Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես զինվորականներն են պատերազմի եւ խաղաղության ժամանակ զբաղվում իրենց գործով, այնպես էլ արվեստագետները. Սաթէ Խաչատրյան

Հոկտեմբեր 04,2023 16:58

«Սա հայ-ֆրանսիական համատեղ ծրագիր է, եւ շատ ուրախ եմ, որ այս համագործակցությունը կայանում է… Ֆրանսիական գրականություն, ֆրանսիական դրամատուրգիա, որը ներկայացվում է հայ հանդիսատեսին հայերենով՝ պահելով վերջինիս գիտական եւ թատերական բարձր արժեքները»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հայ-ֆրանսիական համատեղ՝ Ֆլորիան Զելլերի «Որդին» ներկայացմանը:

Դանիել Դանիելյան

«Կարեւորելով հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչպես նաեւ միջմարզային համագործակցությունը, որովհետեւ ներկայացման մեջ, բացի Վանաձորի թատրոնի դերասաններից, զբաղված են Գորիսի թատրոնի երկու դերասան՝ մեծ սիրով թատրոնում հյուրընկալել ենք այս նախագիծը: Կարծում եմ՝ այն կտա իր արդյունավետ պտուղները: Հոկտեմբերի 7-ին եւ 8-ին մեր հանդիսատեսը ներկա կլինի շատ կարեւոր, դաստիարակչական, պրոբլեմատիկ մի ներկայացման, որը խորհելու բազմաթիվ շերտեր կտա»,- նշեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը:

Լուսինե Սահակյան

Նա հավելեց, որ միշտ առաջնախաղերը իրենց մոտ տոնի են վերածվում, սակայն այս անգամ բացառություն կանեն՝ հաշվի առնելով վերջին ողբերգական իրադարձությունները:

Սաթէ Խաչատրյան

«2016 թվականից մենք ժամանակակից ֆրանսիական դրամատուրգիայի հանրահռչակմամբ ենք զբաղվում: Ժամանակակից թատրոնը զարգացնելու համար դրամատուրգիական թարգմանությունները շատ կարեւոր տեղ են զբաղեցնում»,-նշեց ներկայացման բեմադրիչ, ֆրանսիական «Սաթե-Ատղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանը՝ հավելելով, որ թարգմանական գրականության պակասը հաճախ հանգեցնում է խաղացանկային աղքատության:

Ասաց նաեւ, որ ժամանակակից ֆրանսիական թատրոնը հարուստ ժառանգություն եւ լավ ավանդույթներ ունի: Ինչ վերաբերվում է Զելլերին, Սաթէ Խաչատրյանի խոսքով, նրա դրամատուրգիան ներկայացնելը շատ կարեւոր է գեղագիտական, դաստիարակչական եւ այլ առումներով, նաեւ հայ-ֆրանսիական համագործակցության համատեքստում:

«Ինչպես զինվորականներն են եւ պատերազմի եւ խաղաղության ժամանակ զբաղվում իրենց գործով, այնպես էլ արվեստագետներն ու մյուս մասնագետները: Կարծում եմ՝ իրար զորակցելով պիտի կարողանանք հզոր երկիր ստեղծել, որպեսզի կարողանանք հետագայում ավելի ամուր լինել»,-հավելեց բեմադրիչը:

Բենժաման Լըբըրտո

Ներկայացման բեմանկարիչ Բենժաման Լըբըրտոն, որ երկրորդ անգամ է Հայաստանում թատրոնների հետ համագործակցում, ասաց, որ ինչ-որ առումով իր հայաստանյան գործունեությունը մշակութային երկխոսության, փոխանակման մի ձեւ է: «Վերցնելով ֆրանսիական երկ եւ աշխատելով հայկական միջավայրում՝ որոշակի հարցադրումներ է առաջանում, բայց սա նաեւ շատ հետաքրքիր է: Համագործակցությունը միակողմանի չէ, այնպես չէ, որ միայն ես եմ գալիս Հայաստան ու որոշակի նախագծերում հանդես գալիս: Օրինակ, Փարաջանովին նվիրված ներկայացման մեջ հակառակ ուղղությամբ է փոխանակումը: Այս դեպքում հայկական մշակույթը մենք տանում ենք Ֆրանսիա: Իսկ ընդհանրապես, այս երկկողմանի համագործակցությունը ամբողջացնում է արդյունքը եւ շատ հարստացնող է երկու կողմերի համար»,-նշեց Բենժաման Լըբըրտոնը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031