Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ եւ չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Aravot.am-ի աղբյուրին քիչ առաջ հաջողվել է կապ հաստատել Սամվել Շահրամանյանի հետ. վերջինս հերքել է իր գերեվարության մասին լուրերը եւ հայտարարել, որ դեռ Արցախում է:
Թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Սամվել Շահրամանյանին, դեռ պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե ե՞րբ կորոշվի նրա ճակատագրի հարցը:
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբի հոկտեմբերի 1-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։
Երեկ «Մեդիա Հաբ» լրատվական կայքը տեսանյութ հրապարակեց Կոռնիձորից, թե ինչպես են Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի, ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանի եւ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի մեքենաները հատում սահմանը՝ տեղափոխվելով Հայաստան:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ