Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանն ինքն է հեռացել, ինքն է փախել իշխանությունից». Արծվիկ Մինասյան

Հոկտեմբեր 03,2023 19:25

«Այս համաձայնագիրը՝ Հռոմի ստատուտը ամբողջությամբ վավերացնելու պարագայում նշանակում է, որ Հայաստանի ներկա եւ ապագա սերունդներին զրկում ես Արցախը ազատագրելու հնարավորությունից, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ իր գլխավորությամբ, ՔՊ մեծամասնությամբ, երբ հանձնում է Արցախը, ճանաչում է Ադրբեջանի մաս, վաղը, մյուս օրը ցանկացած գործողություն, որոնք եղել են կամ կլինեն Արցախի տարածքում, լրիվ իրավական հիմք են տալիս՝ այդ մարդկանց ձերբակալելու համար: Զինվորականներին, նրանք, ովքեր պաշտպանել են Արցախը, այս մարդիկ սկուտեղի վրա հանձնում են միջազգային քրեական դատարանին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նրա համոզմամբ՝ ստատուտը վավերացնելը որեւէ օգուտ չի տալու, սա զուտ քաղաքական գործիք է ու դրա համար է, որ հայտարարել են՝ միջազգային քրեական դատարանը ամենամեծ ներկայացուցչությունն է ունենալու Ուկրաինայում, այսինքն, ամեն ինչ ՌԴ-արեւմուտք հակամարտության մեջ է: Ինչ վերաբերում է հանցագործներին պատժելուն, գեթ մեկ դեպք չեն կարող վկայակոչել, որ ցեղասպանական հանցագործությունների կամ պատերազմական հանցագործությունների համար որեւէ մեկի դատապարտել են:

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ ենթադրում է՝ համաձայնեցված Արցախը հայաթափել են, քանի որ Ալիեւը հարձակվել է Երեւանի ավագանու ընտրություններից հետո. «Արայիկ Հարությունյանն ինքն է հեռացել, ինքն է փախել իշխանությունից: Անտերության մատնված իշխանության պատասխանատվություն վերցնելով եւ փորձելով այդ ուղղությամբ քայլեր իրականացնել, հետո այս իշխանությունը փորձում է մեղադրա՞նք ներկայացնել, սա աբսուրդ է: Սամվել Շահրամանյանը ՀՅԴ-ի հետ կապ չունի ընդհանրապես: 5 տարի պետությունը քանդած, հայրենիքը հանձնած իշխանությունը եկել է 10 օրվա պաշտոն զբաղեցրած մարդուն ներկայացնում է նման մեղադրանք: Ի դեպ, Արցախը լուծարելու հրամանագիրը ակնհայտ ապօրինի հրամանագիր է, ակնհայտ է, թե ինչպիսի պայմաններում է դա եղել եւ չի կարող իրավական հիմք ունենալ, սա հստակ է, աներկբա է: Բայց երբ ՔՊ-ականներին լսում ես, իրենք համարում են Արցախի հարցը փակված: Արցախի հարցը ոչ միայն փակված չի, չի կարող այն փակված լինել, հակառակը՝ Արցախի հարցն է, որ ապահովում է ՀՀ անվտանգությունը հիմա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031