Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի նախկին նախագահները մինչև վերջ պետք է մնային. փոթորիկների ժամանակ նավապետները չեն լքում նավը». Շիրազ Խաչատրյան

Հոկտեմբեր 04,2023 00:05

«Կանխատեսելի էր, որ Բաքուն  միջազգային հետախուզումներ էր հայտարարելու, մեղադրանքներ էր առաջադրելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տարբեր ներկայացուցիչների նկատմամբ։ Տարբեր աղբյուրների տեղեկություններով՝ Բաքուն մի քանի հարյուր   հայերի ցուցակ ունի, որոնց ուզում է կալանավորել տարբեր հոդվածներով՝ ապօրինի խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչություններ կատարելու, «անօրինական զինված կազմավորումների ստեղծման համար» և այլն։ Եվ բնականաբար, ցուցակի առաջին շարքերում չէին կարող  չլինել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահների եւ ԱԺ նախագահի գերեվարությանն ու Բաքու տեղափոխելուն։

Հիշեցնենք, մի քանի օր բանակցություններ էին ընթանում Արցախի նախկին նախագահների եւ որոշ պաշտոնյաների ճակատագրի վերաբերյալ: Նախնական պայմանավորվածությունների համաձայն, նրանք պետք է տեղափոխվեին Երեւան: Սակայն այսօր հայտնի դարձավ, որ նրանք գերեւարվել են եւ տեղափոխվում են Բաքու:

Ինչո՞ւ բանակցություններ նման արդյունք գրանցեցին,  ի՞նչ ճակատագիր է սպասվում Բաքվում հայտնված մեր հայրենակիցներին, է՞լ ինչեր սպասել մեր հարցերին, Շիրազ Խաչատրյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, այսպես ասած, բանակցությունները ի՞նչ արդյունք են տվել կամ ոչ, բայց պարզ է, որ քննարկումները հիմնականում ընթանում են Ադրբեջանի թելադրանքով և սցենարով:

Չենք կարող ասել նաև, որ «բանակցությունների» ընթացքում ինչպիսի պայմաններ, «շանտաժներ» են առաջ քաշվել հայկական կողմին՝ հատկապես արցախահայության բռնի տեղահանության ժամանակահատվածում, թե ինչի՞ դիմաց՝ ի՞նչ կամ ո՞ւմ են պահանջել։ Պարզ էր նաև այն, որ Արցախի նախկին նախագահները մինչև վերջ պետք է մնային, քանի որ փոթորիկների ժամանակ նավապետները չեն լքում իրենց նավը: Ցավոք սրտի, ունենք հետևյալ ծանր իրավիճակը, և դեռևս պարզ էլ չի, թե Բաքվի կազմակերպած շոուներն ինչքա՞ն ժամանակ կտևեն»։

Ի դեպ, սոցցանցերում արդեն իսկ քննարկում-քննադատությունների թիրախում են հայտնվել Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները եւ զինվորականները, որոնք գերեւարվել են եւ գտնվում են Բաքվում: Կարծիքներ են հնչում, որ նրանք չպետք է, այսպես ասած՝ հանձնվեին, այլ պետք է ինքնասպանություն գործեին, քանի որ նաեւ արժեքավոր տեղեկատվության կրողներ են հանդիսանում: Այս առիթով էլ մեր զրուցակիցն ասաց. «Չեմ ուզում մեկնաբանել սոցցանցերում տեղ գտած սենտիմենտալ  մեկնաբանությունները: Կարճ մի բան կարող եմ ասել այդ առնչությամբ․ ես նախ արդեն տարածված այդ թեզի տրամաբանությունը չեմ հասկանում, իրադրությունն այնպիսին չէ, որ վերը նշած մարդկանց ինֆորմացիան արդեն արժեքավոր կարող է լինել, կամ այնպիսին, որ դեռևս չպարզված հանգամանքներում գերության մեջ են հայտնվել, որպեսզի նման քայլի դիմեին։ Համ էլ, ինքնասպանությունը հարցի լուծում չէ, պայքարի միջոց չէ:

Հենց մեր արցախյան առաջին պատերազմի օրինակով ասեմ, ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ հայորդիներ, Բաքվի բանտերից դուրս գալով՝ ավելի ուժգին կռիվ են տվել թշնամու դեմ։ Մեր պաշտոնյաների գերեվարության թեման Բաքուն միանշանակ  շատ է շահարկելու մեզ հետ տարբեր բանակցությունների ժամանակ, նույնիսկ 44-օրյա պատերազմից գերեվարվածներին մինչ օրս չի վերադարձրել, ուր մնաց արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների պարագայում ինչ որ արագ զիջումների գնա։ Իրավիճակը ծայրահեղ բարդ է, հետևողական քաղաքականություն պետք է տարվի այս հարցը բարձրաձայնելու ուղղությամբ, Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու լուրջ աշխատանքներ պետք է տարվեն: Բայց, ներկա վախվորած ու թշնամու հետ կառուցողական դիրքերից հանդես եկող իշխանություններից անձամբ ես ոչ մի սպասում չունեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031