Եվրոպայի խորհրդարանում «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո եւ Հայաստանին սպառնացող վտանգների պահպանումը» թեմայով քննարկմանը իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել, ինչի մասին նախազգուշացնում էին։
Նրա խոսքով, թեեւ Հայաստանը մեկ անգամ չէ, որ դիմել է եվրոպային, վերջինը մեջքով է շրջվել, երբ Բաքուն անօրինական կերպով փակում էր Լաչինի միջանցքը։ «Նույնիսկ Ալիեւի եւ Պուտինի դաշինքը մեզ չստիպեց բացել մեր աչքերը։ Մենք հայ ժողովրդին զոհեցինք իրական քաղաքականությանը։ Դրա համար ես մեկ անգամ եւս խնդրում եւ կոչ եմ անում անհապաղ խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանության նկատմամբ»,-ասել է Կաստալդոն եւ հորդորել դադարեցնել զինտեխնիկայի արտահանումը Ադրբեջան, ինչպես նաեւ կասեցնել գազի ու նավթի պայմանագրերը Բաքվի հետ, որովհետեւ դրանք ավելի կարեւոր չեն, քան մարդկային արժեքները։
Ինչ կատարվում է այսօր հայ քրիստոնյա բնակչության հետ, սլովակցի պատգամավոր Միրիամ Լեկսմանը որակել է Էթնիկ զտում։ «Հնարավոր չէ, որ այս իրավիճակում Եվրամիությունը Ադրբեջանին համարի ռազմավարական գործընկեր։ Մեր հարաբերությունները ավտորիտար Ադրբեջանի հետ պետք է վերանայվեն։ Մենք հանուն խաղաղության եւ անվտանգության պետք է աշխատենք Հայաստանի հետ»,-ասել է նա։
«Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը խիստ տուժել է վերջին շաբաթվա ընթացքում, հարյուր հազարավոր մարդիկ հարկադրված են եղել ամեն ինչ թողնել եւ հեռանալ»,- հայտարարել է Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռյույսենը։
Կարդացեք նաև
«Հանցագործությունը կատարվում է Եվրոպայի քթի տակ։ Ի՞նչ են արել Եվրոպական միությունը, Եվրոպայի հանձնաժողովը։ Մենք դեռ խոսում ենք Ադրբեջանի մասին որպես վստահելի գործընկերոջ։ Եվրամիությունը անգամ օգնում էր Բաքվին։ Նրանից մեծ քանակությամբ բնական գազ գնելով»։
Նրա խոսքով, եթե Եվրամիությունը այս պահին քայլեր չձեռնարկի, դա Ադրբեջանին իր թշնամական քաղաքականությունը շարունակելու հնարավորություն կտա, այդ թվում, նաեւ՝ Հայաստանի տարածքում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ