Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանք է։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ «Նա պաշտոնապես հանձնել էր Արցախը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Պրահյան համաձայնությունը հնարավորություն էր տվել Ալիեւին հանցավոր կերպով պաշարել Արցախն ու դրանից հետո իրականացնել հայերի էթնիկ զտում։ Արցախի կորուստը դավաճանության հետեւանք է, ուրիշ ոչինչ»,- հայտարարեց Արեգնազ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն ու միտումնավոր Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ մինչեւ այդ քանդելով մեր երկրի անվտանգային ճարտարապետությունը։
«Պաշտոնական Երեւանի կողմից հայ-իրանական եւ հայ-ռուսական հարաբերությունների փչացումը ձեռնտու էր միայն Թուրքիային ու Ադրբեջանին։ Վերջիններս շտապեցին օգտվել այդ իրավիճակից, ու հիմա մենք ունենք համազգային ողբերգություն։ Եթե որոշ ժամանակ առաջ կար բանավեճ, թե Փաշինյանը հակապետական քաղաքականություն է վարում անգրագիտության, թե դիտավորության արդյունքում, ապա հիմա այդ վեճն այլեւս ավարտվել է, քանզի հնարավոր չէ այդքան սխալ իրար հետեւից կատարել ու չանել հետեւություններ։ Խոսքն այլեւս դիտավորության մասին է։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության պահպանման ու անձնական անվտանգության ապահովման տարբերակը տեսնում է Հայաստանը թուրքական ազդեցության տակ մտցնելով»,- ասաց նա։
Պատգամավորը հարցադրում արեց՝ ո՞ւմ է ձեռնտու հայ-ռուսական հարաբերությունների փչացումն այս փոթորկալից ժամանակներում, հաստատ ոչ Հայաստանին։ «Հակառուսական քաղաքականության դրսեւորումներից է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Դա ուղղակի հարված է հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին։ Այդ գործընթացն ուղղված է անձամբ ՌԴ նախագահ Պուտինի դեմ։ Թե ինչ է շահելու այդ ստատուտի վավերացումից Հայաստանը, հայտնի չէ, հայտնի են սակայն վնասները։ Ու չնայած այս ամենին, Փաշինյանն ու իր թիմակիցները գնում են այդ քայլին։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է միտումնավորությունն ու դիտավորությունը, ինչն էլ եւս մեկ անգամ հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է։ Եվ մեզանում ամբողջական իշխանափոխությունն այլընտրանք չունի»,- հավելեց Արեգնազ Մանուկյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ