Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ հարցին, որ Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԱԳԱՏԵ-ին հուշագիր է հղել՝ պահանջելով հետևողական լինել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի աշխատանքների առնչությամբ:
«Ինչքան էլ ատոմակայանն իսկապես շատ բարդ ենթակառուցվածք է, էներգետիկ կարեւոր ենթակայան, բայց ատոմակայանների հետ կապված գործընթացները բավական պարզ ու հստակ են։ Այսինքն՝ կան չափորոշիչներ, կա կայան, եւ կան կոմիտեներ, խմբեր, մասնագետներ, որոնք պետք է փաստեն՝ այդ կայանը համապատասխանում է չափորոշիչներին, որից հետո կորոշվի՝ կաշխատի, թե՞ չէ։ Եվ ես պետք է վստահեցնեմ, որ 1993 թվականից սկսած մեր ատոմակայանում իրականացվել եւ շարունակում են իրականացվել բազմաթիվ ծրագրեր ու աշխատանքներ՝ ատոմակայանի անվտանգ ու առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքն ապահովելու ուղղությամբ։ Այս պահին մեր ատոմակայանն ունի մինչեւ 2026 թվականը աշխատելու լիցենզիա։ Որոշ ուղղություններով ունի մինչեւ 2031 թվականն աշխատելու լիցենզիա։ Եվ վերջերս կառավարություն ընդունեց եւս մեկ որոշում, առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք աշխատանքներ, որոնք արդեն նախանշված են, որպեսզի ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի 2026 թվականից մինչեւ 2036 թվական»,- ասաց Գնել Սանոսյանը։
Նա հավելեց, որ ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել, բազմաթիվ սարքավորումներ ու համակարգեր փոխվել են։ «Եվ ես մեկ-մեկ ասում եմ՝ մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից։ Աշխատակիցների պարագայում էլ երեւի իսկապես ճիշտ է, որ նոր չլինեն, այսինքն՝ փորձառու եւ լավ մասնագետներ լինեն, ովքեր տիրապետում են իրենց աշխատանքին»,- նշեց նա։ Սանոսյանն ասաց, որ նախորդ տարի Հայաստանում հյուրընկալել են ՄԱԳԱՏԵ-ի գործընկերներին, նրանք շրջայց են իրականացրել ատոմակայանում եւ անվտանգության ու հուսալիության գծով բարելավումներ են արձանագրել։ «Ամեն ինչ շատ պարզ է, հստակ, եւ կարծում եմ՝ ՄԱԳԱՏԵ-ն համապատասխան արձագանքը կներկայացնի»,- ընդգծեց նա։ Ըստ Սանոսյանի՝ զուգահեռ աշխատանքներ են տարվում նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ, ուսումնասիրում են համաշխարհային փորձը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ