Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չլիներ Արցախում պայթյունը, հազարավոր արցախցիներ մնալու էին Արցախում. Արցախի ԱԺ պատգամավոր

Հոկտեմբեր 03,2023 18:27

Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, մինչ ադրբեջանական ԶԼՄ–ները կտարածեին Արցախի ղեկավարներին առեւանգելու լուրը՝ «Առավոտի» հետ զրույցում հերքում էր Հակարիի կամուրջի մոտից Արցախի ԱԱԾ ղեկավարի ձերբակալման մասին որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը:

«Նման տեղեկությունները հիմնականում լրատվամիջոցներն են գրում ու, որպես կանոն, չճշտված տեղեկություններ են լինում: Պետք չէ արագ լուր տալու համար կեղծ տեղեկատվություն տալ, որովհետեւ իրականում քաոս է առաջանում: Չի համապատասխանում նաեւ ԱԱԾ ղեկավար Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը, որովհետեւ, եթե ճիշտ լիներ, շատ արագ պաշտոնական տեղեկությունը կհետեւեր: Եթե չկա պաշտոնական տեղեկատվությունը, միանշանակ ճիշտ չէ»,- ասաց պատգամավորը: Մելքումյանի ձերբակալման մասին տեղեկություն չուներ նաեւ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Մետաքսե Հակոբյանի խոսքով, սեպտեմբերի 19-ին, երբ Արցախում Ադրբեջանը սկսեց ռազմական գործողությունները, ՀՀ իշխանությունները լավ գիտեին դրա շարունակությունն ու ավարտը, հետեւաբար, ըստ պատգամավորի, պետք է նրանք նախօրոք բանակցություններ վարեին Ադրբեջանի հետ, երաշխիքներ ստանային Արցախի պետական, ռազմական ու բոլոր այն գործիչների անվտանգության համար, որոնք այդպես էլ չկարողացան Արցախից Հայաստան հասնել. «Հակառակը՝ սա լավագույն տարբերակն է Նիկոլ Փաշինյանի 2008-ի մարտի 1-ի հայտարարությունն ի կատար ածելու, որ ինչպես ինքն էր ասում, Հայաստանը պետք է ազատագրեն ղարաբաղցիներից: Իհարկե, Ղարաբաղն ազատագրածներն ամենամեծ գլխացավանքն են այս վարչակազմի համար, հետեւաբար, մենք չենք տեսնում, որ նրանք որեւէ քայլ են անում այն ուղղությամբ, որ գոնե ձերբակալված գործիչները ողջ տեղափոխվեին Հայաստան»:

Մեր զրուցակիցն ասաց, որ Արցախից Հայաստան եկող ու Ադրբեջանի կողմից ձերբակալված գործիչների հարազատների հետ կապի մեջ են, տեղեկություններ ստանում են, բայց դրանք այս պահին չի կարող հրապարակայնացնել:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի պնդումներին, թե քանի դեռ չկան ապացույցներ, չեն կարող խոսել Արցախից էթնիկ զտումների մասին, Մետաքսե Հակոբյանը շարունակեց. «Նորություն չէր այդ դիրքորոշումը: Արեւմուտքը, ԱՄՆ-ն միշտ է ունեցել այդ դիրքորոշումը: Մենք դա շրջափակման մեջ ենք տեսել, տեսել ենք ամբողջ պատերազմի ընթացքում: Իրենք ունեն իրենց հստակ քաղաքականությունն ու փոխադարձ շահերը: Չկա ուղղակի Հայաստանի շահը: Պատերազմից հետո երեք տարին բավարար էր, որ քաղաքականություն փոխվեր, բայց շարունակվեց ու արագացավ հակահայ քաղաքականությունը հենց Հայաստանի իշխանությունների կողմից: Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում ու շարունակում է սպառնալ Հայաստանին, դա հիմնական դաշնակցից հրաժարվելու ու քաղաքական վեկտորը կտրուկ փոխելու պատճառով է: Հայաստանի իշխանությունները ՌԴ-ի հետ դիվանագիտական հակամարտության մեջ են, որի նախադեպը մենք տեսնում ենք՝ Ուկրաինան: Ուղիղ ութ տարի Ռուսաստանը զգուշացնում էր, հորդորում էր, համոզում: Տեսանք՝ շարունակությունն ինչ եղավ, հիմա այդ ճանապարհը բռնել է Հայաստանը: Իհարկե, դա նաեւ իրենց որոշումը չէ, իրենք շատ փոքր են, խամաճիկ են, ունեն իրենց տերերը Արեւմուտքում: Իսկ այստեղ՝ Արեւմուտքի մի քանի ստրուկներ որոշում են մի ողջ ազգի ճակատագիր»:

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես կգնահատի ՀՀ կառավարության աշխատանքները Հայաստանում Արցախից տեղահանվածների վերաբնակեցման, աջակցման եւ այլ հարցերում, ի պատասխան ասաց. «Նույնիսկ հետաքրքրիր էլ չէ, որովհետեւ ցանկացած երկրի ցանկացած կառավարություն, որը պատասխանատվության մի փոքր բաժին կրեր, նույնն էր անելու կամ միգուցե՝ ավելին: Սրան որեւէ մեկս որեւէ գնահատական չենք տալու: Որովհետեւ նույն կերպ 3 տարի շարունակ այս վարչակազմի ղեկավարը հայտարարում էր, որ աննախադեպ բյուջե է տրամադրում Արցախին: Դրանով գնահատել չի կարելի: Գնահատականն այն է, որ այս վարչախումբն ամեն բան արեց, որ Արցախը հանձնի, արցախցուն դարձնի գաղթական: Իսկ մնացած մասով ասեմ, որ շատերը նաեւ ինքնակազմակերպվում են, իրար ձեռք են մեկնում եւ այստեղ կառավարության ջանքերն առ ոչինչ են: Կոռնիձորում առաջինը, որ տեսա, այն էր, թե մեր հայրենակիցներն ինչի են պատրաստ ու ինչ ցնծությամբ էին դիմավորում յուրաքանչյուրին, որն անցնում էր Հակարիի կամուրջը: Գնահատականն, ինձ համար, դա է: Ինչքան ժամանակ էլ անցնի, նույնիսկ եթե ոսկու մեջ կորցնեն արցախցիներին, միեւնույնն է մեր հայրենակիցներն ու Հայաստանը չեն կարող կապ ունենալ այս վարչախմբի հետ»:

Պատգամավորը պատմեց, որ Հայաստան բերող ճանապարհը դաժան էր. «Մի օր առիթ կլինի ու միգուցե երկար կխոսեմ, թե ինչպես օրինակ կողքիդ մեքենայի մեջ մայրը մահացավ ու որդին ինչպես սկսեց տեղափոխել մորը, այդպիսի բազմաթիվ դեպքեր: Հակարիի կամուրջի մոտ ատելություն կար մեր՝ բոլորիս նկատմամբ: Զզվանք կար ու բացարձակ չէին թաքցնում: Ես զարմանում եմ, որ կան տեսանյութեր ու մարդիկ, որ խոսում են ադրբեջանցիների լավ վերաբերմունքի մասին»:

Պատգամավորից նաեւ հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են այն 50-1000 արցախցիները, որոնց ՄԱԿ-ի առաքելությունն էր Արցախում հանդիպել:

«Երբ իրենք այդ հայտարարությունն անում էին, այնտեղ էին դեռ փրկարարների մեծ մասը, կառավարության անդամներ, ցածր օղակի անդամներ, որոնք դեռեւս աշխատանք ունեին անելու: Իմ ունեցած տվյալներով՝ շատ քիչ կան բնակիչներ, բայց արդյոք կհասնեն մի քանի տասնյակի, թե՝ ոչ, դեռեւս ճշտված չէ: Իմ տեղեկություններով՝ մի քանի հոգի են, որոնցից մի քանիսը մի վայրում են, մի մասը՝ այլ վայրում: Բնակիչներ, որոնք նույնիսկ մեկ տասնյակը չեն անցնում: Այդ մարդկանց մեջ են հատուկ կարիքներ ունեցող մարդիկ, որոնք ուղղակի հրաժարվել են ու չեն ցանկացել տեղափոխվել: Ծանր հիվանդներ, միայնակ ծերեր, մտավոր խնդիրներ ունեցողներ: Ես ունեմ տեղեկություններ, որ արդեն Ստեփանակերտում կան տներ, որոնք ադրբեջանցիները մտնում են ու թողնում իրենց ատելության դրսեւորումները: Մինչեւ պայթյունը մենք վստահ էինք, որ մի քանի տասնյակ հազար մարդ է մնալու Արցախում ու մենք այդ թվում էինք: Մնալու մեր որոշումը կայացրել էինք: Մենք մտածում էինք Արցախի հողում Արցախը պահել, հետագայում հնարավորություն տալու ինչ-որ բան փոխել: Սակայն պայթյունը խուճապ, սարսափ առաջացրեց մարդկանց մեջ, ու այդ ժամանակ էր, որ մարդիկ գլխապատառ ուզում էին ազատվել: Եթե չլիներ պայթյունը, հավատացեք, իրականում շատ մարդ էր մնալու Արցախում»:

Մեր հարցին, այսինքն՝ արցախցիները ահաբեկչություն են համարում պայթյունը, ի պատասխան ասաց. «Չեմ բացառում, որովհետեւ, եթե դա անզգուշության արդյունք էր, ապա էլի եղել էին այդպիսի տարածքներ, որտեղ բակերով վառելիք էր եղել, բայց նման միջադեպ չէր եղել: Դա որեւէ մեկս չենք կարող վստահ ասել՝ պատահականությո՞ւն էր, թե ՞ … բայց, ամեն դեպքում, դա պատճառ դարձավ, որ մարդիկ գլխապատառ դուրս գան: Նույնիսկ այդ պայթյունի ժամանակ երեխա կորցրած ու մասունքները չգտած մայրը գլխապատառ իր մյուս երեխաներին վերցրած ուզում էր փախչել, որ փրկեր գոնե մյուս երեխաներին»:

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ՝ ադրբեջանցիների վերջին հարձակման ժամանակ քաղաքացիներին խոշտանգելու դեպքեր եղա՞ն, թե՞ ոչ, ի պատասխան ասաց՝ նման տեղեկություններ չի ստացել, բայց թշնամու գործողությունները շատ նման էին 90-ականներին, երբ կոնկրետ թիրախավորում էին բնակավայրերն ու ռմբակոծում: Արդյունքում բազմաթիվ երեխաներ զոհվեցին, մի երեխայի սիրտը վախից կանգ առավ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031