Այսօր խորհրդարանում ականատես եղանք, թե ինչպես իշխող ուժի պատգամավորները պատերազմում պարտությունից, Արցախի կորստից, ՀՀ սուվերեն տարածքների կորստից ու աղետների շարքից հետո պտտվեցին ու ընդդիմությանը սկսեցին անվանարկել ու այսպես ասած «նախշել»՝ ասելով, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք:
Aravot.am-ը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ այս մեղադրանքներից հետո ինչո՞ւ չի հնչում համարժեք պատասխան, հանրությունը ձեզանից դժգոհ է՝ որպես ընդդիմություն, ինչո՞ւ եք լռում, մի ադեկվատ պատասխան չտվեցիք՝ նա պատասխանեց. «Իսկ ո՞րն է ադեկվատ պատասխանը, մենք փաստերով ենք խոսում, իրենք ինչքան էլ ամպագոռգոռ հայտարարություններ անեն, փաստ է, չէ՞, որ իրենք 5 տարի իշխանության են՝ հանձնում ու հանձնում են, կոտորում են հայ ժողովրդին:
Երբ որ մենք փաստերով ենք խոսում, դրան իրենք պատասխան չունեն, հասկանո՞ւմ եք, իրենց հայտարարությունները նման են էն չորացած կեղտին, որ չի կպնելու մարդու: Ես հասկանում եմ մեր շատ հայրենակիցների դժգոհությունը, որ ինչո՞ւ այնուամենայնիվ ընդդիմությանը չի հաջողվում, նախ, սիրելիներս, հայրենիքի պաշտպանության առաջին պատասխանատուն իշխանությունն է, Արցախը հայաթափելու մեջ որեւէ ձեւով ընդդիմությունը չի կարող ունենալ դերակատարություն կամ այն կանխելու ուղղությամբ չունի ընդդիմությունը պետական լծակներ, չունի բանակ, որ գնա մեր հայրենակիցներին պաշտպանի: եթե անգամ ստեղծեին բանակ ինքնապաշտպանական, մենք պատրաստ էինք գնայինք առաջին ճակատ: Ես հասկանում եմ այն մարդկանց, որոնք հրատապ են ուզում փոփոխությունները, բայց մեզ էլ պետք է հասկանալ՝ մենք երկնքից աստղեր չենք կարող իջեցնել: Մենք ձեր նման մարդիկ ենք, հրապարակը բաց է բոլորին, ո՞ւմ ենք խոչընդոտել, ո՞վ է ուզել պայքարել, ասել ենք՝ չէ, դու մի կանգնի՞ր: Նույն Ազգային կոմիտեի հայտարարություն արեց, որ բոլորին է դիմում, սա ոչ կուսակցական,նեղ կուսակցական չի»:
Դիտավորյալ շարժումը տարե՞լ եք մարման՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դիտավորյալ որ ասում են, ի՞նչ են ակնարկում»: Բացեցինք փակագծերը՝ որ ծախված են ձեր պատգամավորները՝ նա պատասխանեց. «Լավ, դա արդեն վիրավորանքից բացի նաեւ զավեշտ է: Այսինքն ո՞նց թե, «Հայաստան» խմբակցության ո՞ր պատգամավորն է ծախված, թող մի հատ կոնկրետ օրինակ բերեն, ես հասկանամ: Չի կարելի նման պնդումներ կատարել»:
Կարդացեք նաև
Ասացինք ձեզ էլ են մեղադրում, որ ՔՊ-ականներին «ջան-ջան» ասելով ման եք գալիս, «Վլադիմիր ջան, Ալեն ջան» եք ասում՝ Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Հետո էլ նստում եմ հետները հաց եմ ուտում, հա՞, իրանց հետ գնում եմ խնջույքների, ախր չի կարելի էդ պրիմիտիվիզմի աստիճան իջեցնել: Ես հասկանում եմ, շատերի համար նաեւ մտածում են, թե մանդատներ եւ այլն…Չկա այդպիսի բան, ես զբաղեցրել եմ բարձր պաշտոններ, թող որեւէ մեկը ասի, որ ես կառչած եմ եղել աթոռից»:
Դիտարկմանը՝ ձեզ թույլ տալ գալ խորհրդարան եւ ձեզ «նախշեն», անպատվեն, ասեն՝ կապիտուլյանտ, դավաճան ու ճանապարհե՞ն՝ նա պատասխանեց. «Ո՛չ նախշում են, ո՛չ էլ ճանապարհում են, ստանում են պատասխանները, ուրիշ բան, որ ձեր կարծիքով, նաեւ շատերի կարծիքով իրենք պիտի նստեն տեղները եւ չխոսեն: Երբ որ մենք ասում ենք՝ ազգակործան եք, իրենք պիտի տեղները նստեն եւ չխոսեն, դա եք ակնկալում, հա՞»: Ասացինք, որ դրա համար լռեցնող է պետք, պիտի լռեցնեք՝ Մինասյանը հակադարձեց. «Ի՞նչ է նշանակում պիտի լռեցնենք, բերդերո՞ւմ նստեցնենք, տվեք էդ լծակները՝ տանենք բերդերում նստեցնենք, լռեցնենք: Չեք տալիս էդ լծակները, ասում եք թող չհակադարձեն: Ոնց որ ես ձեզ ասեմ՝ դուք սպանել եք Քենեդուն, կպա՞վ էդ ձեզ»:
Դիտարկմանը, որ ՔՊ-ականները խորհրդարանում «10:0» են անում ձեզ՝ Արծվիկ Մինասյանն արդարացավ, որ իրենք թվաքանակով շատ են ու երբ թեթեւ բախում է լինում, անվտանգությունն էլ իրենց հետ է: Բացատրեցինք, որ ակնկալվում է ոչ թե բախում, այլ՝ քաղաքական բախում, նա ասաց. «Որեւէ փաստարկ իրենք չունեն: Մեղադրել ընդդիմությանը Արցախ չպահելու մեջ աբսուրդ չէ, չգիտեմ էլ ինչ է»:
ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում էր՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ, ավելի ճիշտ էր՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ղալա՛թ են անում, Նիկոլ Փաշինյանը ինքնասպա՞ն եղավ, թե՞ ինքը ինքնասպան եղավ, որեւէ մեկը իրենցից եղա՞վ հայրենիքը հանձնելուց»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ