Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի բան է հայկական գործոնը՝ Արցախով, մեկ այլ բան՝ առանց Արցախի». իրանագետ

Հոկտեմբեր 03,2023 18:10

«Այսօր այստեղ ենք ծանր իրավիճակից բխած հետեւանքները քննարկելու, ուղիներ առաջարկելու, մեր վիճակն ախտորոշելու կամ տեսակետներ հայտնելու համար… Հավաքվել են լավագույն հայ մտավորականներ, մասնագետներ, որոնք հարցին գիտակ մարդիկ են»,- Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում «Անավարտ պատերազմ․ նոր մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը:

Նա մասնավորապես առաջարկեց ավելի շատ կենտրոնանալ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան եւ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների վրա:

«2023թ սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանը եւ հայությունը կանգնել են բոլորովին նոր իրականության առաջ, Արցախը հայաթափվել է: Մի բան է հայկական գործոնը Արցախով, մեկ այլ բան՝ առանց Արցախի: Մենք գտնվում ենք մեր պատմության ամենաշրջադարձային հանգրվաններից մեկում»,-ասաց պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ Սարգսիս Մկրտչյանը: Իրանագետի խոսքով. «Այս հանգրվանին հասել ենք մի քանի պատճառով: Առաջինը Արեւմուտքի եւ Ռուսաստանի մրցակցությունն է, կամ ավելի շուտ՝ իրար դեմ պայքարը, որի ընթացքում Ռուսաստանը թույլ տվեց ռազմավարական մեծ սխալներ՝ Ուկրաինայի հետ պատերազմը, սակայն պատերազմը կարճ ժամանակում ավարտելու եւ Ուկրաինային ծնկի բերելու ծրագիրը տապալվեց:

Առաջին սխալին հաջորդեց երկրորդը՝ Հայաստանի եւ Արցախի հարցում Ռուսաստանը գնաց զիջումների: Եթե Արցախի հայաթափումը եւ կորուստը մեզ համար ազգային ողբերգություն է, ապա Ռուսաստանի համար դա տարածաշրջանում իր ազդեցության չափի նվազման հարց է: Կովկասից Ռուսաստանի դուրս մղելու Արեւմուտքի՝ ներառյալ Իսրայելի ծրագիրը, քայլ առ քայլ իրականանում է: Հաջորդը Հայաստան-Իրան հարաբերությունների մակերեսային ու ոչ խորքային վիճակն է»:

Սարգիս Մկրտչյանը կարծում է , որ Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական, գիտակրթական զբոսաշրջային, ռազմական, այլեւայլ ոլորտների համագործակցության մակարդակը կարող էր շատ ավելի բարձր լինել, քան այսօր է: Նրա ձեւակերպմամբ, փոխհամագործակցության խորացմանը լուրջ չեն վերաբերվել երկու երկրների պետական այրերը՝ անցնող տասնամյակների ընթացքում. «Այստեղ առկա են մի քանի պատճառներ. Իրանը Կովկասը համարել է Ռուսաստանի ազդեցության գոտի եւ մտածել, որ այստեղ անելիք չունի կամ Հայաստանից վտանգ չի զգացել, իսկ Հայաստանն էլ անվտանգային առումով ամբողջ հույսը դրել է Ռուսաստանի վրա՝ չհաշվարկելով, որ հավանական է՝ մի օր իրավիճակը կփոխվի: Հաջորդ պատճառը Հայաստանի ժողովրդի մի ստվար զանգվածի մոտ քաղաքական գիտակցության պակասն է, օտար արժեքներով տարվելը եւ ազգայինը մոռացության տալու միտումը, ազգային ծանր ժառանգությունից՝ Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու ցանկությունը, պայքարից խուսափելը եւ դիմադրողականության պակասը»:

Իրանագետի խոսքով. «Հայաստանի եւ հայության ներկա վիճակի գլխավոր պատճառները պետք է փնտրել մեր ազգային դաշտում, հայության կենսագրության, մեր նկարագրի, հոգեբանության եւ արժեհամակարգի մեջ: Իմ կարծիքով լուրջ բան է փոխվել՝ Հայաստանի նկատմամբ Իրանի մոտեցումների մեջ 2020թ 44-օրյա պատերազմից հետո: Իրանում տարբեր տվյալներով ապրում են շուրջ 15 մլն թյուրքախոսներ, գոյություն ունեն պանթյուրքական հոսանքներ, որոնք ներթափանցել են պետական բազմաթիվ հաստատությունների մեջ՝ ներառյալ Իրանի խորհրդարանից մինչեւ արտգործնախարարություն: Իրանցիների հավաստմամբ՝ Բաքվում Իրանի դեսպաններից թերեւս մեկ-երկուսը չեն ընկել պանթյուրքական ազդեցության տակ, գրեթե բոլոր դեսպանները Բաքու հասնելուց որոշ ժամանակ անց սկսել են պաշտպանել Ադրբեջանի շահերը:

2020թ պատերազմից հետո փորձ է արվում այդ պան-թյուրքական գործիչներին կամ այսպես ասած՝ գնված անձանց հեռացնել որոշում կայացնող կենտրոններից: Մյուս կողմից՝ հակառակ այն բանի, որ իրանական շրջանակներն ասում էին, որ ինչքան Հայաստան-Արցախի հետ Իրանի սահմանը երկար լինի, այդքան ավելի լավ, մենք ականատես եղանք, որ 2020թ պատերազմի ժամանակ Արցախի հարցում իրենք գրեթե ոչինչ չարեցին»:

Սարգիս Մկրտչյանը նաեւ հավելեց. «Այսօր Իրանը հայտարարում է, որ Հայաստանի հետ ունի մի քանի հազար տարվա սահման, դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, Հայաստանի հետ սահմանն իր համար կարմիր գիծ է եւ չի հանդուրժելու այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»: Պարզ է, որ Իրանը դա անում էիր ազգային շահերից ելնելով, սակայն Արցախի հետ այդ սահմանի պահպանման համար նրանք որեւէ քայլի չդիմեցին, ինչը խիստ կասկածներ է առաջացնում կարմիր գիծը խախտելու պարագայում նրանց կողմից անելիք գործնական քայլերի վերաբերյալ: Կարծում եմ՝ Իրանը կխուսափի պատերազմից, թերեւս հիմա պիտի փորձեն տարածաշրջանի գլխավոր դերակատարների՝ ՌԴ-ի ու Թուրքիայի հետ որոշ համաձայնությունների գալ, որոշ լուծումների հասնել»:

Իրանագետն անդրադառնալով Սյունիքում հյուպատոսարանի բացմանը եւ Իրանի կեցվածքի փոփոխությանը՝ փաստեց, որ Իրանի կողմից փորձ է արվում Սյունիքում տնտեսական նախագծեր իրականացնել, եւ այդ երկրի էլ ավելի հայամետ լինելուն խանգարում են Իրանում թյուրքախոսների գործոնը, թյուրքախոսների շրջանում պանթյուրքական հոսանքների առկայությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի գործոնը, նրանց կողմից Իրանում ազդեցիկ մարդկանց նյութապես շահագրգռելը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031