Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը Գրանադայում տեղի ունենալիք հանդիպումից հարցրեց: Վարչապետ Փաշինյանը պատասխանեց. «Մի քանի օր առաջ ասում էին՝ փակենք օդանավակայանի ճանապարհները, որ վարչապետը չգնա Գրանադա, գնում է այնտեղ, ստորագրելու է, չգիտեմ ինչ է անելու: Մենք մինչեւ վերջին պահը հաստատել ենք Գրանադա այցելությունը, շատ կառուցողական եւ լավատեսական էինք տրամադրված, որովհետեւ կարծում էինք՝ կա հնարավորություն շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու: Ըստ էության, մինչեւ այսօր առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էինք գնահատում: Դա այն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունը ամեն ինչ անում էր, որպեսզի ներկայացնի կործանարար փաստաթուղթ: Հիմա, քանի որ չստացվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ տրամաբանված կառուցողական դիրքորոշում հայտնեց, իր տեսակետները հասկանալի դարձրեց եւ հասկանալիորեն օդանավակայանի ճանապարհը ոչ մեկը չի կարող փակել, տեսանք ինչ եղավ: Պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանում ամենեւին ոչ մեր մեղքով: Իհարկե, դրանից պետք է արձանագրենք, որ խամաճիկային ընդդիմությունը հերթական բոնուսները չի ստանա, որովհետեւ ճիշտ է, հարցը լուծվել է, բայց իրենց ձեռքով չի եղել»:
Փաշինյանն ասաց, որ չեն չեղարկել իրենց այցը Իսպանիա, գնալու են պատվիրակությամբ, որի կազմում են ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը. «Ունենալու ենք հանդիպումներ եւ փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումը ներկայացնել: Ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի, ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել եւ շատ ցավում եմ, որ վաղը առիթ չեմ ունենալու հայտարարելու, որ շատ կարեւոր այդ որոշումը կայացվեց»:
Փաշինյանն ասաց, որ այդ փաստաթուղթը տարածաշրջանի կայունության եւ խաղաղության հեռանկարից էր բխում. «Չենք կարող ասել, որ դա հակառակ է Ադրբեջանի շահերին եւ միայն համապատասխանում է ՀՀ շահերին: Եթե որեւէ փաստաթուղթ հավասարակշռված չլինի, որեւէ մեկը չի ստորագրի այն եւ ոչ մեկը չի կարող ստիպել: Այլ բան է, որ կան ուժեր, ովքեր տեսնում են, որ Հայաստանի թիկունքում կան շատ մարգինալացված, բայց այնուամենայնիվ խամաճիկային ուժեր եւ նրանց կարելի է օգտագործել՝ Հայաստանի շահերին ի վնաս այդ հավասարակշռությունները կորցնելու համար: Կարծում եմ, հենց այդ սցենարն են իրականացնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ