Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթը զարդ է քաղաքականության լայնեզր գլխարկի վրա»

Հոկտեմբեր 04,2023 12:00

Հարցազրույց դաշնակահարուհի, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտի անսամբլային ամբիոնի վարիչ Իրինա Կրասոտինայի հետ

– Տիկին Կրասոտինա, այս դաժան օրերում, երբ աշխարհը կարծես շուռ է եկել,  բարձրագույն կրթությունն ընդհանրապես, իսկ դասական երաժշտության բնագավառում մասնավորապես, չի՞ կորցրել իր դերը, նշանակությունը երիտասարդների շրջանում։

– Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր նույնիսկ այս պայմաններում ջանասիրաբար աշխատում են Primavera Foundation of Armenia հիմնադրամում։ Այդ կրթական ծրագրի շնորհիվ է, որ ես առաջին անգամ այցելել եմ ձեր հրաշալի երկիր։ Այսօր ամեն ինչ գնալով ավելի ու ավելի արագ է զարգանում ու փոխվում։ Բարձրագույն կրթությունը պարզապես անհրաժեշտ է, որպեսզի կարողանաս լիարժեք ապրել, ստեղծագործել, շփվել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գործընկերներիդ հետ, համագործակցես, ստեղծես նոր նախագծեր։ Երիտասարդների համար, իհարկե, բարձրագույն կրթություն ստանալը շատ կարեւոր է։ Իսկ դասական երաժշտությունը մի հիասքանչ աշխարհ է, որտեղ կարող ես հաղորդակցվել մարդկության կողմից երբեւէ ստեղծված գլուխգործոցների հետ։ Ու դա միանշանակ ողջունելի է թե ուսանողների եւ թե ունկնդիրների համար։

Ցանկացած երկիր ներկայանալի է ե՛ւ իր հարուստ մշակույթով, ե՛ւ երաժշտական ժառանգությամբ։ Հայ կոմպոզիտորների բարձրարժեք ստեղծագործությունները պետք է հնչեն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաեւ ժամանակակիցների։ Օրինակ՝ այստեղ ես ինձ համար բացահայտեցի կոմպոզիտոր Էդուարդ Խաղագործյանի Դաշնամուրի կվինտետը։ Հուսով եմ, որ կարող եմ այն ներկայացնել ուսանողներին ոչ միայն Մոսկվայում, այլեւ արտասահմանում։

– Չէի՞ք մտածում չեղարկել կամ հետաձգել ձեր այցը Հայաստան՝ հասկանալի պատճառով։

– Ես հետեւում էի նորություններին եւ անհանգիստ էի։ Մտքովս անգամ չի անցել չեղարկել, հետաձգել՝ միգուցե, բայց վարպետության դասերի կազմակերպիչներն ինձ հավաստիացրին, որ բոլոր այն պրոցեսները, որոնցում ես ներգրավված եմ լինելու, ընթանում են իրենց հունով։ Այս պահին մտաբերեցի Մոսկվայում Իսպանիայի հյուպատոսարանում աշխատող մտերիմներիցս մեկին, ով ասում էր, թե մշակույթը զարդ է քաղաքականության լայնեզր գլխարկի վրա։ Կա քաղաքականություն եւ կան ստեղծագործ մարդիկ, երիտասարդներ, որոնք ցանկանում են սովորել։ Հանուն նրանց պետք էր գալ ու կիսվել փորձով, գիտելիքներով։


– Դուք կատարողական եւ մանկավարժական մեծ փորձ ունեք կամերային անսամբլի բնագավառում. որքա՞ն կարեւոր է այն երաժշտի կայացման համար, անկախ նրանից՝ երաժիշտը կդառնա՞ մենակատար, թե՝ ոչ։ Մեզ հետ զրույցներում աշխարհահռչակ մենակատար երաժիշտները, նույնիսկ առանց հարցադրման, ներկայացրել են իրենց գործունեությունը կամերային անսամբլներում՝ խիստ կարեւորելով դա։

– Առաջին հերթին՝ երաշխավորված չէ, որ բոլոր նրանք, ովքեր որպես մասնագիտություն ընտրում են որեւէ գործիք, կդառնան մենակատարներ, երկրորդ՝ անսամբլում նվագելու փորձը հարստացնում է ցանկացած երաժշտի, այդ թվում՝ մենակատարներին. բոլորովին այլ կերպ ես կարդում հեղինակային տեքստը, այլ կերպ ես լսում ու մեկնաբանում ձայների համադրությունը, այլ կերպ ես լսում տեմբրերը եւ այլն։ Բացի այդ ամենից, դա իսկապես մեծ հաճույք է։ Իսկ անսամբլային երկացանկն ուղղակի հսկայական է, մի ամբողջ կյանք չի հերիքի նույնիսկ դրա փոքր մասը կատարել։


– Ինչպիսի՞ տպավորություն ունեք մեր երիտասարդներից։

– Մինչ ձեզ հետ հանդիպելը ունկնդրում էի Բեթհովենի Թավջութակի երկրորդ սոնատը ձեր երիտասարդ երաժիշտների կատարմամբ, որը բարդագույն ստեղծագործություն է։ Պետք է խոստովանեմ, որ այն ներկայացվեց գրագետ ու հասուն մեկնաբանությամբ։ Իհարկե, ես մի քանի ցանկություն հայտնեցի ու նրանց հետ ավելի շատ կենտրոնացանք անսամբլային համագործակցության վրա։ Ինչ վերաբերում է «կամերային անսամբլ» առարկային կամ այդ առարկայի նկատմամբ վերաբերմունքին, անհրաժեշտ է բացատրել երաժշտական համագործակցության մագիայի մասին, երբ տարբեր անհատականություններ ներգրավվում են մեկ ստեղծագործական պրոցեսի մեջ։ Դուք արդեն նշեցիք, որ ձեզ հետ զրույցներում բոլոր անվանի մենակատարները նաեւ հսկայական քանակությամբ  կամերային երաժշտություն են նվագել։

– Ձեր մանկավարժական պրակտիկայում հավանաբար ունեցել եք հայազգի ուսանողներ։ Նկատե՞լ եք որեւէ ազգային առանձնահատկություն, որն արտահայտվում է նրանց կատարումներում։

– Վարպետության դասերի ընթացքում ներկայացրել եմ, որ հրաշալի հայ ուսանողներ եմ ունեցել։ Օրինակ՝ «Հովհաննիսյան տրիոն», երկու քույր էին՝ ջութակահարուհի Քրիստինան եւ դաշնակահարուհի Դիանան եւ նույն ազգանվամբ կլարնետահար, կներեք՝ այս պահին նրա անունը չեմ կարողանում մտաբերել։ Երբ նրանք Արամ Խաչատրյանի տրիոն էին նվագում… ավելի լավ կատարում ես դեռ չեմ լսել ու դրա մասին միշտ պատմել եմ ուսանողներիս, նշելով, որ դա իրենցն է, հարազատը, ազգայինը։ Կրկնում եմ՝ երբեք նման մեկնաբանություն չեմ լսել՝ ջերմ, էմոցիոնալ, միեւնույն ժամանակ՝ տեխնիկապես կատարյալ։ Համագործակցել եմ հայտնի կլարնետահար, Հայաստանի վաստակավոր եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Բաղդասարյանի հետ, ով ուղղակի հրաշալի մարդ էր, ուսուցիչ, ով կրթել է նշանավոր կլարնետահարների սերունդներ։ Այո, եղել եւ այժմ էլ շարունակվում են ստեղծագործական կապերս հայ երաժիշտների հետ եւ դրանք մշտապես զուգորդվում են մարդկային ցանկալի շփման ու հաճելի ստեղծագործական պահերով։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում՝ Իրինա Կրասոտինան հայ երաժիշտների հետ պարապելիս։

«Առավոտ» օրաթերթ
03.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031