Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ Արցախը հայաթափվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մեղսակցության հետեւանքով. «Դուք սկզբում ճանաչեցիք Արցախն Ադրբեջանի կազմում, հետո իբր սկսել եք բանակցել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության համար, ապահովեցի՞ք: Չապահովեցիք: Երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց, դուք ձեզ դրել էիք միջազգային դիտորդի տեղ, ասացիք՝ Արցախում քաղաքացիական անձանց վտանգ չի սպառնում, այն նույն ժամանակահատվածում, երբ մեր հայրենակիցները՝ կապույտ անձնագիր կրող, էթնիկ զտման էին ենթարկվում: Հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱԳ նախարարի դեմքին ցույց տվեցին»:
Նա ասաց, որ պատմության դասագրքերում գրվելու է՝ Արցախն ընկավ Նիկոլ Փաշինյանի օրոք, ինչքան էլ նա փորձի մեղքը ուրիշների վրա բարդել. «Ես հասկանում եմ, որ սրանով Արցախ հետ չենք բերի, որ պատմական ողբերգության այս ֆոնին դուք ատրճանակը ձեր քունքին չեք դնի, բայց պատմության համար սա պետք է արձանագրվի: Հիմա ինչ-որ անկախության համար շարժում եք սկսել. ՀՀ-ն 30 տարի անկախ է եղել, դուք միակ մարդն եք, որ մեր անկախությունը հարցականի տակ եք դրել: Դուք մեր անկախության թշնամին էլ եք, ինքնիշխանության թշնամին էլ եք: Մեր անկախությունը, ինքնիշխանությունը պետք է փրկել նախեւառաջ ձեզանից»: Աննա Գրիգորյանն ասաց, որ պատասխան չի ակնկալում, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց արձագանքել. «Նախ, պատմությունը լավ չգիտեք: Ասում եք՝ հազարամյա պատմության մեջ Արցախը առաջին անգամ հայաթափվել է: Արցախն առաջին անգամ չի հայաթափվել, եթե պատմությունը իմանայիք, դա չէիք ասի: Արձանագրենք ձեր պատմության չիմացությունը, մնացած հետեւությունները համարում եմ այդ չիմացության հետեւանք»:
Աննա Գրիգորյանը հակադարձեց. «Պատմության չիմացությունից դո՞ւք եք խոսում: Ամբողջ հայ ժողովուրդը ականատես է եղել ձեր եւ Իլհամ Ալիեւի բանավեճին, որտեղ խայտառակ արձանագրումներ եք ունեցել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի պատմության վերաբերյալ: Ես հիմա ձեզ նայում եմ եւ հարց է առաջանում ձեր հոգին փառավորվա՞ծ է այս իրականությամբ, դուք չե՞ք հասկանում, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ ձեզանից բան պահանջելու ունի, ինչի՞ց եք նեղվում: Լա՞վ եք զգում հիմա Արցախը չլինելով, թոթափեցի՞ք էդ բեռը: Հիմա ամբողջ աշխարհին եք թշնամի դարձել, երկու թշնամին հերիք չէր, մի հատ էլ թշնամի եք ձեռք բերում՝ անունը դնելով՝ անկախության ենք գնում»:
Նա առաջարկեց Փաշինյանին տանել Սյունիքի մարզի Ներքին հանդ գյուղ, որը երեք կողմերից շրջափակված է ու մարդիկ չեն կարողանում իրենց երեխաների, ծնողների գերեզման գնալ:
Կարդացեք նաև
Փաշինյանն արձագանքեց. «Լավ, հերիք չի՞ Սյունիքի մարզին հղում անեք: Էդ հղումների ճակատագիրն էլ տեսանք: Էդ որ ասում եք՝ ապացուցեք, ապացուցեք՝ ապացուցեցինք: Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի թալանը ապացուցեցինք, հիմնավորեցինք, դուք ձեզ փառավորվա՞ծ եք զգում, որ էդ կոպեկների հետեւից եկել հայտնվել եք էս դահլիճում ու հիստերիկ կրիզի նոպաներ եք ցույց տալիս»: Տեղից Աննա Գրիգորյանը սկսեց բղավել, պատասխանել, Փաշինյանը հունից դուրս եկավ. «Եկեք ձեզ տանեմ հեսա կասեի, հա…մի հատ դուք հանգստացեք, մյուս անգամ էդ բառապաշարով չկրկնեք: Ընդդիմադիր պատգամավորները տեղից սկսեցին աղմկել, Սեյրան Օհանյանը հարցրեց՝ «ասեք, ի՞նչ ա պետք»: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կանխեց հասունացող կռիվը՝ հորդորելով երկու կողմերին տեղից չխոսել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ