Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հայրենակիցներին տեղավորում ենք հյուրանոցներում՝ զուգահեռ չկանգնեցնելով զբոսաշրջային կյանքը»․ Շիրակի մարզպետ

Հոկտեմբեր 04,2023 21:55

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում  բնակարանների վարձավճարների թանկացումը զսպելու, սեփականատերերին հասկացնելու, որ չի կարելի հարստանալ հայրենիք, տուն-տեղ կորցրած, զրկանքներ կրած արցախցիների հաշվին, դա առնվազն անբարոյականություն է։

Նկատենք, որ դեռ մեկ ամիս առաջ, երբ Գյումրու ծայրամասային նորակառույց «Մուշ» թաղամասի երկու սենյականոց բնակարանների  համար վարձավճար սահմանվում էր ամսական 60-70 հազար դրամ, սա արդեն իսկ թանկ  էր թվում, իսկ հիմա այդ նույն բնակարանների վարձավճարը նվազագույնը տատանվում է 100-120 հազար դրամի սահմաններում։

Չենք խոսում այն մասին, որ որոշ առանձնատների ընդամենը մեկ սենյակը 200 հազար դրամով է առաջարկվում։ Ականատես ենք եղել նման մի զրույցի, երբ տանտերը նշում էր, թե առանձնատնից վարձով կտա ընդամենը մեկ սենյակ՝ 200 հազար դրամով, մյուսների դռները կկողպի։

Ինչևէ, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասաց․ «Տեսեք, ես աշխատանքային հանդիպում եմ ունեցել հյուրանոցա-հյուրատնային համալիրների գործադիր տնօրենների կամ հենց սեփականատերերի հետ։

Գիտենք, որ Գյումրիում այսօր լավ պայմաններով հյուրանոցները կամ հյուրատները տրամադրվում են 15-20 հազար դրամ ՝ միջին արժողությամբ, բայց ես խնդրել եմ, հորդորել եմ, թե հարգելի հայրենակիցներ, սա էլ կլինի ձեր կողմից քայլ մեր քույրերին և եղբայրներին ընդառաջելու, նաև պետության կողքին լինելու։ Խնդրել եմ ու իմ խնդրանքը չի մերժվել, ընդհանուր միջին գին ենք սահմանել․ 12 հազար դրամ հյուրանոցներում՝ ներառյալ երեքանգամյա սնունդը։

Համաձայնության ենք եկել, իսկ ինչ մնում է առանձնատներին կամ բնակարաններին, առանց այն էլ վերջին շրջանում թանկացումներ նկատվել էին,  զբոսաշրջային քաղաք լինելուց զատ, մենք ունեինք Հայաստանի Հանրապետություն դրսից եկած ու ժամանակավոր բնակություն հաստատած քաղաքացիներ, որոնք վարձակալում են բավականին բարձր սակագներով։

Բնակարանային շուկան արդեն իսկ ուներ վարձավճարի բարձրացման տենդենց, աճ, բնական է, շուկայական հարաբերություններ են, բայց ես խնդրել եմ մեր համաքաղաքացիներին չմտածել վերջին օրվա նման կամ այնպիսի գին սահմանել․․․ Բա էլ ե՞րբ ենք  մենք  մեր հյուրընկալ գյումրեցու կերպարը ի ցույց դնելու։ Մշտապես հանդիպում եմ, հորդորում, խնդրում, ինչու չէ նաև պահանջում եմ, որ լինեն զիջող,  չմտածեն էդ մի քանի դրամը, որ պետք է ավել կորզենք, դրանով եղանակ է փոխվելու։

Եղանակ կփոխվի այն ժամանակ, երբ մեր հայրենակիցներն ունենան իրենց մշտական բնակության վայրերը։ Միշտ եմ հանդիպում ու  խոսում այս թեմայով, իհարկե, լինում են դեպքեր, երբ բացառիկ գներից են խոսում, բայց բանակցելով՝  հասնում ենք ոսկե միջինին, վերցնում ենք  այն տները, որոնք կառավարության, պետության վրա ավելի քիչ գումար են նստում,  բայց միևնույն ժամանակ կենցաղային պայմանները բարվոք են, միաժամանակ սննդի հարցն ենք լուծում։ Իմ ուշադրության կենտրոնում է։

Զուգահեռ մտածում ենք՝ պետք չէ կանգնեցնել զբոսաշրջային կյանքը, քանի որ հյուրանոցներն ու հյուրատներն այս պահին էլ պահանջարկ ունեն, այս պահին էլ ամրագրումներ կան, շղթայված աշխատում ենք, ամբողջ տեղեկատվությանը տիրապետում ենք, գիտեք, որ ասենք՝  արտերկրից 5-10 մարդ ցանկանում են գալ Գյումրի։ Մենք այդ պրոցեսն էլ  չպիտի կանգնեցնենք, երբ 1-2 անգամ մերժում է լինում, արդեն մտածում են՝ այստեղ գա՞լ, թե՞ չգալ։

Մենք համաչափության սկզբունքը, որ որդեգրել ենք, պահում ենք,  մեր համար առաքելություն է»,- ասաց մարզպետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031