Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը. ԱՄՆ սենատոր

Հոկտեմբեր 04,2023 22:17

«Ամերիկայի ձայն» – ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ, դեմոկրատ Բեն Քարդինի գրասենյակն այսօր տարածել է սենատորի հայտարարությունը՝ կապված Ադրբեջանին ու Հայաստանին ամերիկյան` ներառյալ ռազմական օգնության տրամադրման մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր ԱՄՆ սենատոր Բեն Քարդինը` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու և Ադրբեջանի հետ ռազմական օգնության և անվտանգության ոլորտում համագործակցության վերագնահատման անհրաժեշտության վերաբերյալ:

«Մոտ մեկ տարվա սարսափելի շրջափակումից հետո նախագահ Ալիևն ի վերջո ռազմական ուժ կիրառեց` Լեռնային Ղարաբաղի շրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար՝ փաստացի վերացնելով այնտեղից (Լեռնային Ղարաբաղի) հայ բնակչությանը և (տեղի) հարուստ պատմությունը: Աշխարհը շարունակում է պայքարել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների համակարգված, միտումնավոր արշավի դեմ: Պետք է առաջնահերթություն տանք տեղահանված հայերին աջակցելուն, ինչպես նաև Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն:

Առաջ շարժվելով՝ պետք է քայլեր ձեռնարկենք՝ երաշխավորելու, որ Ադրբեջանը ռազմական առավելություն չստանա` տարածքային նվաճումների նպատակով: Սա ներառում է նաև ռազմատենչ հռետորաբանության դատապարտումը: Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ այն չի դադարեցրել այս դաժան արշավը։ Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը նաև պետք է վերահաստատեն հանձնառությունը ռազմական հանցագործությունների և վայրագությունների փաստագրմանը, ինչպես նաև շարունակեն աջակցել ռազմագերիների ազատ արձագման ջանքերին, որոնցից շատերին Ադրբեջանը շարունակում է պահել կալանքի տակ:

Վերջապես, մենք պետք է մեր համերաշխությունը հայտնենք հայ ժողովրդին, հատկապես, երբ Ադրբեջանը և Թուրքիան ուշադրություն են սևեռել Զանգեզուրի միջանցքի հնարավոր բացման ուղղությամբ։ Պետք է մեծացնենք մարդասիրական աջակցությունն այն էթնիկ հայերին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը։ ԱՄՆ-ը նաև պետք է շարունակի աջակցել ժողովրդավարական բարեփոխումներին, որոնք Հայաստանի ղեկավարությունն ձեռնարկել է նախորդ տարիներին, ներառյալ այն ջանքերը, որոնք միտված են թափանցիկության խթանմանը, արդյունավետ կառավարմանը և ավելի լայնորեն Միացյալ Նահանգների ու Արևմտյան Եվրոպայի հետ տնտեսական համագործակցությանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031