«Ճիշտն ասած՝ ինձ համար էլ է այդ լուրը ցնցող: Չգիտեմ՝ ո՞նց կարող է նման բան լինել… բայց դե իր ընտանիքը՝ նորմալ ընտանիք, ինքը՝ հայրենասեր մարդ, երկար տարիներ Շուշիում աշխատած… Բացի դա, իրեն այնպիսի ընկերական շրջապատ ունի. մեկը՝ Գուրգեն Մելիքյանն, օրինակ, իրեն շատ մոտ, հարազատ մարդիկ էին: Ինձ համար էլ է անսպասելի, թե ի՞նչ է կատարվել՝ կոնկրետ չեմ կարող ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ: Նա միջին կարգի պաշտոնյա է եղել Արցախի կրթության նախարարությունում, Շուշիի շրջանի վարչակազմում: Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատն է, նաեւ՝ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի սանիկը: Ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի տեղեկությունների էլ, Արցախում 2020թ ընտրություններից հետ Սամվել Շահրամանյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից տանում են Արցախի Ռազմահայրենասիրության նախարար, Սարգիս Գալստյանը դառնում է այդ նախարարության աշխատակազմի ղեկավար:
Հարցին՝ իր հետ շփումների, աշխատանքի ընթացքում Սամվել Գալստյանի վարքագծում արտառոց որեւէ բան նկատե՞լ է, Արծվիկ Սարգսյանն ասաց, որ չի նկատել:
Հետաքրքրվեցինք՝ հավանակա՞ն է, որ զուտ հումանիզմից ելնելով է Սամվել Գալստյանն այդ քայլին գնացել, քանի որ Արցախում հայկական ընտանիքներ են դեռ մնացել եւ նրանց մասին հոգ տանել է պետք:
Կարդացեք նաև
«Ամեն ինչ հնարավոր է, բայց դե, որ գործին լրիվ տեղյակ չեմ՝ չեմ կարող ասել: Պիտի իր հետ խոսենք, որ իմանանք, թե ինքն ի՞նչ է մտածել: Ասում են՝ դեռ մնացած հայեր կան, գուցե դրանից ելնելով… եսիմ… իր մասին չէի լսել, որ ինչ-որ կապ կունենա… իր շրջապատին, իր հարազատներին ճանաչում եմ, բոլորն էլ հայրենասեր մարդիկ են… հնարավոր չի, որ ինչ-որ դավաճանական բան լիներ»,- ասաց Արծվիկ Սարգսյանը:
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, Սամվել Գալստյանը ոչ թե նոր է նշանակվել, այլ սեպտեմբերի 28-ին՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանով նշանակվել՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և Արցախի իշխանությունների կալանավորումից, իսկ մի մասի Հայաստան տեղափոխվելուց հետո, մնացել է ամենաբարձր կարգավիճակն ունեցող պաշտոնյան: Նա մտերիմներին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունը իրեն ոչինչ չի նշանակել, ինքը գործում է որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ավելի վաղ ասել էր, որ Արցախից չի հեռանալու: Նրա հետ մնացել է նաև կինը: Ասել է, որ զբաղվելու է Արցախում մնացած հայերի խնդիրներով: Օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում այս պահին 500-ից մի քիչ ավելի հայ է մնացել, հիմնականում ծերեր, հիվանդներ, որոնք չեն կարողացել և չեն ցանկացել դուրս գալ:
Սամվել Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանն ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտը: Նրա ֆեյսբուքյան էջում աշխատանքին եւ ընտանիքին վերաբերվող լուսանկարներ են տեղադրված հիմնականում:
Իր՝ Սամվել Գալստյանի էջից տպավորություն է, որ նա «Հայաստան» դաշինքի համակիր է. դաշինքի լոգոյով նկարներ կան տեղադրված: Սամվել Գալստյանը հանդես է գալիս «Սարար Շուշի» կեղծանունով, նշված է, որ բնակվում է Սանկտ Պետերբուրգում, բայց Արցախից բռնի տեղահանվածներին կոչ է անում վերադառնալ Ստեփանակերտ, քանի որ այնտեղ անվտանգ է: Նրա էջում նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանն ուղղված քննադատություններ են միայն, երբեմն՝ հայհոյանքներ:
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանն էլ, որը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Սամվել Գալստյանի հետ, մեզ հետ զրույցում ասաց. «Բացարձակապես գաղափար չունեմ՝ ո՞վ է նշանակել, ինչո՞ւ է նշանակվել»: Նա եւս ասաց, որ Սամվել Գալստյանի հետ իր շփումներից որեւէ կասկած հարուցող դրվագ չի հիշում. «Նա Ստեփանակերտի մեր «Մայր եւ նորածին» կենտրոնն է ղեկավարել, որտեղ մինչեւ 3 ամսական հղիությունից մինչեւ մեկ ամսական ծնունդ՝ սնունդ են տվել: Մեզ մոտ փաստաթղթերով ավելի քան երեք հազար ութ հարյուր երեխա է ծնվել: Չէ, ես, իրոք որեւէ լուր չունեմ, շնորհակալություն»:
Ըստ որոշ տեղեկությունների, Սամվել Գալստյանը 1988 թվականի արցախյան շարժման ակտիվիստներից է եղել, նաեւ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել լուսահոգի Տիգրան Հայրապետյանի հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ