Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևին և նրա հանցակիցներին միջազգային իրավունքի համաձայն պատժի ենթարկել. «Բացում»-ի դիմում-պահանջը  ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

Հոկտեմբեր 04,2023 16:02

 ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

ԲԱՑՈՒՄ քաղաքացիական նախաձեռնությունից

Ն․Գ․ Անտոնիո Գուտերեշ,
ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը, մոտ երկու ամիս շարունակ Հայաստանյան գրասենյակի առջեւ հավաքագրելով Ադրբեջանի հանցագործ կառավարության վարած հայատյաց քաղաքականության պատճառով շրջափակման պայմաններում գոյատեւող Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնակչության համար առաջնային կարեւորության հումանիտար բեռներ, իրականացնելով Բերձորի միջանցքը ՄԱԿ Միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ին ընդունած եւ իրավապարտադիր վճռով ապաշրջափակելու, դրա միջոցով ՄԱԿ դրոշի ներքո այդ բեռները Արցախ հասցնելու, ինչպես նաեւ արցախահայության ինքնորոշման իրավունքը որպես ՄԱԿ Կանոնադրությամբ ամրագրված իրավունք պաշտպանելու նպատակով տարբեր հավաքներ, ցույցեր եւ իրազեկման արշավներ, մեծ հիասթափությամբ արձանագրում է հետեւյալը․

2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ ագրեսիան, հրադադարի ռեժիմի հաստատումից առաջ ու հետո մի շարք բնակավայրերի հայաթափումն ու մարդկանց ունեզրկումը, 2022թ․ դեկտեմբերի 12-ից Բերձորի միջազգային կարգավիճակ ունեցող միջանցքի արգելափակմամբ առաջացած հումանիտար աղետը՝ սովամահության, թերսնուցմամբ եւ հատուկ դեղորայքի բացակայությամբ պայմանավորված մահերի, հղիների շրջանում պտղի կորուստների դեպքերը, ՀՀ-ից Արցախ էլեկտրահաղորդման եւ գազամատակարարման գծերի կանխամտածված խաթարումը, 2023թ․ սեպտեմբերի 19-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի խաղաղ ժողովրդի՝ 400-ից ավելի գրանցված սպանությունները, այդ թվում՝ սեպտեմբերի 24-ին ադրբեջանական ուժի սպառնալիքի հարուցած խուճապի պայմաններում Ստեփանակերտում տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետեւանքով անմեղ զոհերն ու վիրավորները, բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը, հետեւողականորեն մտավոր վնաս պատճառելը ստեղծել էին Արցախում բնակչության բնականոն կենսագործունեության հետ անհամատեղելի պայմաններ, որոնք ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն որակվում են որպես ցեղասպանություն,

ՄԱԿ մարմիններն ու գործակալությունները չձեռնարկեցին 1945թ․ Կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորություններից եւ պարտականություններից բխող բոլոր հրատապ եւ անհրաժեշտ գործիքակազմերն ու ընթացակարգերը՝ կանխելու հարյուրամյակներով Արցախում ապրող ավելի քան 120,000 բնիկ ժողովրդի էթնիկ ատելության հիմքով զտումը Ադրբեջանի կողմից։

Ընդգծում ենք, որ Օսմանյան կայսրությունում, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում 1897-1923թթ․ տեղի ունեցած ու խորապես փաստագրված Հայոց ցեղասպանությունը, որն ուղեկցվում էր մի շարք ազգային փոքրամասնությունների՝ հույների, ասորիների, արաբների, հրեաների եւ այլոց ֆիզիկական ոչնչացմամբ, վճռականորեն դատապարտած եւ դրանց ժխտումը որպես քրեորեն պատժելի արարք ամրագրած բոլոր պետությունների կառավարությունները պարտավոր են նույնպիսի գնահատական տալ Արցախի դեմ 2020թ․-ից ակտիվ իրականացման փուլ մտած ցեղասպանությանը։

Վերոգրյալով փաստում ենք, որ Ադրբեջանի գործող ղեկավար Իլհամ Ալիեւի կողմից պետականորեն համակարգվող մարդատյաց եւ ագրեսիվ քաղաքականությունը քանդում է արդարության և մարդու իրավունքների սկզբունքների միջազգային համակարգը: Նման հանցագործությունները պահանջում են միջազգային հանրության անհապաղ ուշադրությունն ու չսակարկվող վճռականությամբ պատժի ենթարկելը։

Ուստի խստորեն պահանջում ենք միջազգային իրավունքի համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ նրա հանցակից անձանց պատժի ենթարկել։

«Բացում» քաղաքացիական նախաձեռնության համակարգողներ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031