««Տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը» թեզով Արցախը հայաթափեցիք։ Հերթը հասավ Հայաստանի թուրքացմանը, Արցախը հանձնվեց, եւ Հայաստանը ոչ միայն չի փրկվել, այլ հայտնվել է Ադրբեջանի դրած մյուս վերջնագրերի կատարման պահանջի առջեւ»,- այս մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ ադրբեջանական այդ վերջնագրերը կան եւ առաջիկայում կդրսեւորվեն ավելի հստակ՝ հետեւյալ ուղղություններով․ «Ադրբեջանի պայմաններով սահմանազատում եւ սահմանագծում, որով կորոշվի՝ ինչքան տարածք է մեզ հասնում։ Անկլավների վերադարձ, որով կվերահսկեն մեր միջպետական գլխավոր ճանապարհները։ Մեր ինքնիշխանության էական սահմանափակումներով կապ Նախիջեւանի հետ։ Ազերի փախստականների վերադարձ մինչեւ 1988 թվականը նրանց կողմից զբաղեցրած բնակավայրեր, իհարկե, ոչ հավասարության սկզբունքով, այլ այս ընթացքում նրանց բնական աճն ի նկատի ունենալով։ Հայաստանին ներկայացվող առնվազն 100 մլրդ դոլար ռեպարացիայի պահանջ՝ փոխհատուցելու Ադրբեջանի այսպես կոչված կորուստները՝ սկսած 1988 թվականից»։
Ըստ Ռուստամյանի՝ սրանք առաջացնելու են լրջագույն սպառնալիքներ՝ ուղղված մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ դեմոգրաֆիկական անվտանգությանը։ «Այս վարչախումբը սա ներկայացնելու է որպես մեր «կադաստրի թուղթը» եւ որպես կատարյալ խաղաղություն ու անվտանգություն։ Սակայն, որի երաշխավորը ցավոք լինելու ենք ոչ թե մենք, այլ Ադրբեջանը։ Այս նոր ցեղասպանությունը, որն ավելի մասշտաբային է, եթե մեզ չսթափեցնի, կկորցնենք ամեն ինչ»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ