«2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կա՛մ ինքը կդառնա ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա: Արդյունքում ստացանք պատերազմ, որտեղ պարտվեցինք: 2021-ին դուք, կառչելով ձեր աթոռից, վերարտադրվեցիք եւ ապացուցեցիք, որ կա՛մ դուք կլինեք ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա, արդյունքում՝ ուրացաք ամբողջությամբ Արցախը: Հարց՝ հիմա՞ էլ եք տառապում այդ մոլուցքով եւ համարում, որ կա՛մ դուք կշարունակեք լինել ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն այլեւս վարչապետ չի ունենա»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպիսի հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը:
Վարչապետ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ իր հայեցակարգային մոտեցումը հետեւյալն է՝ ՀՀ ժողովուրդը պետք է ընտրությունների բաշխվածությամբ որոշի, թե ով է ՀՀ վարչապետը. «2018-ի այն պահից ի վեր, երբ ես դուրս եմ եկել ՁՎՊ-ից, այդ պահից միայն ՀՀ ժողովուրդն է որոշում, թե ով լինի ՀՀ վարչապետ»:
Ինչ վերաբերում է 2021-ի իրադարձություններին, նա ասաց, որ ուղիղ հակառակն է եղել, ոչ թե կառչել է աթոռից, այլ հրաժարական է ինքը տվել, որպեսզի հերթական անգամ ՀՀ ժողովրդի համար դուռ բացի արտահերթ ընտրություններով որոշելու, թե ով է ՀՀ վարչապետը:
Նա ասաց, որ 30 տարվա ընթացքում խաղաղություն չենք ունեցել, ունեցել ենք պատերազմի հետաձգում:
Կարդացեք նաև
Մհեր Սահակյանը հայտարարեց. «Իմ համոզմունքն եմ ասում եւ պնդում եմ, որ դուք իրականացրել եք ազգակործան քաղաքականություն, հիմա էլ փորձում եք անկախության պաշտպանի քողի տակ ավելի մեծ, ավելի լուրջ փորձությունների առաջ կանգնացնել ՀՀ-ն ու հայ ժողովրդին: Աստծո սիրուն, մի քիչ աստվածավախ եղեք ու մի կործանեք մեր երկիրն ամբողջությամբ, անդառնալիության կետը մի անցեք, թողեք ապրենք, գնացե՛ք»:
Փաշինյանը արձագանքեց. «Ես ձեզ թույլ եմ տալիս ապրել, առավել եւս, որ ժողովրդավարական հասարակությունում ապրելու համար դուք իմ թույլտվության կարիքը չունեք: Բայց եթե դա ձեր քաղաքական մենթալիտետի մեջ է, որ պետք է վարչապետը թույլ տա կամ չտա ապրել, ես հաճույքով ձեզ այդ թույլտվությունը տալիս եմ: Ես չեմ կարող բռնանալ ձեր համոզմունքի վրա: Չեմ ժխտի, որ մենք մարտահրավերների առաջ ենք կանգնած ու կանգնած ենք եղել, կարեւոր է հասկանալ, թե ինչ մարտահրավերների առաջ ենք: Ես անկեղծ ասեմ՝ եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով կամ իմ հեռացումով բոլոր մարտահրավերները կվերահասցեագրվեն, ես կանեմ հաջորդ վայրկյանին, որովհետեւ ի հեճուկս ձեզ, ես աթոռից կախված չեմ եւ երբեք չեմ եղել, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ դա անելու դեպքում տեղի կունենա ուղիղ հակառակը: Եվ այս է պատճառը նաեւ, որ դա տեղի չի ունենում: Դուք այդ սցենարը փորձեցիք ԼՂ-ում եւ իրագործեցիք: Ի՞նչ եղավ, դրանից ավելի լա՞վ եղավ: Իհարկե, ՀՀ-ում չեք կարող դա իրագործել, բայց ուզում եմ հետեւություններ անեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ