Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային աղետը եւ այսօրվա նարատիվները

Հոկտեմբեր 04,2023 13:00

Մարդիկ «ֆիլտրում են» փաստերը՝ աշխարհի իրենց պատկերն ունենալու համար

Ինչպես ժողովուրդների պատմությունը, այնպես էլ ընթացիկ իրադարձությունները հարուստ են բազմաթիվ, հաճախ՝ իրար հակասող փաստերով: Պատմաբանները, մեկնաբանները, լրագրողները, քարոզիչները եւ նրանց ազդեցության տակ գտնվող սովորական մարդիկ այս փաստերի հեղեղից ընտրում են մի մասը (որն իրական է), իսկ մնացած փաստերը (որոնք նույնքան իրական են) կա՛մ ընդհանրապես արհամարհում են, կա՛մ դրանք երկրորդական են համարում: Ըստ այդմ, Վասակ Սյունին կա՛մ դավաճան է, կա՛մ պետականամետ պրագմատիկ: Ստալինը կա՛մ մարդակեր է, կա՛մ մի մարդ, որը հետամնաց ագրարային երկիրը դարձրեց գերտերություն: Այսօրվա հայաստանյան ընդդիմադիրները կա՛մ Արցախի ճակատագրով մտահոգված հայրենասերներ են, կա՛մ «օտար գործակալական ցանցի» ներկայացուցիչներ:

Ընկնել ծայրահեղ ռելյատիվիզմի՝ հարաբերականության մեջ եւ պնդել, որ «ամեն մեկն իր ճշմարտությունն ունի, եւ պարզ չէ, թե ինչ է իրականում տեղի ունեցել (կամ տեղի ունենում)», նշանակում է հայտնվել, այսպես կոչված, «պոստմոդերնի» ուղեգծում: Մյուս ծայրահեղությունն է՝ մտածել, որ հավերժ ճշմարտությունները մեկընդմիշտ փորագրված են ինչ-որ ժայռերի վրա: Ես ավելի շուտ կողմ եմ այն մոտեցմանը, որ, այո, փաստերը տարբեր են, եւ պետք է անընդհատ գնալ դրանց ճշգրտման ճանապարհով՝ առանց նախապաշարումների, չվախենալով խոստովանել սեփական սխալները եւ չունենալով ինչ-որ «վերջնական ճշմարտություններ» փորագրելու հավակնություններ:

Որո՞նք են այն «ֆիլտրները», որոնցով մարդիկ «մաղում են», դասակարգում են փաստերը: Այդ ֆիլտրները կոչվում են «նարատիվներ», հայերեն՝ պատումներ: Բերեմ պարզ օրինակ: Վերջերս՝ ընդդիմության հանրահավաքների թեժ պահին, մեկն ինձ մոտեցավ եւ հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի «4 միլիարդ դոլարի» մասին: Ես պատասխանեցի՝ այն, որ երկրորդ նախագահը հարստացել է անօրինական ճանապարհով, ինձ համար կասկածից վեր է, բայց՝ արդյոք նրա կարողությունը 4 միլիարդ է կազմում, ես չգիտեմ: (Ի դեպ, մեր պանծալի իրավապահներն անգամ մեկ ցենտի մեղադրանք չեն առաջադրել նրան): Բայց ինչո՞ւ է այդ քաղաքացին դրա մասին խոսում այժմ՝ ազգային աղետի եւ բողոքի ցույցերի ժամանակ: Շատ պարզ՝ որովհետեւ «նախկինների թալանելու» պատումը նրա համար դոմինանտ է, դա այն «օպտիկան» է, որով նա դիտարկում է Արցախի հայաթափումը եւ դրան հետեւած իրադարձությունները:

Նարատիվները լինում են պատմական, եւ այդ պարագայում մարդիկ հակված են անցյալի իրադարձությունները դիտարկել այսօրվա չափանիշներով: Օրինակ, մի քանի տարի առաջ Միացյալ Նահանգներում անցավ Քրիստափոր Կոլումբոսի արձանների ապամոնտաժման ալիքը: «Պարզվել էր», որ նա «ռասիստ» էր: Բայց պետք է հաշվի առնել՝ կա՞ր արդյոք 15-րդ դարի վերջում «ռասիզմ» հասկացությունը, կա՞ր դրա մասին գոնե հեռավոր պատկերացում: Կարելի՞ է, արդյոք, 1492 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հանդեպ կիրառել 1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Ո՞վ էր, Կոլումբոսի ժամանակ ընդունված պատումների համաձայն, մարդ համարվում եւ ով չէր համարվում:

Պատումները, մի խոսքով, չափազանց փոփոխական են՝ նույնիսկ այն ժամանակ, երբ խոսում ենք շատ ավելի կարճ ժամանակահատվածի մասին: Երբ ես 1983 թվականին մտա դպրոց՝ որպես ուսուցիչ, երեխաներին ծեծելը սովորական երեւույթ էր համարվում: Հիմա դա չափազանց արտառոց երեւույթ է, եւ ամեն մի դեպքը մի քանի օր քննարկվում է սոցցանցերում: Այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում եւ Արցախում 1990-2000-ական թվականներին, անընդունելի է որոշակի չափանիշների տեսանկյունից, եւ դրա հիման վրա ձեւավորվել է «հակա-ղարաբաղյան» նարատիվը: Փաստերի «փունջից» վերցվել է դրանց մի մասը, այն մասը, որը ձեռնտու էր նախորդ ընդդիմության քարոզչության համար: Հետաքրքիր է այդ առումով 2007 թվականին ՀՀ առաջին նախագահի առաջ բերած «մոնղոլ-թաթարական» թեզը: Ես գիտեմ, թե ինչ նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ներքին եւ արտաքին քաղաքականության այն յուրահատկությունները, որոնք հատուկ էին 13-րդ դարում ձեւավորված պետությանը: Բայց, գուցե անկախ նրա կամքից, ձեւավորվող նարատիվը հետեւյալն էր՝ օտար նվաճողներն եկել են մեզ համար խորթ տարածքից՝ մեզ իշխելու եւ նրանց պետք է քշել:

Նարատիվների փոփոխականությունը ցայտուն երեւում է Ռուսաստանի հանդեպ հայաստանցիների վերաբերմունքով: 20 տարի առաջ տաքսու վարորդներն իրենց մեքենաներում փակցնում էին Պուտինի նկարը: Նրանց միջավայրում տարածված էր «Путин сказал армянам давать проход» ռաբիս երգը: Մի քանի օր առաջ տաքսու վարորդը ինձ հարցնում է՝ «համաձայն եք, չէ՞, որ էս սաղ ռուսներն են սարքել»: Եվ առանց իմ պատասխանին սպասելու սկսեց թվարկել որոշակի փաստեր: Այդ փաստերը (կրկնեմ այն, ինչ սկզբում գրեցի) իրական են, հնարած չեն: Պարզապես ամբողջ «փազլից» առանձնացվում է որոշակի պատումին համապատասխանող փաստերի շարքը: Այդ պատումն, ի դեպ, շատ ձեռնտու է իշխանությանը եւ հնարավորինս քարոզվում է նրա կողմից՝ քանի որ մեղավոր են ռուսները, ուրեմն Փաշինյանը մեղք չունի: Ինչ մնում է վարորդի հարցին, ապա ես չեմ կարող պատասխանել՝ «այո, համաձայն եմ» կամ՝ «ոչ, համաձայն չեմ»: Որովհետեւ, ես տեսնում եմ ավելի մեծ պատկերը եւ, համենայնդեպս, փորձում եմ նախապաշարված չլինել:

Բայց նարատիվների դեմ կռիվ տալն անիմաստ զբաղմունք է: Վիճարկել մարդու նարատիվը՝ հավասարազոր է նրա ինքնության դեմ ոտնձգություն կատարելուն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ. Շ. says:

    Արդէն մի քանի տարիներէ ի վեր, ամէնէն ի զօրու, հաստատուն եւ ցաւագին քննադատութիւնը (բառը, մեղմ է…) ՝ Քոչարյանի դէմ, հետեւեալն է :

    Եթէ ինքը այդքան ուժեղ եւ զօրեղ, առաւել՝ ազգային գիտակցութեամբ տոգորուած, առաւել՝ սոսկալի մեծահարուստ, անձ մըն էր, բացարձակապէս անընդունելի է իր անկարողութիւնը, անզօրութիւնը, լրիւ խղճալի՛ վիճակը, վերջին հինգ տարիների ընթացքին:

    Կամ էլ, Ձեր ըսածն է: Որ, Փաշինյանը, ի սկզբանէ, ձեռնտու էր Փութինին… Թէկուզ Քոչարյանը իսկ դա չգիտեր, չհասկացաւ, գոնէ մինչեւ որոշ ժամանակ մը… Եթէ մէկդի դնենք թատրոնի վերաբերող ծայրայեղ դաւադրական տեսութիւնները…

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Anonymous says:

    Պարոն Աբրահամյան, եթե կարդաք մեկնաբանությունը կխնդրեմ Ձեր հետագա հոդվածներում կամ որևէ այլ եղանակով անդրադառնաք հետևյալ խնդրին. եթե նարատիվների դեմ կռիվ տալը անիմաստ զբաղմունք է, ապա խնդրեմ նշեք թե՞ ինչպես է հնարավոր փոխել այդ նարատիվների բովանդակությունը ըստ Ձեզ, կամ այլ կերպ փորձել տգետ մարդուն բացատրել, որ վերջինս չպետք է փորձի անել այն ինչ իր ուժերից վեր է, այլ պետք է բավարարվի ունեցածով կամ ընդհանրապես զերծ մնա “քիթը խոթելուց” այն գործերի մեջ, որից գլուխ չի հանում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031