Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր նախատեսվում ստորագրել Գրանադայում․ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց

Հոկտեմբեր 04,2023 20:04

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ չի կայանալու Գրանադայի հանդիպումը, ի՞նչ էր նախատեսվում ստորագրել, իրո՞ք խնդիրը ձեւաչափն ու միջնորդներն են, ինչի մասին հայտարարել է Ալիեւը։

«Անշնորհակալ գործ է այս իրավիճակում գնահատականներ տալը, որովհետեւ գնահատականները որոշակի ազդեցություն են ունենալու իրավիճակի վրա։ Ամեն դեպքում կարծում եմ՝ այսօր կարեւոր խնդիր է, որ մենք կարողանանք այնպես անել, որ խաղաղ գործընթացը շարունակվի եւ շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա։ Ընդ որում, այդ սկզբունքների մեջ ոչ մի նոր բան չկա, դրա մասին բոլորը գիտեն։ Այդ սկզբունքներն արձանագրված են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը հետեւած հայտարարության մեջ, որն արել է ԵՄ նախագահ Շառլ Միշելը»,- ասաց նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ սկզբունքները հետեւյալն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, երկրորդ, Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք՝ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար։ «Ընդ որում, շատ կարեւոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի եւ համաձայնություն ձեռք բերվի, թե որ քարտեզների հիման վրա է արվելու դեմարկացիան եւ դելիմիտացիան։ Մեր կարծիքն այն է, որ դա պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չէ, որ մեր այդ դիրքորոշումը շատ կարծր է։ Օրինակ՝ 1975 թվականից հետո էլ են եղել քարտեզներ, որոնք մեծ հաշվով նույնի վերարտադրությունն են»,- ասաց նա։ Եվ երրորդ սկզբունքն այն է, որ կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքի վրա։

«Ես կարծում եմ, որ անկախ միջնորդների նկատմամբ ունեցած դիրքորոշումներից, եթե Ադրբեջանը հրապարակային ձեւով այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում մենք կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումն ընդամենը կարճ ժամանակի հարց է։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները, ասելով, որ խաղաղության գործընթացին համաձայն են, չեն վերահաստատել իրենց հավատարմությունն իմ նշած սկզբունքներին, ինչը կասկածներ է առաջ բերում, որ իրականում նրանք խաղաղություն ասելով՝ նկատի ունեն իրենց որոշակի ենթադրյալ նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո։ Այսինքն՝ եթե միջնորդներին դնենք մի կողմ եւ երես առ երես խոսենք Ադրբեջանի հետ, ի՞նչն է խանգարում այդ խոսակցությանը։ Այս երեք սկզբունքների նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումների անհստակությունը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ վերահաստատում է հայկական կողմի հավատարմությունը այդ երեք սկզբունքներին։ Փաշինյանն ասաց, որ այդ երեք սկզբունքները նախատեսված էին փաստաթղթում, որը պետք է ստորագրվեր Գրանադայում։ «Ընդ որում, ես ոչ միայն կստորագրեի, այլեւ ժողովրդին վստահ կդիմեի, կասեի, որ մենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհի մոտ 70 տոկոսն անցել են, ընդ որում, 70 ամենադժվար տոկոսը»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031