Այս պահին Արցախից բռնի տեղահանված 100 632 անձ է ժամանել Հայաստան, նախորդ հրապարակած տվյալի համեմատությամբ, տեղահանված անձանց թիվն ավելացել է 7–ով։ Այս մասին այսօր հերթական ճեպազրույցին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով` հաշվառվածների թիվը ևս ավելացել է և դարձել 96 940` ընդհանուր թվի գրեթե 97 տոկոսը։ Հայաստանի բուժկենտրոններում բուժում ստացող անձանց թիվը ևս ավելացել է, այժմ բուժում են ստանում 324 հոգի, որոնցից 114–ի վիճակը ծանր է, 15–ինը` ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժում ստանալ 8 երեխաներ։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղեկացրեց, որ այս պահին Արցախից բռնի տեղահանված 3291 արցախցու կեցավայրի խնդիր է լուծվել մարզում:
Մուրադյանն ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց Շիրակի մարզում ըստ համայնքների տեղաբաշխված արցախահայերի վերաբերյալ: Նրա խոսքով` Գյումրիում կացարանով ապահովված է 2020 անձ` 515 ընտանիք։ Հյուրատներում այս պահին բնակվում է 454 անձ, վարձակալությամբ բնակվում է 1138–ը։ Անհատույց հյուրընկալվել է 428 մարդ։
Կարդացեք նաև
Արթիկ համայնքում կացարանով ապահովված է 301 անձ` 81 ընտանիք, հյուրատներում և հյուրանոցներում գտնվում է 10 անձ, վարձակալությամբ բնակվում է 31 անձ, իսկ անհատույց հյուրընկալվել են 260–ը։
Աշոցք համայնքում կացարանով ապահովված է 275 անձ` 61 ընտանիք։ Հյուրանոցներում և հյուրատներում այժմ բնակվում է 155 անձ, անհատույց հյուրընկալվել են 120–ը։
Անի համայնքում կացարանով ապահովված է 282 անձ` 82 ընտանիք։ 10 անձ բնակվում է վարձակալությամբ, իսկ անհատույց հյուրընկալվել են 272–ը։
Ամասիա համայնքում կացարանով ապահովված է 88 անձ` 24 ընտանիք։ 9 անձ բնակվում է վարձակալությամբ, իսկ 79 անձ անհատույց հյուրընկալվել է։
Ախուրյան համայնքում կացարանով ապահովված է 325 անձ` 82 ընտանիք։ Հյուրանոցներում և հյուրատներում այժմ բնակվում է 10 անձ, վարձակալությամբ բնակվում են 315–ը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ