ՀՀ Աժ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի ելույթը Հռոմի ստատուտի վերաբերյալ
Հաշվի առնելով այսօրվա օրակարգում գտնվող Հռոմի ստատուտի վավերացման հարցի շուրջ հնչած գնահատականները, դրանցում առկա որոշակի լարվածությունը՝ որպես հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, կարևորում եմ խոսել ստեղծված իրադրության մասին։
Հայաստանը մշտապես մեծ ուշադրության է արժանացնում Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններին։ Շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, արժանապատվության, ինչպես նաև միմյանց նկատմամբ իրավական պարտավորությունների կատարման սկզբունքների վրա։
Ավելորդ է նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների միջև առկա է փոխադարձ հարգանքի վրա հիմնված անձնական և գործնական ջերմ հարաբերություններ։ Մեր օրակարգային հարցերը մշտապես բխում են երկու երկրների և ժողովուրդների շահերից։
Կարդացեք նաև
Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ, ինչում, ցավոք , մեզ փորձում են մեղադրել ռուսաստանյան մեր գործընկերները, իսկ հայաստանյան ընդդիմության որոշ գործիչներ փորձ են կատարում միջպետական լարվածություն ստեղծելու միջոցով դիվիդենտներ շահել քաղաքական ասպարեզում։
Բազմիցս փաստել ենք, որ տվյալ նախագիծը բխում է Հայաստանի շահերից, և կա մեխանիզմ, որով լուծվում են բոլոր երկկողմ հարցերը։ Այդ մեխանիզմի իրագործման համար հարցի՝ Կառավարության դաշտում գտնվելու հավելյալ ժամանակը, ցավոք, նույնպես չօգտագործվեց։ Երկկողմ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունն այսօր էլ առկա է։ Հուսով եմ, որ Ռուսաստանի մեր գործընկերները չեն շարունակի այն անտեսել։
Վերջում ցանկանում եմ նշել, որ տարաձայնություններ և լարվածություններ լինում են բոլոր գործընկերների, բարեկամների և հարազատների միջև:
Թվացող լարվածությունը ժամանակավոր է, և վստահ եմ, որ այն կպարզաբանվի և կհաղթահարվի: