Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք երկար տարիներ ձեւավորել եք խամաճիկային կառավարություն, որը ինքնուրույն ո՛չ շնչել է, ո՛չ արտաշնչել է, ո՛չ հազացել է, ո՛չ փռշտացել է». Փաշինյանը՝ ՀՅԴ-ին

Հոկտեմբեր 04,2023 17:22

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հերթական պատերազմը սանձազերծեց, ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, թե ՀՀ սահմաններում խաղաղ է, Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ այս փորձությունների միջով անցնում ենք՝ հանուն Հայաստանի: Սրանով ՀՀ կառավարությունը Պոնտոս Պիղատոսի նման ձեռքերը լվաց ու մի կողմ քաշվեց՝ հեռվից հետեւելով, թե ադրբեջանցի բորենիները ինչպես են հոշոտում Արցախի մեր հայրենակիցներին: Իշխանությունները Արցախը մատաղ արեցին՝ պատճառաբանելով, թե դա անում են՝ հանուն ՀՀ անկախության եւ ինքնիշխանության, կարծես Արցախն էր մեր անկախության թշնամին: Հերոսաբար կռվելով՝ հանրապետությունն ընկավ»:

Նա քննադատեց իշխանություններին, որ տիրաժավորում են այն թեզը, թե Արցախն ընկավ ներքաղաքական փոփոխությունների պատճառով: Դրանով, ըստ նրա, այսպիսի ուղերձ են տալիս՝ եթե Հայաստանում էլ իշխանություն փոխվի, նույնը սպասվում է Հայաստանին, ավելի պարզ՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը կլինի ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա: Պատգամավորը հարցրեց. «Արդյոք Ադրբեջանի խամաճիկային կառավարությո՞ւնն է երաշխավորելու ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը»:

Վարչապետ Փաշինյանը պատասխանեց. «Ում՝ ում, բայց ձեր խմբակցությանը խամաճիկային կառավարությանը արտահայտությունը շատ լավ ծանոթ է, որովհետեւ դուք եւ ձեր կողքի խմբակցությունը Հայաստանում երկար տարիներ ձեւավորել եք խամաճիկային կառավարություն, որը ինքնուրույն ո՛չ շնչել է, ո՛չ արտաշնչել է, ո՛չ հազացել է, ո՛չ փռշտացել է, եւ հետեւաբար՝ կարծում եմ, դուք գիտեք, թե ինչի մասին եք խոսում»:

Նա ասաց, որ չի ուզում խոսել ԼՂ գործընկերների վերաբերյալ. «Այդ թվում նաեւ դուք եք նրանց հարվածի տակ դրել, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնել, թե դուք ինչպես էիք տոնում երկու խմբակցությունով, երբ ԼՂ-ում իշխանության փոփոխություն էր տեղի ունենում, ասում էիք, որ ձեռքերը խփել է սեղանին ԼՂ ժողովուրդը, վերջապես ազգային կառավարություն է ձեւավորվում ԼՂ-ում, դուք եւ կողքի խմբակցության ղեկավարները շնորհավորում էիք այդ փոփոխության կապակցությամբ, ասում էիք, որ ահա եկել է ԼՂ-ի փրկության ժամը: Դրանք հրապարակային հայտարարություններ են: Թերեւս, այն, ինչ տեղի ունեցավ, ձեր ծրագրերի մեջ էր մտնում: Ասում եք՝ ասում են, որ պատերազմը սկսել է ԼՂ-ում իշխանության փոփոխության պատճառով, բա չե՞ք հիշում, որ ասում էիք՝ պատերազմը սկսել է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը սենց մի հատ նախադասություն է ասել, հետո՝ սենց մի հատ նախադասություն է ասել: Էդ տրամաբանությունը ձեր դեպքում գործում է, ուրիշի դեպքում չի՞ գործում: Ակնհայտ չի՞, թե էդ պլանի մեջ ինչ է եղել: Էդ պլանի մասին դուք տեղյակ էիք փաստորեն, որովհետեւ ամբիոնից ասում էիք՝ հեսա զանգն է հնչելու, կոչնակն է հնչելու, հեսա տեսեք ինչ է լինելու: Եղավ: Եղավ այն, ինչ դուք ուզում ու պլանավորում էիք եւ չեղավ այն, ինչ դուք ուզում եւ պլանավորում էիք, որովհետեւ ձեր պլանն այն էր, որ Հայաստանը կներքաշվի պատերազմի մեջ, որի արդյունքում ԼՂ-ում մեր հայրենակիցները բռնի տեղահանվելուց Երեւան գալու հնարավորություն չեն ունենա, կգնան Բոստոն, կգնան Փարիզ, կգնան Լոս Անջելես՝ ուժեղացնելու ՀՅԴ-ի նոսրացող շարքերը: Դա է եղել ձեր քաղաքականությունը, հիմա ի՞նչ եք եկել ճառեր ասում»:

Արթուր Խաչատրյանը արձագանքեց. «Պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ դուք, չունենալով դրա իրավունքը, չունենալով Արցախի ժողովրդի լիազորությունը, ճանաչեցիք Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի հանրապետության նկատմամբ: Այն կառավարությունը, որին մենք մաս ենք կազմել 32 տարում, 12 տարվա ընթացքում առաջնորդվել է իր քաղաքականությամբ եւ երբեք չի ասել՝ այսինչ չանեմ, որ Ադրբեջանը հանկարծ պատերազմով չգա մեր դեմ: Հարցս այլ է՝ եթե ՀՀ-ում իշխանություն փոխվի, Ադրբեջանը կարող է պատերազմով գալ մեր վրա՝ դրանով ուղերձը հստակ է՝ հանկարծ չփոխեք, որովհետեւ մենակ մեր կառավարությունն է բավարարում Ադրբեջանին: Դա անկախ, ինքնիշխան կառավարություն չէ, դա խամաճիկային, մարիոնետային կառավարություն է»:

Փաշինյանը պատասխանեց. «Մարիոնետային կառավարությունը ձեր կուսակցությունների կառավարություններն են եղել, որոնք երբեք սեփական ժողովրդի կողմից չեն ընտրվել, բա ո՞ւմ կողմից եք կարգվել, կարա՞ք բացատրեք: Ո՛չ դուք եք որոշում՝ ՀՀ-ում իշխանափոխություն կլինի, թե չի լինի, ոչ էլ որեւէ ուրիշ մեկը: Դա որոշում է ՀՀ ժողովուրդը: Որ ժողովուրդը որոշի, կարող է էսօր իրիկունն էլ իշխանափոխություն անի»:

Նա սկսեց քննադատել ընդդիմությանը, որ վարել է մի քաղաքականություն, որ Հայաստանը երբեք անկախ ու ինքնուրույն չլինի ու այդ քաղաքականության մոդելը երեւաց ԼՂ-ում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031