Լրահոս
Օրվա լրահոսը

2900 արցախցի բնակություն է հաստատել Շիրակի մարզում․ արդեն աշխատանքի ընդունվածներ կան․ մանրամասնում է մարզպետը

Հոկտեմբեր 03,2023 22:33

Արցախից բռնի տեղահանված 708 ընտանիք՝ 2900 անձով, այս պահի դրությամբ բնակություն է հաստատել Շիրակի մարզում։ Ամենամեծ թվով ընտանիքների հյուրընկալել է Գյումրին․ այս քաղաքի հյուրատներում, նախկին հիվանդանոցների շենքերում, առանձնատներում, բնակարաններում տեղավորել են 425 ընտանիքի՝ 1710 անձի։

Գյումրիին մոտ գտնվող Ախուրյան խոշորացված համայնքն էլ հյուրընկալել է 68 ընտանիքի՝ 315 անձով։

Արթիկում տեղավորվել է 279 անձ՝ 75 ընտանիքով, Անի խոշորացված համայնքում՝ 264 անձ՝ 75 ընտանիք։

Հեռավոր Աշոցքը և Ամասիան ևս անմասն չեն մնացել․ Աշոցք խոշորացված համայնքում բնակություն են հաստատել 248 անձ՝ 48 ընտանիք, Ամասիա համայնքում՝ 84 անձ, 17 ընտանիք։

Իհարկե, այս թվերը կարող են ավելանալ, քանի որ Շիրակի մարզ հոսքը դեռ չի դադարում։

Այս մասին Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Շիրակի մարզպետի աշխատակազմն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով՝ շուրջօրյա հերթապահություններով։ Շիրակի մարզպետը, նրա տեղակալը, հանձնաժողովականները դժվար թե այս օրերին հասցնում են տուն գնալ՝ գիշերելու։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ քույրերի և եղբայրների ընդունելության, կեցության վայրերի ապահովման հարցերով ստեղծել ենք հանձնաժողովներ։ Համայնքներում առկա են նաև 24 ժամյա հանձնաժողովներ, որոնք ընդունում են և ապահովում են բնակության վայրերը, ուղեկցում են այն տարածքները, որտեղ նախնական տեղավորում ենք մեր հայրենակիցներին։

Դրանք թե՛ առանձնատներ են․ բարի կամք դրսևորող քաղաքացիների բնակավայրեր, թե՛ հյուրանոցներ, հյուրատներ։

Մարզպետի աշխատակազմում նաև ստեղծված է հանձնաժողով, որը վերահսկում և անմիջականորեն ղեկավարում է բոլոր աշխատանքները՝ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ՝ իմ անմիջական հսկողությամբ։

24 ժամյա հերթապահություն սահմանված է նաև մարզպետի աշխատակազմում, բոլոր հարցերը մեր մեծ ուշադրության ներքո են, որովհետև գիտեք՝ մեր հայրենակիցները ընկճված են, երկար ճանապարհ են եկել, մոտ 3-4 օր եկել են, մինչև հասել են այն վայրերը, որտեղ պետք է ընդունեն և տեղաբաշխում լինի՝ըստ բնակության վայրերի, իրենց բնակելի տարածքներ տրամադրվեն։

Զուգահեռ աշխատում ենք նրանց հետ, որպեսզի կարողանանք այս վիճակից դուրս բերել․ սթրես են տարել, ճանապարհներից հոգնել, 9 ամիս՝ վատ վիճակում էին։

Մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն աշխատում են նաև ՄՍԾ-ների հետ, համայնքների սոցիալական աշխատակիցների հետ։ Այնքան փոխգործակցված աշխատանք է տարվում, որ որևիցե մեկի խնդիրն անլուծելի չմնա․ գույքագրվում է , կարիքների գնահատում է կատարվում համապատասխան աշխատակիցների, պատասխանատուների կողմից։ Կարողանում ենք պատշաճ կազմակերպել նաև սննդի հարցը՝ մեկանգամյա սննդի հարցը»,- ասում է մարզպետը։

Ըստ նրա, ամեն ինչ արվում է մեր հայրենակիցներին հյուրատներից դուրս բերելու, բնակարան տեղափոխելու համար, որպեսզի պայմաններ ստեղծեն սեփական կենցաղավարությունը սկսելու։

«Այս պահին նաև աշխատում ենք, որպեսզի կարողանանք հյուրանոցա-հյուրատնային մեր ցանցից մարդկանց բերել բնականոն կենցաղի, այսինքն՝ առանձնատներ կամ բնակարաններ տեղափոխել։ Հյուրանոցում կամ հյուրատանը հաստատված անձը մտածում է, որ ժամանակավոր է։ Կարևոր է, որ ինքը դուրս գա այն միջավայր, ստեղծի իր ապրելակերպը, որն իրեն է հատուկ եղել։

Սա մեր առօրյա աշխատանքի առանցքում է, աշխատանքը շատ է, ծանրաբեռնված է, բայց սիրով կատարում ենք ՝ առանց որևէ այլևայլության, մենք պարտավոր ենք կատարելու, ավելին անելու։

Տեղեկացնեմ նաև, որ մեր մարզ հոսքը դեռ չի դադարել», -ներկայացրեց մարզպետը։

Նա նաև նշեց, որ Շիրակի մարզ եկած ընտանիքներից 13-ը հեռացել են։ Նրանցից մեկը՝ մայրն ու երկու դուստրերը, տեղափոխվել են Գորիս՝ բնակվելու բարեկամուհու տանը․ մայրը ծնունդով Գորիսից է։ Նրանց Գյումրիում երեք բնակության վայրեր են առաջարկել՝ հյուրատուն, առանձնատուն, սակայն նրանք չեն ուզել, քանի որ բարեկամն առաջարկել է իր հետ ապրել։ Շիրակի մարզպետն ասում է՝ իր այցեքարտն է թողել նրանց, եթե չհամակերպվեն Գորիսում, բնակության տեղափոխվեն Գյումրի, սիրով կընդունեն։

«Մյուսների մոտ էլ եղել են ուղեգրեր, ճանապարհին՝ մեքենայի մեջ, քնած են եղել, երբ հասել են Գյումրի, ուզել են հիվանդանոց այցելել, բայց նրանց ուղեգրերը եղել են Երևանի հիվանդանոցների համար տրված։ Նրանք ասել են, որ իրենք ի սկզբանե պիտի Երևանում մնային, այնտեղ ունեին կեցության վայր։ Խնդրել են իրենց հետ ճանապարհել, մենք կարողացել ենք իրենց հետ ճանապարհել։ Ուղեգրով իրենց հետազոտությունները պետք է անցնեին Երևանում»։

Շիրակի մարզպետը, թվարկելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերը՝ ըստ հերթականության, նշեց նաև, որ հայրենակիցներին գրանցելու ժամանակ նրանց հետ ունեցած խոսակցություններից, հարցադրումներից պարզ է դառնում, թե որտեղ են աշխատել, ինչ մասնագիտություններ ունեն։

Շուտով կստեղծվի բազա, նրանց կաջակցեն աշխատանքի տեղավորելու հարցում։

«Ովքեր պատրաստ են այս պահից աշխատելու՝ կլինեն մանկավարժներ, բուժաշխատողներ, սպասարկման ոլորտի աշխատակիցներ, տեղավորում ենք։

Նա մեր մարզի բնակիչն է դառնալու ու պարտադիր աշխատանք պիտի ունենա, որպեսզի աշխատանքային փնտրտուքները շատ չլինեն, զուգահեռ հավաքագրում ենք տվյալները։

Օրինակ՝ Գյումրու բժշկական կենտրոնի մասնաշենքում ( խոսքը ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին շենքի մասին է, որը դատարկ էր․ հեղ․) տեղավորել ենք 43 բնակիչների, անհրաժեշտություն կար շենք-շինությունը մաքրելու, ես առաջարկեցի, այսօր հրամանը տրվեց, նրանցից մեկն այսօրվանից արդեն դարձել է Գյումրի բժշկական կենտրոնի աշխատակից։

Վստահ եմ շատ շուտով կունենանք և՛ բժիշկներ, և՛ մանկավարժներ»,-ասում է Մուշեղ Մուրադյանը։

Մուշեղ Մուրադյանի հետ զրուցել ենք նաև բնակարանների գների թանկացման, գյուղական համայնքների դատարկ տներում Արցախից բռնի տեղահանվածներին տեղավորելու, նրանց միջոցով գյուղատնտեսությանը զարկ տալու ու բնակարանաշինական թեմայի շուրջ։

Այս մասին ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031