ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՔՊ–ական պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ ռուսական հեռուստաալիքները անջատելու անհրաժեշտության մասին հայտարարությանը։
Զախարովայի խոսքով՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների փակումը հարված կլինի ժողովրդավարությանը, հարված այն հիմքերին, որոնք կազմում են Երևանի ներկայիս իշխանությունների քաղաքական հարթակը։։
Զախարովան հիշեցրել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները եկել են խոսքի ազատության մասին կարգախոսով՝ որպես ժողովրդավարության հիմնարար սկզբունք, մնացյալ ամեն ինչը երկրորդական էր։ «Դա միակողմանի չի աշխատում, երբ խոսել կարող են միայն իրենք, խոսել կարող են բոլորը, ինչը հեռարձակել ևս պետք է, քանի որ դա տեղեկատվության այլընտրանքային աղբյուր է․․․ արգելափակման մասին հայտարարությունները որքանո՞վ են արտացոլում պաշտոնական Երևանի դիրքորոշումը, պետք է նրանց հարցնել»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ Զախարովան կարծիք է հայտնել, որ այն, ինչ տեղի է ունենում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ակտիվ աշխատանքի դրսևորումն է։ Նրա խոսքով՝ Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատան 2 հազար աշխատակից զբաղված է ապատեղեկատվության տարածմամբ։ «Զարմանալի է, որ Երևանի իշխանությունները դա չեն նկատում։ Մարդկանց նման թիվը արդարացված կլիներ, եթե նրանք տարածեին ոչ թե ֆեյքեր, այլ հումանիտար աջակցություն»,-հավելել է Զախարովան։