Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ալիեւյան սեւ ցուցակները, որոնց մասին խոսվում է, ըստ էության վերաբերում են ամբողջ հայ ժողովրդին»

Հոկտեմբեր 03,2023 17:22

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ցույց տալով պատերին փակցված քաղաքական եւ ռազմական գործիչների նկարները, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի կամ Հայաստանի բանտերում, ասաց, որ շուտով, թերեւս հարկ լինի ամբողջ հայ ժողովրդի նկարները փակցնելու: «Ստացվող տեղեկությունները եւ անհանգստությունները, թե Արցախում ձերբակալվում են գեներալներ, ԱԱԾ տնօրեն, որ ադրբեջանական բանտեր տարվածները խոշտանգվում են, Արցախի նախագահները պատանդի կարգավիճակում են գտնվում, Հայաստանում էլ այդպես չի՞: Բա այս նկարները ի՞նչ են վկայում: Գրիգորի Խաչատուրովը բանտում չէ՞, Միքայել Արզումանյանին Հակարիի կամրջի՞ն են բռնել: Միքայել Արզումանյանը մտել է Հայաստան եւ Գորիսում են բռնել: Այդ ժամանակ Հակարիի կամրջին անցակետ չկար: Գրիգորի Խաչատուրովին այստեղ չեն բռնե՞լ: Գեներալ Մանվել Գրիգորյանին Հակարիի կամրջի՞ց են բռնել, բանտում չեն խոշտանգե՞լ: Գեներալ Մանվելը, որ հիվանդ մարդ էր, ազատազրկման հետեւանքով չի մահացե՞լ: Նրա մեղքը ապացուցվե՞լ է: Այս պահին մեր բանակի քանի՞ գեներալ, մայորի եւ ավելի բարձր զինվորական կոչում ունեցող հազարավոր սպաներ որեւէ դատավարական կարգավիճակ ունեն: Գոնե վկայի, եթե ինքը մեղադրյալ չի: Տեսեք քանի երիտասարդ, մարտունակ գեներալ կա, որ հիմա պաշտոնազրկվել է: Օրինակ, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյան: Գնդի հրամանատար է եղել, կորպուսի հրամանատարի տեղակալ , ՊՆ-ում վարչության պետ, միացյալ զորախմբի հրամանատար՝ գիտելիքներ ունեցող եւ փորձառու հրամանատար: Ու քանի՞ այդպիսիները կան: Զորացրել են ու ասում են՝ բանակից հեռու: Այս բանակում պետք է ձեւավորվի կանանց գումարտակ եւ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը անձամբ գնում, մասնակցում են 20-25 տարեկան աղջիկների պիկնիկի»-ասաց Էդգար Ղազարյանը:

Նա խնդրահարույց համարեց Արցախից բռնի տեղահանվածների պետական աջակցության ծրագիրը: «Այսօր պետական աջակցության քաղաքականությունը մի նպատակ ունի. այս մարդիկ Երեւան չգան: Իրենց ասած պետական աջակցության ծրագրով Երեւանում աջակցությունը զրո է: Արցախի ոչ մի ընտանիք պետության ուղղորդմամբ Երեւան չի եկել: Ավելին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը համակարգում է աջակցության գործընթացը, ասում է, որ Երեւան քաղաքում բնակարանների փոխհատուցում չի իրականացվելու։ Այսինքն, Երեւանից հեռու: Ու դեռ մի բան էլ համացանցում գրառումներ են արվում, որ եթե արցախահայերից մեկը գնաց, մասնակցեց ցույցի, օգնությունից կզրկվի:

Հիմա՝ օգնության մասին: Սա գրասենյակ է, որի մակերեսը քաղաքի կենտրոնում արժեք է, ենթադրենք $ 150 հազար: Այստեղ կա երեւի $ 10 հազարի գույք՝ սեղան, աթոռ, տեսախցիկ, սառնարան եւ այլն: Դե, պատկերացրեք, որ պետք է արագ փախչեք ու անգամ արժեքավոր իրերը վերցնելու ժամանակ չեն տալիս: Տասնյակ հազարավոր արցախցի ընտանիքներ այդ վիճակում են հայտնվել, յուրաքանչյուր ընտանիք տասնյակ հազարավոր դոլարների վնաս է կրել: Ու հիմա ասում են՝ ամեն մեկին միանվագ 100 հազար դրամ աջակցություն է տրամադրվելու:

Ստեփանակերտի նման լուսավոր երկրորդ քաղաք ես չեմ տեսել: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի աուրան ոչ մի ուրիշ քաղաքում չկար: Իսկ այսօր Ստեփանակերտը սարքել են դժոխք, ուրվական քաղաք:

Ինչ-որ ալիեւյան ցուցակների մասին են խոսում: Իրականում դա հայ ժողովրդի ցուցակն է: Լեւոն Մնացականյանին ինչի՞ մեջ են մեղադրում: Տեռորիստական կազմակերպության ղեկավար լինելու մե՞ջ: Այսինքն, Արցախի պաշտպանության բանակը ադրբեջանցիները համարում են տեռորիստական կազմակերպություն, որը Լեւոն Մնացականյանը ղեկավարել է: Դո հիմա թող յուրաքանչյուր հայ մարդ հիշի, թե իր ընտանիքից, հարազատներից ով է ծառայել Արցախի բանակում: Ուրեմն, ըստ համատեղ ցուցակի բոլոր այդ մարդիկ համարվում են ահաբեկչական կազմակերպության անդամներ: Ու թող որեւէ մեկը չմտածի, թե դա Լեւոն Մնացականյանին վերաբերում է, իսկ իրեն չի վերաբերում:

Ռուբեն Վարդանյանին ասում են, թե նա ֆինանսավորել է ահաբեկչական կազմակերպություն, փող է տվել Ղարաբաղին: Հետեւաբար, «Հայաստան» համահայկական հիմնադրամին պատմության ընթացքում հանգանակություն կատարած ցանկացած մարդ Ռուբեն Վարդանյանի հոդվածով մեղադրվում է:

Ասում են՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի պետական սահման է հատել: Այս ընթացքում Հայաստանից քանի՞ մարդ է գնացել Արցախ: Ստացվում է՝ նրանք բոլորը ապօրինի սահմանահատում են արել այնպես, ինչպես Ռուբեն Վարդանյանը»-ասաց դիվանագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031