Արդեն 6104 երեխաներ գրանցված են կրթական հաստատություններում: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Արագածոտնում կրթական համակարգում գրանցվել է 306, Արարատում՝ 943, Արմավիրում 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում 1033, Շիրակում 216, Վայոց Ձորում 108, Տավուշում 158, Երեւանում 2048 երեխաներ:
Նրա խոսքով, երեխաներին անվճար հիմունքներով տրամադրվում են դասագրքեր, ապահովվում են գրենական պիտույքներով:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ մեկնարկում է ուսանողների աջակցության ծրագիրը, կարգավորել են ուսանողների տեղափոխման հարցը Հայաստանի ուսումնական հաստատություններ, քննարկվելու է կրթաթոշակի հարցը, դրա չափը որոշվելու է վարձավճարի չափին համապատասխան:
Կարդացեք նաև
Նախարարը նշեց, որ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են աշխատանքի ընդունվել առանց մրցույթի: «Ուսուցիչների հավաքագրումն իրականացվելու է հետևյալ կերպ. մենք հավաքագրել են տեղեկատվությունը բոլոր թափուր տեղերի մասին, որ կան մեր դպրոցներում: Ընդհանուր առմամբ, ունենք 1790 ուսուցչի թափուր հաստիք, որից 1450-ը ուսուցչական է, որոնք խմբավորված են ըստ մարզերի և ըստ առարկաների: Էլեկտրոնային հարթակում հասանելի կդառնա այս տեղեկատվությունը, որտեղ արդեն յուրաքանչյուր ուսուցիչ կկարողանա պարզ մուտք գործելու կանոններով, այսինքն՝ որևէ փաստաթուղթ չի պահանջվի, մուտք գործել և ընտրել հասանելի թափուր տեղերից որևէ մեկը»,-նշեց Անդրեասյանը:
Ուսուցիչները հետագայում կարող են չեղարկել և ևս մեկ անգամ այլ դպրոց ընտրել աշխատանքի անցնելու համար, եթե բնակավայրի փոփոխություն է լինելու:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին Արցախից բռնի տեղահանված 100 632 անձանցից Հայաստանում հաշվառվել է 98.216 անձ: Նրա խոսքով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 59.300 հայտ է ստացել բռնի տեղահանված անձանցից, որտեղ նշվում են նրանց առաջնային կարիքները։ Բացի այդ, այսօրվա դրությամբ առողջապահության առաջնային կազմակերպություններում կցագրվել է շուրջ 8000 անձ։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ