Հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանում տեղի է ունեցել քննարկում՝ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով, Բաքվին դատապարտող համապատասխան բանաձևի քվեարկությունը նախատեսված է հոկտեմբերի 5-ին։
Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ՝ կոչ անելով Եվրամիությանը վերանայել հարաբերությունները Բաքվի հետ, ինչը պետք է համապատասխան հետևանքներ ունենա Ալիևի վարչակարգի համար։
Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ամիսներ շարունակ պաշարման պայմաններում մատնված են եղել սովի, կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ կոչ անելով պատժել Ալիևին և թույլ չտալ, որպեսզի անցյալի սխալները կրկնվեն։ «Հարձակման տակ գտնվող ժողովրդավարությունը պաշտպանելու ձգձգումը պատրվակով, թե մեզ գազ է պետք, ինչ-որ բան հիշեցնո՞ւմ է: Դուք ճիշտ եք, այն շատ նման է Ուկրաինային: Եկեք չկրկնենք մեր սխալները, փրկենք մեր պատիվը, փրկենք Հայաստանը»,- հայտարարել է նա Եվրախորհրդարանում։
Եվրախորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանթոսն իր հերթին ընդգծել է Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը կասեցնելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն էլ հստակ արձանագրել է՝ այն, ինչ Բաքուն արել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է։