Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Վերջին օրերին անընդհատ շրջանառվում է այն գաղափարախոսությունը, որ Պրահայի գործընթացը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը ծուղակ է, որի մեջ Հայաստանին ներքաշել են։ Եվ դրա պատճառով է, որ մենք կորցրել ենք այն, ինչ կորցրել ենք։ Արդյոք դա ծուղա՞կ է, արդյոք Պրահայի համաձայնագիրն այդքան վա՞տ բան է, արդյոք դրա պատճառով կարելի՞ է հայաստանյան այսօրվա իշխանություններին մեղադրել ստեղծված իրավիճակի համար»։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ ընդդիմադիրները հետեւյալ խոսույթն են զարգացնում, որ պետք է հրաժարվել Պրահայի պայմանավորվածություններից եւ Ալմա-Աթայի գործընթացից։ «Ես ուղիղ ասում եմ, որ սա նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախությունից, որովհետեւ Ալմա-Աթայի հռչակագիրը եւ Պրահայի պայմանավորվածությունն արձանագրել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ պայմանավորվածությունը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 6-ին։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա, եւ դաշնակիցներից եղել է զրո արձագանք։
«Մենք հասկացանք, որ մեր անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է հղում անել Հայաստանի տարածքային ամբողջականության լեգիտիմ հիմքերին։ Պրահայում մեր նպատակն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի եղել։ Դա Ադրբեջանի նպատակն է եղել։ Մեր նպատակը Հայաստանի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը ճանաչելն է եղել»,- հավելեց նա։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Արցախի հարցին՝ նշելով․ «Լեռնային Ղարաբաղը երբեք ոչ մեկ չի ճանաչել Ադրբեջանի կազմից դուրս, այդ թվում՝ Հայաստանը։ Եթե ինձ չեք հավատում, եկեք հղում անենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ ասում է՝ ՀՀ-ն էլ տասնամյակներ չի ճանաչել։ Եթե ասում եք, որ կար լուծում, որին այս իշխանությունը չի համաձայնել, նույն ՌԴ նախագահն ասաց, որ այդ լուծումը եղել է եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Բայց եթե այդքան լավն էր այդ լուծումը, դուք ինչո՞ւ չեք համաձայնել։ Այդ լուծման տարբերակի չհամաձայնության պատճառով է, որ պատերազմը եղել է»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ