ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են։
Ավելի վաղ Politico պարբերականը գրել էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայից առաջ Ստամբուլում գաղտնի հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ամերիկացի համանախագահները, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին նշել էր, որ Մոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Մեզ դիմել են ԱՄՆ–ն և ԵՄ–ն, խնդրել են հանդիպում, ես կասեի` շփումներ անցկացնել։ Հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել իրավիճակի վերաբերյալ, ահա և վերջ։ Եթե այժմ արևմտյան լրատվամիջոցները հանդիպման պատմությունը խաղարկեն որպես սադրանք, ապա ի սկզբանե Միացյալ Նահանգների, Եվրամիության նպատակն է եղել հերթական սադրանք ստեղծել։ Գաղտնի որևէ բան չի եղել»,-ասել է նա։