Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հազը դառնում է «մշտական ուղեկից»

Հոկտեմբեր 04,2023 09:32

Հազի քրոնիկական դառնալու պատճառները մի քանիսն են․ դրանք կարող են լինել ինչպես պարզ՝ բացատրվելով ալերգիայի կամ ձգձգվող վարակի առկայությամբ, այնպես էլ բարդ՝ հուշելով առողջական լուրջ խնդիրների մասին։ Ահա թե ինչու է կարևոր մշտական հազի պատճառների ախտորոշումն ու ժամանակին միջոցների ձեռնարկումը։ Իսկ քրոնիկական է համարվում 8 շաբաթ և ավելի ձգվող հազը։

Քրոնիկական հազի պատճառները

Հետքթային հոսք

Հետքթային հոսքը, որը նաև անվանում են վերին շնչուղիների հազի համախտանիշ, երկարատև հազ առաջացնող առավել տարածված վիճակներից մեկն է։ Ալերգիան, վիրուսները, փոշին, բորբոքումն ու քիմիական նյութերը կարող են գրգռել քթի լորձաթաղանթը՝ խթանելով քթից դեպի կոկորդ հոսող լորձի արտադրությունը։ Այս վիճակը հազ է առաջացնում, հատկապես գիշերային ժամերին, երբ մարդը սովորաբար պառկած է լինում։ Հետքթային հոսքով պայմանավորված հազը թեթևանում է քթային սփրեյների, քթային  և պերօրալ հակահիստամինային դեղամիջոցների, գլյուկոկորտիկորիդների օգնությամբ։ 

Ասթմա

Ասթմայի դեպքում շնչառական ուղիների շուրջ գտնվող մկանները լարվում են, շնչուղիների լորձաթաղանթը այտուցվում է, իսկ շնչուղիների բջիջները սկսում են թանձր լորձ արտադրել։ Ասթմայի դեպքում օրգանիզմը հազի միջոցով փորձում է այդ գոտիներին օդ հասցնել։ Ասթմայի առաջացմանը կարող են նպաստել եղանակը, ալերգիաները, ինֆեկցիաները, ծխախոտի ծուխը, դեղամիջոցները, անգամ ֆիզիկական վարժություններն ու հույզերը։

Եթե մշտական հազի պատճառը ասթման է, ապա բժիշկն ամենայն հավանականությամբ կնշանակի ասթմայի ստանդարտ բուժում։

Վարակներ

Անգամ այն բանից հետո, երբ թվում է, թե ապաքինվել եք հարբուխից, գրիպից, քովիդից կամ թոքաբորբից, հազը կարող է դեռ երկար պահպանվել։ Կապույտ հազը, որը շնչուղիների վարակի տեսակ է, նույնպես կարող է քրոնիկ հազի պատճառ լինել։ Շատ ինֆեկցիաներ առանձնակի բուժում չեն պահանջում, սակայն որոշ դեպքերում հակաբիոտիկների անհրաժեշտություն կարող է առաջանալ, որոնց ընդունման նպատակահարմարությունը որոշում է բժիշկը։ 

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության դեպքում կերակրափողի ստորին հատվածում գտնվող թույլ մկանների պատճառով ստամոքսահյութը հոսում է դեպի կերակրափող՝ նպաստելով թոքերի գրգռմանն ու հազի առաջացմանը։ Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության տարածված ախտանշաններից են այրոցն ու ցավը կրծքավանդակի շրջանում, թեև երբեմն միակ ախտանշանը կարող է լինել հազը։ 

Խնդրի լուծման համար հնարավոր է ստիպված լինեք որոշակի փոփոխություններ մտցնել ձեր կենսակերպում։ Դրանց թվում են քաշի նվազեցումը, ծխելուց հրաժարվելը, ռեֆլյուքսը խթանող մթերքներից հրաժարվելը՝ ճարպոտ սնունդ, շոկոլադ, գազավորված ըմպելիքներ, կարմիր գինի, թթվաշ հյութեր, ոգելից խմիչք և այլն։ Բժիշկը կարող է ստամոքսում թթվի արտադրությունը նվազեցնող պրոտոնային պոմպի արգելակիչներ նշանակել։  

Զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցները

Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչները, որոնք հաճախ են օգտագործվում զարկերակային բարձր ճնշումը բուժելու համար, մարդկանց 20 %-ի մոտ քրոնիկական չոր հազի պատճառ են դառնում։ Դեղորայքի փոփոխությունը կարող է վերացնել այդ կողմնակի ազդեցությունը։  

Ծխելը

Ծխելը վնասում է թոքերն ու մարմնի այլ հատվածները։ Թոքերը լորձ են արտադրում քիմիական նյութերից ու ծխախոտի ծխից ազատվելու համար՝ առաջացնելով «ծխողի հազ»։ Դա կարող է նաև ավելի լուրջ խնդիր առաջացնել, ինչպիսին թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն է։  Ծխելը թողնելը հրաշալի գաղափար է, սակայն պետք չէ սպասել, որ հազն անմիջապես կանցնի։

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը ներառում է էնֆիզեման, քրոնիկ բրոնխիտն ու քրոնիկ օբստրուկտիվ ասթման, որոնք դժվարացնում են թոքերի օդափոխությունը։ Մեծամասամբ օրգանիզմը չափից շատ լորձ է արտադրում, ինչին ի պատասխան առաջանում է  հազ՝ այդ ամենն օրգանիզմից դուրս բերելու համար։ Ժամանակի ընթացքում հիվանդությունը զարգանում է՝ դառնալով կենսականորեն վտանգավոր։ Ախտանշանները վերահսկվում են ինհալյատորների, պերօրալ ստերոիդների և այլ դեղորայքի միջոցով, որոշ դեպքերում թթվածնային թերապիայի անհրաժեշտություն է առաջանում։ 

Ոչ հաճախ քրոնիկական հազի պատճառը կարող է լինել թոքի քաղցկեղը, որի բուժումը որոշվում է՝ քաղցկեղի չափսերից ու տեղակայումից ելնելով։ 

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։ 8 շաբաթ և ավելի տևող հազը, հևոցը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը բժշկին դիմելու ցուցումներ են, ինչպես նաև անհապաղ պետք է դիմել բժշկին, եթե հազի մեջ արյուն կա։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031