Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստան տեղափոխված անչափահասների թիվը մոտ 30 հազար է։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Առաջնահերթ էր կացարանի, բուժօգնության ու սննդի հարցերի կարգավորումը։ Բայց դրանից անմիջապես հետո մեր հայրենակիցները դիմում են դպրոցական կրթությունը շարունակելու համար։ Եվ կարծում եմ, որ այս օրերին սա մեր առաջնահերթ խնդիրներից մեկը կլինի։ Այս պահին արդեն հաշվառված քաղաքացիների տվյալներից պարզ է, որ այստեղ են գտնվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 30 հազար անչափահասներ։
Նրանցից շուրջ 8000-ը նախադպրոցական տարիքի երեխաներ են, մնացածն արդեն դպրոցական տարիքի երեխաներ են, որոնց մենք պետք է ամբողջությամբ ընդգրկենք մեր կրթության համակարգ։ Արդեն այս պահին շուրջ 5000 երեխաներ ընդգրկված են մեր դպրոցներում, եւ ամեն ժամ մենք ունենք փոփոխություն, որովհետեւ դա անընդհատ տեղի է ունենում։ Վստահ եմ, որ վաղը թվերը մի քանի հազարով կավելանան, եւ առաջիկա օրերին մենք ամբողջությամբ կփորձենք երեխաներին ընդգրկել համակարգ»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ նաեւ ապահովվում է հոգեբանական աջակցության գործընթացը, ինչպես նաեւ լուծվում են դասագրքերով ու գրենական պիտույքներով ապահովման խնդիրները։ Անդրեասյանի խոսքով՝ ուսանողական կրթության շարունակականությունը նույնպես կարեւոր է։ «Մենք առաջիկայում կներկայացնենք կրթաթոշակային աջակցության ծրագիրը, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր ուսանողներին շարունակել իրենց կրթությունը մեր հաստատություններում։ Կլուծենք նաեւ ֆինանսական խնդիրը, որպեսզի մեր ուսանողները չունենան որեւէ խնդիր իրենց կրթությունը շարունակելու համար։ Եվ կրթաթոշակը կտրամադրվի այն տրամաբանությամբ, որ ուսանողը կարողանա ընտրել բուհը»,- հավելեց նա։
Ըստ նախարարի՝ բռնի տեղահանված ուսուցիչների համար եւս կիրականացվեն ծրագրեր։ Անդրեասյանն ասաց, որ Հայաստանի դպրոցներում կա 1790 ուսուցչի թափուր տեղ, որոնք կարող են զբաղեցնել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները։ Նրանք կկարողանան առանց մրցութային ընթացակարգի գործուղվել տվյալ դպրոց։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ