Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հպարտ եմ ասելու, որ Ֆրանսիան միշտ գտնվում է այնտեղ, որտեղ պետք է գտնվի». Կատրին Կոլոննա

Հոկտեմբեր 03,2023 21:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային:

Ողջունելով տիկին նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ, Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար:

Ըստ էության, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների զոհ դարձավ, և ցավոք միջազգային մեխանիզմները հնարավոր չեղավ գործարկել: Ըստ էության, մենք գործ ունենք նախապես հայտարարված էթնիկ զտման իրականացման հետ: Այս առումով, իհարկե, հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:

Մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը նույնպես կարծում եմ, միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը կարողանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոսքը որոշակի կառավարելիության ներքո պահել, մարդկանց ամենակենսական անհրաժեշտությունները բավարարվում են պետության և նաև մի շարք միջազգային գործընկերների աջակցությամբ:

«Բայց, իհարկե, Հայաստանի կառավարությունն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի միջազգային գործընկերներից, որպեսզի նաև կարողանանք միջնաժամկետ և երկարաժամկետ հումանիտար խնդիրներ լուծել: Մեր այս միջավայրում շատ կարևոր եմ համարում մեր երկրների միջև երկկողմ օրակարգի հարցերի հասցեագրումը: Դրանք, իհարկե, քաղաքական երկխոսության հարցեր են, միջազգային հարթակներում համագործակցության հարցեր, տնտեսական համագործակցության հարցեր»,- ասել է վարչապետը:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետին փոխանցել  նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները:

«Ուրախ եմ, որ իմ նախորդ այցից մի քանի ամիս անց նորից Երևան եմ վերադառնում, թեև շատ կուզեի, որ այցս տեղի ունենար պակաս ողբերգական հանգամանքներում, ողբերգական` Լեռնային Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև Հայաստանի համար: Եվ ինչպես ապրիլին, այնպես էլ հիմա սեղանի շուրջ տեսնում եմ ծանոթ ու բարեկամական դեմքեր և դա իհարկե շատ հաճելի է այս բարդ աշխարհում, որ հիմա ապրում ենք:

Այցս պարզապես մի հերթական դրսևորումն է այն բարեկամության, որ Ֆրանսիան տածում է Հայաստանի նկատմամբ և բարեկամությունից անդին նաև համերաշխության դրսևորում: Մեր համերաշխությունը դրսևորվել է ողջ տարվա ընթացքում: Մարդասիրական ճգնաժամի և, ընդհանրապես, հումանիտար իրավիճակի վատթարացմանը զուգահեռ օգնության ծավալներն են մեծացել, և ես հպարտ եմ ասելու, որ Ֆրանսիան միշտ գտնվում է այնտեղ, որտեղ պետք է գտնվի»,- ընդգծել է Կատրին Կոլոննան:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի համար Ֆրանսիան նախատեսել է 12,5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն: Կատրին Կոլոննան վստահեցրել է, որ այդ օգնությունը կշարունակվի, եթե դրա կարիքը լինի:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031