Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիները հանցագործ ահաբեկիչներ չեն, որ «համաներվեն»

Հոկտեմբեր 04,2023 12:30

Հնարավո՞ր էր կանխել Արցախի ողբերգությունը, թե՞ ոչ

Մեր կանխատեսումները, որոնք շեշտադրված էին «Վարչապետի հայտարարություններն առաջացնելու են ծանր եւ վտանգավոր հետեւանքներ», վրա հասան («Առավոտ», 07.09.2023):

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին «հակաահաբեկչական հատուկ օպերացիա» նախաձեռնելու պատրվակով ներխուժեց Արցախի Հանրապետության տարածք, եւ ճշգրիտ հարվածով, զինատեսակներով ռմբահարեց խաղաղ բնակչությանը եւ նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին, որի հետեւանքով սպանվեց ավելի քան 200 անձ, 400-ը վիրավորվեց, իսկ 100-ից ավելի անհայտ կորան:

Արցախի պաշտպանության բանակը հերոսաբար մարտնչելով ադրբեջանա-թուրքական կանոնավոր բանակի դեմ, նրան պատճառեց զգալի կորուստներ, սակայն չստանալով ՀՀ-ի օգնությունը, մենակ մնալով՝ ստիպված եղավ ընդունել կապիտուլյացիայի պահանջները: Իսկ ըմբոստ արցախցիները հրաժարվեցին վերաինտեգրվել Ադրբեջանին եւ բռնեցին գաղթի ճանապարհը (21-րդ դարում ցեղասպանություն):

Փորձենք դիտարկել տեղի ունեցած աղետը կամ ողբերգությունը, հնարավո՞ր էր կանխել, թե՞ ոչ:

Իմ պատկերացմամբ՝ վերահաս աղետը կարելի էր կանխել, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը վաղօրոք հայտարարել էր, որ ՀՀ -ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, նաեւ իր թիմն այդ թեզն ավարտին հասցնելու համար ցուցաբերելով անգործություն, համապատասխան միջոցներ չձեռնարկեցին՝ ողբերգությունը խափանելու համար:

ա/ Իշխանություններն Ադրբեջանի ցեղասպան գործողությունները եւ վայրագությունները միջազգային հանրությանը լիրարժեք չներկայացրեցին: Օրինակ, ի տարբերություն Ուկրաինայի, նախագահը, ով իր պետության տարածքային ամբողջականությունը փրկելու համար անում է անհնարինը, հանդես եկավ հայտարարությամբ, եւ բազմաթիվ երկրներ քաղաքական ռազմական օգնություն ցուցաբերեցին:

բ/ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումը պետք է գործի դրվեր, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանքը եւ սկսեց առեւանգել Արցախի քաղաքացիներին: Մինչդեռ քննարկումը կայացավ, երբ Արցախ ներխուժումը եւ ծանր հետեւանքները առաջացել էին կամ 9 ամիս ուշացումով:

գ/ Լաչինի միջանցքի փակումն ակնհայտ վկայում էր, որ Ադրբեջանը կամ Ալիեւը նպատակ են հետապնդում սովամահության միջոցով Արցախի բնակչությանը ենթարկել ցեղասպանության, ըստ էության, դա մարդկության դեմ հանցագործություն է, եւ ընդդատյա է միջազգային քրեական դատարանի քննությանը:

Մինչդեռ, մինչ օրս ՀՀ-ն հանցագործության կազմակերպիչ Ալիեւին եւ նրա հանցակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար որեւէ նախաձեռնություն չի իրականացրել:

Բացի այդ, ՀՀ պետական այրերն ի վնաս պետական շահերի կատարեցին բազմաթիվ արարքներ, որի պատճառով Արցախում ՌԴ խաղաղապահ միսիան վաղաժամկետ դադարեցվեց եւ Արցախը մնաց անպաշտպան:

1.Օրինակ, Նիկոլը հայտարարեց. «ՌԴ-ն սպառնալիք է ՀՀ-ի անվտանգությանը, ռուս-ուկրաինական պատերազմում ՀՀ-ն Ռուսաստանի դաշնակիցը չէ, ՌԴ-ն ձախողել է խաղաղապահ առաքելությունն Արցախում եւ լքում է Հարավային Կովկասը» եւ այլն:

Վարչապետի տիկինը կամ ՀՀ առաջին տիկինը՝ Աննա Հակոբյանը «լիքը բոխչայով» այցելեց Ուկրաինա, ով պատերազմի մեջ էր Ռուսաստանի հետ եւ հանգանակություն կատարեց:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ-ի արտաքին դեպարտամենտի մամլո քարտուղար Մարիա Զախարովային անվանեց «ինչ-որ քարտուղարուհի» եւ իրեն բնորոշ ձեւով անպարկեշտ վիրավորեց նրա արժանապատվությունը:

Հայտարարեց, որ «Արցախը Ադրբեջանին է հանձնել ՌԴ նախագահ Պուտինը»:

ՀՀ Ազգային ժողովի վավերացմանն ուղարկվեց «Հռոմի ստատուտի» կանոնադրությունը (Պուտինի ձերբակալելու նախապատրաստություն):

Սեպտեմբերի 1- 20-ը ՀՀ-ում տեղի ունեցան Հայաստան-ՆԱՏՕ զորավարժություններ եւ այլն:

Դրանց առնչությամբ ՌԴ նախագահի խոսնակ Դ. Պեսկովը, ով հակահայկական հայացքներ ունի, հայտարարեց. «Զգուշություն ցուցաբերեք», այնուհետեւ ասաց, որ եթե ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ՌԴ-ն անելիք չունի:

Ի վերջո, բանը հասավ նրան, որ ՌԴ-ն նոտա հղեց Հայաստանին, ինչը հայ-ռուսական հարաբերություններում եզակի երեւույթ էր:

Անկասկած, ՌԴ-ն չէր հանդուրժելու իր երկրի համբավը արատավորողներին եւ երբ Ադրբեջանն օգտագործելով պատեհ առիթը՝ սեպտեմբերի 19-ին ներխուժեց Արցախ, եւ մեկ օրում գրավեց, ռուս խաղաղապահները չկանխեցին վաղօրոք նախապատրաստված ներխուժումը եւ մնացին դիտորդի դերում: Իսկ կապիտուլյացիայից հետո ստանձնեցին Արցախի բնակչության տեղահանելու եւ նրա պետական կառույցները լուծարելու խաղաղապահ պարտավորություն: Դա նշանակում էր, որ Արցախի անվտանգությունը երաշխավորող խաղաղապահ առաքելությունը դադարեցվել էր, այսինքն, պատժեցին զազրախոս պատուհասներին, որին հետեւեց Արցախի Հանրապետության գոյության դադարեցումը:

Իսկ Պեսկովը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է»:

2.ՀՀ իշխանությունները հրաժարվեցին ռազմական օգնություն հասցնել Արցախի պաշտպանության բանակին եւ Նիկոլը պատճառաբանեց, թե ուզում են մեզ ներգրավել պատերազմի մեջ: Այս հայտարարությունն ինքնին սեփական ժողովրդի նկատմամբ հանցավոր անտարբերության դրսեւորում է (ինչ ուզում է, թող լինի), ինչպես նաեւ` այլ ձեւով օժանդակություն թշնամուն: Եվ պատահական չէր, որ ՀՀ-ն Արցախում կատարված ոճրագործության առնչությամբ նոտա չհղեց Ադրբեջանին, իսկ Ալիեւը Արցախը գրավելուց հետո հայտարարեց. «Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ-ին՝ ցուցաբերած զսպվածության համար»:

Նկատենք, որ Արցախում տեղի ունեցած ողբերգությունը նաեւ միջազգային հանրությունը պատշաճ չդատապարտեց, ինչպես այն եղավ Ուկրաինայի պարագայում: Իսկ քաղաքակիրթ եվրոպաները, ով քսի էր տալիս ՀՀ իշխանություններին, հանձինս նրա դիվանագիտության ղեկավար Շառլ Միշելի, հայտարարեց, որ «Ալիեւին խնդրել եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համաներել»:

Ըստ քրեական օրենսդրության՝ «Համաներումը կիրառվում է հանցագործություն կատարած անձանց նկատմամբ», հետեւաբար, նա Արցախի բնակչությանը համարեց «հանցագործներ եւ ահաբեկիչներ»: Սա մտահոգիչ հայտարարություն է եւ ըստ էության, արդարացնում է Ադրբեջանի կամ Ալիեւի կողմից Արցախում գործած ցեղասպան արարքները, ինչպես նաեւ ձերբակալություններն ու առեւանգումները:

Արցախում տեղի ունեցածը, ըստ էության, էթնիկ զտումներ են հայերիս նկատմամբ, որն առաջացնում է «Ցեղասպանություն» հանցագործության կազմ: Ուստի ՀՀ-ն պետք է նախաձեռնի քրեական հետապնդում եւ միջնորդություն ներկայացնի միջազգային քրեական դատարան վարույթ սկսելու Ալիեւի եւ մյուս հանցակիցների նկատմամբ:

Հետեւաբար, երբ առանձին քաղաքացիներ կամ կազմակերպություններ հորդորում են Ալիեւին համաներել Արցախի քաղաքացիներին, անընդունելի է, որովհետեւ արցախահայությունը հանցագործներ կամ ահաբեկիչներ չեն, այլեւ պաշտպանել են իրենց հայրենիքը ագրեսորից:

Մտահոգիչ է նաեւ Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու վերաբերյալ Արցախի վերջին նախագահի ընդունած հրամանագիրը: Ըստ իս, այդ հրամանագիրը զուրկ է իրավական հիմքերից եւ առոչինչ, քանզի Արցախի Հանրապետությունը հռչակվել է նրա ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը իրացնելու հանրաքվեի միջոցով եւ ժողովրդի կամքին ոչ ոք չի կաող հակադրվել:

Հաջորդ աղետը կլինի ՀՀ գոյության դադարեցումը, եթե շարունակվի անփառունակ նիկոլիզմը:

Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան

«Առավոտ» օրաթերթ
03.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031