Նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշումը մեծ քննադատության է արժանացել:
Սոցցանցերում քննարկվում էր, թե միջին կարգի ունակություններ ունեցող Գրիգորյանը ինչպես է Հայաստանում գործող գործակալական ցանցերը բացահայտելու կամ այլ երկրներում մեր գործակալական ցանցերը ներդնելու:
Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանի կարծիքով, գործող իշխանությունները հենց միջինից ցածր ունակություններ ունեցող մարդկանցով են մինչեւ հիմա տարբեր պաշտոններ համալրել, հետեւաբար, այս նշանակումը նորություն չէր:
«Այսօր երկրի ղեկավարը նույնիսկ միջինի չի ձգում, մենք ինչից ենք խոսում: Իմ մոտեցումը սա է, ես ոչնչի վրա չեմ զարմանում: Հիմա տեսնում եմ իմ բազմաթիվ ենթակաների, որոնք մի կերպ էին յոլա տանում, մի կերպ էին աշխատում էին, այսօր եսիմ ինչ պաշտոններ են զբաղեցնում: Իհարկե, իրենց մեջ կան նաեւ գրագետ տղաներ, բայց դեռ իրենց ժամանակը չէր, բայց կան մարդիկ, որոնք մի կերպ, զուտ էթիկայից ելնելով չէի ասում՝ դիմումդ գրի, ռադ եղի, գնա: Բայց այսօր տեսնում եմ՝ ուր են տանում, հասցնում: Ամեն ինչ այդ կոնտեքստի մեջ եմ ընկալում, ինձ համար զարմանալի ոչ մի բան չկա, այս մարդիկ երկիրը կործանել, քաշվել են մի կողմ»,- ասաց Ասլանյանը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման անհրաժեշտություն, կարիք ամենեւին չկար էլ. «Դրա անհրաժեշտություն չկար, սա հերթական ֆիկցիան է լինելու: Հերթական ձեւական գործառույթներ ունեցող ձեւական մարմինը: Ազգային անվտանգության ծառայությունը իր հետախուզության, հակահետախուզության ծառայություններով, համապատասխան ստորաբաժանումներով լիարժեք կերպով երկար տարիներ կարողացել է էդ ամբողջ ռիսկերը կրել: Հիմա, եթե այսօր մենք խնդիր ունենք այդ ծառայության հետ, փորձում ենք նոր ծառայություններ ստեղծել եւ այլն, խնդիրը պետք է փնտրել ոչ թե ծառայությունների մեջ, այլ այսօր իրականացվող կադրային քաղաքականության մեջ: Եթե ոչ կոմպետենտ, ոչ գրագետ կադրերով համալրում ենք այդ ծառայությունները, անկախ նրանից, թե դա կկոչվի Արտաքին հետախուզության ծառայություն, թե Ազգային անվտանգության ծառայություն, միեւնույնն է արդյունք չի լինելու: Ներքին գործերի նախարարությունը նույն կերպ ավելորդություն արվեց, այդ ավելորդությունները վերագրում եմ այս իշխանությունների ոչ կոմպետենտ լինելուն: Մեր երկրի ընդհանուր իրավիճակի մի մասնիկն է սա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ