«Սիրելի հայրենակիցներ, դուք չեք պատկերացնում ինչ ողբերգություն է տեղի Արցախում, եւ ինչ հետեւանքներ կարող են լինել հայ ժողովրդի համար»,- այս մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Ըստ նրա՝ իշխանությունը սխալներն ընդունելու փոխարեն` մեղքը բարդում է ուրիշների վրա։
«Հենց այս իշխանությունն է իր հանցավոր, անգրագետ գործունեությամբ մեզ ներքաշել պատերազմի մեջ եւ պատմության մեջ մնալու է Արցախը հայաթափողի խարանը ճակատին։ Պարտությունից հետո նրանք ոչինչ չեն արել մեր պաշտպանունակության ուղղությամբ, Արցախը ճանաչելով որպես Ադրբեջանի մաս՝ նրան թողել են լիովին միայնակ, դարերի պատմություն ունեցող հայկական Արցախն այսօր ամբողջովին հայաթափվել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության պատճառով»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ Արցախն ինքնորոշվել էր միջազգային իրավունքին, ԽՍՀՄ օրենքներին համապատասխան եւ որպես կանոնավոր պետություն՝ ուներ բանակ, որը ձեւավորվել էր Արցախում ապրող հայ ժողովրդին բացառապես պաշտպանելու նպատակով։ «Արցախի բանակը զարգացել, ամրացել է, եւ հիրավի հերոսական ծառայություն իրականացրել։ Նույնիսկ 9 ամսի շրջափակումից հետո մասնատված ուժերով հերոսաբար, բայց միայնակ մարտնչել է իրենից անհամեմատ գերակշռող ուժերի դեմ։ Ես ղեկավարել եմ Արցախի պաշտպանական գերատեսչությունը, մշտապես հանդիպել եմ համանախագահների հետ, եւ Պաշտպանության բանակը երբեւիցե չի ներկայացվել որպես ահաբեկչական խմբավորում։ Ճիշտ հակառակը, մեզ ընդունել են որպես դաշնակից եւ գործընկեր։ Այդ Ադրբեջանն է, որ Արցախյան հակամարտության ողջ ընթացքում սադրել, պատերազմ է հրահրել եւ հենց ինքը, հանդիսանալով ագրեսոր պետություն, այսօր բոլոր լծակներն օգտագործում է ողջ մեղքը հայ ժողովրդի, Արցախի, Հայաստանի վրա բարդելու համար։ Արցախի հերոսական բանակը ներկայացնելով որպես ահաբեկչական խմբավորում, հակաահաբեկչական գործողությունների անվան տակ մասնատում, հայաթափում, ապօրինի կերպով առեւանգում է Արցախի նվիրյալ գործիչներին»,- հավելեց Օհանյանը։
Ըստ նրա՝ այս պայմաններում չի կարող լինել խաղաղություն Ադրբեջանի հետ, որը շարունակում է բացահայտ թշնամական գործողություններ իրականացնել Հայաստանի հանդեպ՝ ապացուցելով, որ Ադրբեջանը պայմանագրաունակ պետություն չէ։ «Այդ պատճառով Հայաստանը պարտավոր է հանդես գալ, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, եւ բանակցությունները միջազգային ընդունելի ֆորմատով այլընտրանք չունեն։ Ինչպես նաեւ, պետք է ձեռնապահ մնալ Ադրբեջանի հետ որեւէ միջպետական պայմանագիր ստորագրելուց, քանի դեռ Ադրբեջանն ազատ չի արձակել Արցախի Հանրապետության պաշտոնյաներին, ռազմական գործիչներին, գերիներին եւ չի դադարեցրել ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ