Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Դատի գրասենյակները դատարան չեն, իսկ Մարիա Կարապետյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սիրախաղերի ջատագովն է. Դաշնակցականները՝ ՔՊ-ականի մասին

Հոկտեմբեր 04,2023 15:38

Aravot.am-ը փորձեց դաշնակցականներից մեկնաբանություն ստանալ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի այն հայտարարության վերաբերյալ, որ Միջազգային քրեական դատարանը Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի գրասենյակների մրցակիցն է եւ որ տարիներ շարունակ Հայ դատը բիզնեսի է վերածվել:

Արթուր Խաչատրյան

Պատասխանելով Aravot.am-ի հարցին ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետեւյալը նշեց. «Ամբողջ աշխարհում ցրված Հայ Դատի գրասենյակները երկու հիմնական ուղղությամբ են աշխատել. առաջինը միջազգային ասպարեզում ընդունել տալ Հայոց ցեղասպանությունը, եւ բոլոր հաջողությունները, որոնք արձանագրվել են, եղել են Հայ Դատի գրասենյակների ամենաակտիվ մասնակցությամբ ու նաեւ լոբբիստական հայկական այլ կազմակերպությունների ներգրավմամբ: Մարիա Կարապետյանն, իհարկե, չէր կարող այս գործունեությանը հավանության տալ, քանի որ ինքը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ սերտացման, հայկական իրավունքների եւ հայկական արյան մոռացման գնով Թուրքիայի հետ բարեկամություն անելու օգտին»:

Ինչ վերաբերվում է Հայ Դատի գրասենյակների մյուս առաքելությանը, այս մասին էլ Արթուր Խաչատրյանն ասաց. «Մյուս առաքելությունն Արցախի դատի պաշտպանությունն էր, ամբողջ աշխարհում մոբիլիզացնել հայկական ներուժը՝ միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, որպեսզի նրանք աջակցեն Արցախին, արցախահայությանը: Սա նույնպես Մարիա Կարապետյանը չէր կարող հավանել, որովհետեւ միշտ հանդես է եկել Արցախը Ադրբեջանին հանձնելու օգտին՝ հայտարարելով, որ Հայաստանը չի կարող Արցախի համար գրավ հանդիսանալ:

Բացի դրանից, այն մեծ օտարերկրյա ֆինանսական աջակցությունը, որ Հայաստանը ստանում էր տարիներ, դա էլ Մարիա Կարապետյանի եւ իր քաղաքական խմբի գործունեության արգասիքը չէր: Թող որեւէ մեկը չմտածի, որ այն տասնյակ, երբեմն հարյուրավոր միլիոնների օգնությունը, որ Հայաստանը որպես պետություն ստանում էր, իրենց շնորհքն է:

Հիմա այն մասին,որ ինչպես ինքն է ասում՝ Հայ դատը Հռոմի ստատուտի մրցակիցն է: Դա աբսուրդի ժանրից է: Կաֆկան ինչքան փորձեր, ավելի աբսուրդ բան չէր կարողանա գրել: Հայ Դատի գրասենյակները դատարան չեն, որեւէ մեկին պատժելու գործառույթ երբեք չեն հետապնդել, իսկ Մարիա Կարապետյանը, որ հանդիսանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սիրախաղերի ամենաակտիվ ջատագով, ակնկալում է, որ Հայաստանը վաղը Ալիեւին կամ Էրդողանին դատի՞ է տալու…Ասում են՝ մենք այդ փորձությունների միջով անցնում ենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղության գանք: Փորձություն ասելով՝ նկատի ունեն Արցախը զոհաբերել, մի կողմ կանգնած նայել, թե ինչպես էին հայերը կոտորվում Արցախում: Դուք իրատեսակա՞ն եք համարում, որ այս իշխանությունները վաղը կդիմեն Միջազգային քրեական դատարան՝ պահանջելով ձերբակալել Ալիևին կամ Էրդողանին՝ որպես 44-օրյա պատերազմի երկու հրձիգների: Իհարկե ոչ…»:

Արմեն Ռուստամյան

«Ինչ ասեմ, իրենց գիծն է՝ դաշնակցության վրա իրենց բոլոր մեղքերը բարդելը»,-փոխանցեց մյուս դաշնակցական պատգամավորը՝ Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ հեռախոսով չի կարող մեկնաբանել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031