածքի զորամիավորումներում, իսկ զորացրվելուց հետո Մուրադ Հակոբյանը Սպայի տանը հիմնում է «Աստղիկներ» պարախումբը, որը նույնպես մասնակից է բազմաթիվ փառատոների։ 1991թ. Հայաստանի անկախացումից հետո, երբ 1992-ին կազմավորվում է հայկական բանակը, Սպայի տան պարախումբը գործնականում մասնակցում է 90-ականների արցախյան հերոսամարտի գրեթե բոլոր մարտերին՝ պարային ծրագրերով, մարտական ամենաթեժ կետերում։ Այս պահին մտաբերում ենք Երեւանի օպերային թատրոնում «Արցախյան հերոսամարտ» պարային ներկայացումը, իսկ 1994-ից հետո, երբ հարաբերական անդորր էր երկրում, սպարապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ 1995թ. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համակարգում ձեւավորվում է «Սարդարապատ» ռազմապարերի եւ մարտապարերի անսամբլը՝ Մուրադ Հակոբյանի ղեկավարությամբ։

Անսամբլի գործունեությունը նոր թափ ստացավ խաղաղ պայմաններում, որի ընթացքում «Սարդարապատը» ներկայացավ բազմաթիվ նոր ծրագրերով՝ մասնակցելով պետական, կառավարական, ազգային ու միջազգային միջոցառումներին։ Պետք է առանձնացնենք անսամբլի մասնակցությունը միջպետական բանակային ստեղծագործական խմբերի փառատոներին, որտեղից գրեթե միշտ վերադառնում էին Մեծ մրցանակներով։ Ընդ որում, անսամբլը տարին երկու անգամ հանդես էր գալիս հանդիսատեսի առջեւ՝ իր տեսակի մեջ բացառիկ խոշորամասշտաբ ներկայացումներով, որոնք, առանց վարանելու, կարող ենք ասել, որ հատուկ են բալետարվեստին։

Մի բան էլ. վերջիններս իրականացնելու նպատակով բալետմայստերը թատերային-սցենարական բեմադրական լուծումների համար մշտապես համագործակցում էր ռեժիսոր Լեւոն Իվանյանի հետ։ Նրանց համատեղ ծրագրերը՝ մի քանի տասնյակից ավելի, ներկայացվել են օպերային թատրոնի բեմում, Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում, որը պարախմբերի համար համարվում է յուրահատուկ բեմ, քանի որ այն ժամանակին կառուցվել է աշխարհի տարբեր երկրների պարերի գիտակ Իգոր Մոիսեեւի անսամբլի ելույթների համար։ Զրույցներում Մուրադ Հակոբյանը չէր մոռանում նշել ճանաչված այդ անսամբլի մասին, ասելով, թե իր «կումիրն» է։

Ճանաչված պարուսույցի ստեղծագործական գործունեության մասին էլ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով կապվեցինք Լեւոն Իվանյանի հետ։ «Մենք միասին բազմաթիվ պատասխանատու ծրագրեր ենք իրականացրել, հատկապես կուզեի շեշտել «Արցախյան հերոսամարտ» եւ «Գոյամարտ» խոշորամասշտաբ ներկայացումները։ Գիտեք, Մուրադի մասին խոսելիս պետք է անպայման շեշտել, որ ի դեմս նրա՝ հայկական պարարվեստը որձաքարի ամրություն ստացավ, պարային մտածողությունն էլ թատերային մեծ մասշտաբայնություն ձեռք բերեց։ Պետք է նշեմ, որ Մուրադն այնքան իմաստուն գտնվեց, որ ստեղծեց պարային դպրոց-ստուդիա։ Շեշտեմ, որ իր կողքին մշտապես որդին էր՝ Էդգարը, եւ վստահ եմ, որ նա արժանիորեն կպահպանի ու, ինչու ոչ՝ կզարգացնի հոր տղամարդկային, խոշորամասշտաբ թատերային մտածողությամբ պարային ինքնատիպ արվեստը»,- փոխանցեց պարոն Իվանյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031