Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցնե՛լ Էրդողան-Ալիեւ տանդեմի հետ շփումները

Հոկտեմբեր 04,2023 11:00

Նրանք սկսել են Հայաստանի «լուծարման» գործընթացը

Դեռեւս մինչեւ Արցախում սեպտեմբերի 19-20-ի օպերացիայի իրագործումը շատերն էին կարծիք հնչեցնում, որ Արցախը Հայաստանի դարպասներն են, այն կորցնելու դեպքում, հաջորդ հարվածը Հայաստանին է հասցվելու:

Արցախի անկումից հետո ովքեր «թեթեւացած» շունչ են քաշել, նրանց համար վատ նորություններ կան: Թուրք-ադրբեջանական տանդեմն առաջ է շարժվում արդեն Հայաստանի ուղղությամբ:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ՊՆ-ն հաղորդեց, որ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Ապա հաղորդեցին, որ հայկական կողմում կան տուժածներ: Իսկ ավելի ուշ արդեն ՊՆ-ն հաղորդեց, որ Կութի հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի բացած կրակի հետեւանքով հայկական կողմն ունի մեկ զոհ եւ երկու վիրավոր, եւ որ թիրախավորվել է նաեւ շտապօգնության մեքենան, որը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։

Բացի հայտարարելուց` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին», պաշտոնական Երեւանն առհասարակ ի՞նչ պատասխան ունի քաղաքական առումով:

Ինչի հետեւանքով է Ադրբեջանն ազատորեն ոտնձգությունները շարունակում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ: Հնարավո՞ր է դրա պատճառն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական առաջխաղացումները, մարդկանց գերեվարվելը ՀՀ իշխանություններն այնքան էլ ծանր հանցագործություն չէին համարում:

Ի վերջո, Արցախը «տվեցին», ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում Հայաստանի սահմաններին:

Այժմ էլ ՊՆ-ի տարածած այսպիսի հաղորդագրություններով` «կրակ են բացել», «ունենք վիրավոր», «ունենք զոհ» շաբաթներ, ամիսներ շարունակ թմրեցնելով, հաջորդ հարձակումն արդեն Հայաստանի ուղղությա՞մբ է լինելու:

Պաշտոնական Երեւանը Արցախի օպերացիայից հետո, ընդհանրապես, պետք է վերանայի պաշտոնական Բաքվի ու Անկարայի հետ բանակցությունների գնալու իր որոշումը: Ամիսներ շարունակ Արցախը շրջափակման մեջ պահելով, սովի մատնված մեր հայրենակիցների նկատմամբ օպերացիայից հետո Փաշինյանը պետք է շտապի Ալիեւի հետ «խաղաղության համաձայնագիր» ստորագրե՞լ, երբ այդ երկրի պահանջները հայտնի են, ու այդ երկրում պետական քարոզչամեքենան արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքը որպես Ադրբեջան է ներկայացնում:

Առհասարակ, Փաշինյանը հրապարակային ու հստակ Ալիեւին ու Էրդողանին որեւէ անգամ կհակադարձի՞, որ այսուհետ այլեւս չի հանդուրժելու ՀՀ ինքնիշխան տարածքի, ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության որեւէ հայտարարություն, եւ բավակա՛ն է:

Թե՞ հիմա էլ մեր աչքի առաջ պետք է տեղի ունենա Հայաստանի «լուծարման» գործընթացը ու մեր հասարակությունը պետք է տեսնի, թե ինչպես է իշխանությունը հանդուրժում Բաքվի ու Անկարայի բոլոր քմահաճությունները:

Հոկտեմբերի 2-ին, ի դեպ, իր երկրի տարածքում նոր ատոմակայան կառուցող Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։ Դիմումի տեքստը ներկայացվել էր թուրքական մեջլիսում, որում նշվել էր, իբրեւ Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը «վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։ Թեեւ, մեծահոգաբար նշել էին, որ Ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելը Հայաստանի պատասխանատվության տիրույթում է, սակայն հարկ էին համարել արձանագրել. «Հայկական ԱԷԿ-ը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բավականին հաճախ են բնական աղետներ տեղի ունենում։ Ատոմակայանը շատ մոտ է գտնվում մեր սահմանին, շահագործվում է հին տեխնոլոգիաներով, այն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»:

Հայաստանի քաղաքացիներին եւ համայն հայությանն այլեւս այս իշխանությունը չի կարող «կերակրել»` «Հայաստանը` Հայաստան է… եւ վերջ…» հայտարարություններով, սակայն գործնականում, պարզվի, որ իշխանությունը երկրի սահմանների պաշտպանության, անվտանգության ապահովման հարցում ունակ չէ որեւէ քայլի: Ակնհայտ է, որ անգամ հրապարակային, խոսքով թուրք-ադրբեջանական տանդեմին պատասխանելու համարձակություն այս իշխանությունը չունի:

Հայաստանի ընդդիմությունն էլ մեղքի ու պատասխանատվության իր բաժինն ունի: Ընդդիմադիրների կողմից դեմքի լուրջ արտահայտությամբ` «Սյունիքը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարություններով չպետք է «ապացուցել», թե որքան հայրենասեր ու պայքարող է մեր ընդդիմությունը: Գործնականում Արցախի կորստին տանող քաղաքականությանը բացի հայտարարություններից` ընդդիմությունը չհակադրվեց, չընդվզեց, չպայքարեց: Ավելին, նրանց կողմից տրված գնահատականներն էլ առավելապես իրական, ակնառու փաստերը խեղաթյուրելուն էին ուղղված ու հասարակությանը մոլորեցնելուն: Հետեւաբար, նրանք «օդի տատանումներով» չպետք է զբաղվեն նաեւ ապագայում:

Եվ ընդհանրապես, Հայաստանի քաղաքական դաշտը պետք է մաքրվի թե՛ այսպիսի ապաշնորհ իշխանությունից, թե՛ կոչումով «ընդդիմադիրներից»: Նրանց բոլորի գոյությունը բավական թանկ նստեց հայ ժողովրդի վրա:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031